Բաժիններ՝

«Ներդրողներին դրական ազդակներ են փոխանցվում». Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությանը, որ բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3», ասաց, որ դա կարևոր է, բայց որպեսզի դա բյուրեղացվի, նրա խոսքով՝ չափազանց կարևոր է նաև կոնկրետ ներդրումային նախագծերի առաջարկները և կոնկրետ ներդրումային գրավչությունն ավելի մեծացնելը, ինչին էլ, ըստ Մանուկյանի՝ ուղղված է Հարկային օրենսգրքի որոշակի փոփոխությունը, որը հավելյալ մրցունակություն կավելացնի հատկապես արտահանման կողմնորոշում ունեցող ձեռնարկությունների համար:

«Այնտեղ մի քանի առանցքային ուղղություններ կան՝ մակրոտնտեսական կայունություն, ֆինանսական շուկաների կայունություն, և, ինչո՞ւ չէ, նաև ֆիսկալ հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսելիություն: Այս համատեքստում, այն դրական հեռանկարները, որոնք նախատեսվում են, չափազանց կարևոր են հենց հիմա, որովհետև ի տարբերություն նախկինի, եթե նույնիսկ ֆորմալ համահունչ վարկանիշներ ենք ունեցել, հիմա ունենք կարևոր գործիք, որով շփվում ենք աշխարհի հետ՝ պարտատոմսերի թողարկումը: Դա նշանակում է, որ մենք կարող ենք ակնկալել պարտատոմսերի տոկոսադրույքների է՛լ ավելի նվազ պայմաններ, քան նախկինում, ինչն էլ նշանակում է, որ մեր հարկատուները, մենք բոլորս այդ նույն պարտատոմսերի սպասարկման համար որոշակիորեն ավելի քիչ գումար պետք է վճարենք, քան կվճարեինք, եթե գտնվեինք ավելի բարձր ռիսկային գոտում»,- ասաց Մանուկյանը:

Հաջորդ կարևոր բաղադրիչը, ըստ նրա՝ այն է, որ ներդրողներին դրական ազդակներ են փոխանցվում. «Տարածաշրջանում ներդրողների մրցակցություն է գնում, և այս համատեքստում, ինչպես Վրաստանը, այնպես էլ Ադրբեջանը, որոշակիորեն մեզանից ավելի բարձր դիրքերում էին գտնվում: Հիմա այս որակական փոփոխությունով մենք մի քայլ ավելի մոտեցանք դրան, և չափազանց կարևոր է, որ այդ զեկույցում խոսվում է միջնաժամկետ հորիզոնների մասին, այսինքն՝  5-6 տոկոս տնտեսական աճի մասին: Սրանք լուրջ ազդակներ են»:

Մանուկյանի խոսքով՝ 2006թ. «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունն ավելի բարձր գնահատական է տվել Հայաստանին. «Բայց եթե ուսումնասիրեք ֆինանսատնտեսական ճգնաժամը, ապա, ըստ էության, դա բերեց նրան, որ տնտեսությունը խոր անկում գրանցեց, «Մուդիզի» գնահատականն  էլ էր դրա մասին խոսում: 2013թ. շտկում կար, դրանից այնտեղ ավելի շատ նեգատիվ հեռանկարներ էին կանխատեսվում, վերջին երկու տարիներին այս առումով որոշակիորեն լճացում էր, այսինքն՝ գրեթե նույնն էր, ոչ մի էական փոփոխություն չկար, և այստեղ չափազանց կարևոր է, որ այս նոր գնահատման մեջ վեկտորի տեսանկյունից արձանագրվում է, որ հետագայում ավելի դրական փոփոխություններ կլինեն:

Ինձ համար կարևոր է այն, որ սա նաև տեսանելի է արտաքին խաղացողների համար: Այս կոնտեքստում, իհարկե, սրանից հետո չենք կարող միանգամից ակնկալել ներդրողների աճ, դրա համար պետք է հավելյալ աշխատանք տանել, բայց ըստ վարկանիշի՝ այնտեղ երկրները դասակարգվում են նաև սպեկուլյատիվ կամ ավելի բարձր ռիսկայնությամբ:

Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանն այդ դաշտում են գտնվում: Այն երկրների համեմատությամբ, որոնց հետ մրցակցում ենք, մենք ավելի կայուն ենք, և, որ ամենակարևորն է՝ եկամուտներ գեներացնելու երկարաժամկետությունը նույնպես ամրագրվում է: Այսինքն՝ մի կողմից մենք ունենք որպես արտաքին աշխարհում պարտատոմսերի առումով է՛լ ավելի կայուն գործընկեր լինելու ազդակ, որը կազդի տոկոսադրույքների վրա, մյուսը՝ ներդրողների համար է՛լ ավելի կայուն գործընկեր լինել: Այս երկրների հետ համախմբի մեջ սա հավելյալ արտոնություն է, որովհետև ներդրողները, սովորաբար, ուղղորդվում են հենց այս վարկանիշներով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս