ԵԱՏՄ-ն և Իրանը հոկտեմբերից անցում կկատարեն արտոնյալ պայմաններով առևտրի իրականացմանը
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սանային օգոստոսի 28-ին ԵՏՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ձևավորող ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտման հարցերը։
Ըստ ձեռքբերված համաձայնության արդեն 2019 թվականի հոկտեմբերի 27-ից ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը կսկսի գործել։
«ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարել են, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորումը առաջնային է ԵՏՀ գործունեության շրջանակներում։ Սա նշանակում է, որ նրանք մեզ տվել են մանդատ՝ բանակցելու մեր իրանցի գործընկերների հետ: Եվ այսօր մեզ համար մեծ օր է, քանի որ մենք ստացել ենք պաշտոնական հաստատում, որ փաստաթուղթը ուժի մեջ կմտնի շատ շուտով», – նշել է ԵՏՀ Խորհրդի նախագահը:
Մեհդի Սանային կարևորել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, մասնավորապես՝ Տիգրան Սարգսյանի մեծ ներդրումը վերջնական արդյունքի հասնելու գործում: «Իրանի համար սա նաև շատ կարևոր պայմանագիր է, որը ես վստահ եմ, որ մեծ օգուտներ կբերի մեր ժողովրդին և մեր երկրի տնտեսությանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներին: Բանակցությունները հեշտ չէին, բայց այժմ դրանք հաջողությամբ ավարտվել են: Համաձայնագիրը ստորագրվում և վավերացվում է: Արդյունքն ակնհայտ է», – ասել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը, այդ թվում` համաձայնագրի իրագործման ուղղությամբ: Բացի այդ, գործարար երկխոսության աշխատանքի ձևաչափով սկսվել է նաև մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացման շուրջ երկխոսությունը, որի արդյունքում նույնպես նախատեսվում է կնքել համաձայնագիր:
Մեհդի Սանային առաջարկել է Իրանում ԵՏՀ-ի հետ համատեղ անցկացնել գործարար համաժողով, որպեսզի իրանցի ձեռնարկատերերին ներկայացվի ԵԱՏՄ ընդհանուր շուկայում առևտուր իրականացնելու առավելությունները: