Բաժիններ՝

Ե՞րբ քաղաքացիներն իրենց կյանքում փոփոխություններ կտեսնեն. Պատասխանում է նախարար Խաչատրյանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում անդրադարձավ տարվա առաջին 7 ամիսներին արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշներին՝ 2019-ի հուլիսը 2018-ի հուլիսի համեմատ՝ 8.1%, հունվար-հուլիսը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 6.8% աճ, և հատկապես կարևորեց հուլիսի դրությամբ արտահանման 19.5% աճը:

«Մենք մինչև հունիս ամիսը ներառյալ ունեինք պաշտոնական տվյալներով արտահանման ծավալի զիջում նախորդ տարվա 6-ամսյա ժամանակահատվածի առնչությամբ»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ օպերատիվ տվյալները հուշում են, որ շարունակվում են վերամշակող արդյունաբերության զարգացման բավականին լավ միտումները՝ կոնյակ, ծխախոտ, շոկոլադ, սարքեր, ոսկերչական արտադրանք. «Այնպես որ, վերամշակող արդյունաբերության միտումները հուսադրող են»:

Երկնիշ տնտեսական աճի հնարավորության վերաբերյալ նախարարը նշեց, որ վերջին տարիներին չենք զարմանում 6-8% տնտեսական աճից, բայց ամեն ինչ կախված է տնտեսության մեջ ներդրումների ծավալի աճից, և կառավարության ռազմավարական անելիքների շրջանակը լինելու է տնտեսության տարբեր ոլորտներում արտադրողականության բարձրացմանն ուղղված ծրագրային աջակցությանը:

Տ.Խաչատրյանը նշեց, որ այսօր որոշվել է՝ Արարատյան դաշտավայրում ձկնարտադրության արտադրողականությունը բարձրացնելու և ավելի ժամանակակից մեթոդներով ջրօգտագործման համար, կառավարությունը, բացի սարքավորումների լիզինգի համար առ այսօր սահմանված տոկոսագումարի 2/3-ը սուբսիդավորելու քաղաքականությունից, հայտարարեց նաև, որ պատրաստ է ամբողջ սարքավորման արժեքի 10% սուբսիդավորման եղանակով վճարել. «Սա մեկ օրինակ, որտեղ մենք խրախուսում ենք տեխնոլոգիական վերազինումը»:

Նախարարը տեղեկացրեց, որ ՄԱԿ կառույցներից մեկի հետ համատեղ իրականացնում են ներդրումային միջավայրի գնահատում, պետք է վեր հանվեն տնտեսության արագ աճի պոտենցիալ ունեցող ճյուղերը, որոնք միջնաժամկետում կարող են ձգտել միլիարդ դոլար և ավելի ծավալների:

Հարցին՝ քաղաքացիներն իրենց կյանքում ե՞րբ կտեսնեն փոփոխությունները, Տ.Խաչատրյանը նշեց, որ տնտեսության աճը ենթադրում է ավելի շատ թվով ձեռնարկություններ, որոնք արտադրում և իրականացնում են արտահանումներ,  իսկ ավելի շատ ձեռնարկությունները նշանակում է՝ ավելի շատ աշխատող քաղաքացիներ: Նրա խոսքով՝ ոսկեգործությունը 30%-անոց աճ է արձանագրել, ոլորտի 4-5 ձեռնարկություններ կայուն դիրք ունեն միջազգային շուկայում, այդտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, որոնք անցյալում չունեին այդ աշխատանքի հնարավորությունը: Այսինքն, նրա հավաստմամբ, միջին վիճակագրական քաղաքացին այսօր ավելի լավ է ապրում: Նա հորդորեց նայել աշխատավարձի աճի վիճակագրությունը:

Տ.Խաչատրյանը նշեց, որ Երևանի շոկոլադ արտադրող ձեռնարկությունը մեծ հաջողություններ է արձանագրում, 200 աշխատատեղ ունեին, շուտով ևս 100-ը կավելանա:

Ընդհանուր աշխատատեղերի թիվ նախարարը չհնչեցրեց, նշեց, որ կհրապարակեն տարեվերջին:

«Մակրոտնտեսական առումով մենք դեռևս գտնվում ենք մի վիճակում, որը մեզ չի բավարարում»,- ասաց նա՝ հավելելով, որ անցած տարի ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումները 17% էին, որը երկարաժամկետ կայուն աճ ապահովելու համար բավարար չէ, և պետք է ձգտեն այդ ցուցանիշը հասցնել 23%-ը գերազանցող մակարդակի: Տ.Խաչատրյանի կարծիքով՝ այդ նպատակին են ձգտում տնտեսվարողներին տրվող արտոնությունները, արտադրողականությունը բարձրացնող կիրառվող գործիքները. «Մենք պետք է աջակցենք, որ տնտեսվարող սուբյեկտները փոխեն իրենց մտածողությունը, լավատեսորեն վերաբերվեն վաղվա օրվան, գնան այն ծախսերին, որ անհրաժեշտ է ավելի մրցունակ դառնալու համար, կատարեն ներդրումներ, և, իհարկե, արդարանան մարդկանց այն հույսերը, որ կապված են նրանց բարեկեցության հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս