Բաժիններ՝

«Այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ կապիտալ ներդրումների ծավալի տեմպի հետ խնդիր ունենք». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից «Ba3» բարձրացնելու փաստին:

«Սպասված իրադարձություն է, այսինքն՝ 2006-ից ի վեր ՀՀ սուվեն վարկանիշը չէր բարձրացվել»,- նկատեց վարչապետը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «Մուդիզ», «Ստանդարտ ընդ փուրս» և «Ֆիտչ» վարկանիշային կազմակերպությունները միասին ստեղծում են միջազգային ներդրումային հանրության մոտ կարծիք և սպասումներ տվյալ երկրում մակրոտնտեսական քաղաքականության հուսալիության վերաբերյալ:

Ըստ նրա՝ այն փաստը, որ 2013 և 2015թթ. 2 անգամ իջեցվելուց հետո այսօր վարկանիշը բարձրացվում է, նշանակում է, որ դրական են ընկալվում փոփոխությունները և սպասումներ են ձևավորվում, որ առաջիկայում զարգացման հեռանկարները գնահատվում են կայուն:

Տ.Խաչատրյանի խոսքով՝ կարևոր են մակրոտնտեսական կայունության հարցերը, որ վերաբերում են հարկային քաղաքականության, դեֆիցիտի, պարտքի և այլ գործոնների հանրագումարին, նաև պակաս կարևոր չեն այն բարեփոխումները, որ կառավարությունն իրականացնում է իր որդեգրած քաղաքականությամբ:

Նա տեղեկացրեց, որ «Մուդիզի» ներկայացուցիչների հետ քննարկել են, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում մրցակցության և արտադրողականության աճերին, քննարկել են ծառայությունների, զբոսաշրջության ոլորտներում փոփոխությունները, խոսել են նաև այն մասին, որ հարկային եկամուտների ավելացումը տեղի է ունենում վարչարարության արդյունավետության բարձրացման արդյունքում, հավասար մոտցումներ են կիրառվում բոլոր տնտեսվարողների հանդեպ, այսինքն՝ տնտեսությունն այլև չի վախենում կոռումպացված կառավարման համակարգից, պետության հավասար մոտեցումները, հարկերի մակարդակը ազդեցություն ունեն ներրդրողների վրա և ազդեցություն ունեցել են վարկանիշի վրա:

«Չափազանց կարևոր է, որ մենք ունենք միտում, այսինքն՝ գտնվում ենք վերելքի վրա: Եվ սա չի կարող ազդեցություն չթողնել նոր ներդրողների վրա»,- ասաց նախարարը:

ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի խոսքով՝ այս վարկանիշով արձանագրվել է, որ տնտեսության կախվածությունը տրանսֆերտներից և արտաքին շոկերից ՀՀ դիմադրողականությունը բարձրացել է, աճի հաջորդ փուլը հնարավոր է աֆտոնոմ ներդրումներով ուղղորդվի:

Ն.Երիցյանը նշեց, որ բարելավումը հնարավոր է շատ արագ լինի, եթե կառավարությունն իր հայտարարած ռեֆորմները իրականացնի, հատկապես հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում և դատաիրավաական համակարգի բարեփոխումների մասով, և «Մուդիզն» արձանագրել է, որ բարեփոխումները հնարավոր է շարունակվեն:

Նա նկատեց, որ վարկանիշ տալիս են ոչ միայն սուվերեն, այլ մի քանի տարբեր ուղղությամբ, այդ թվում՝ ազգային արժույթով, որով ՀՀ-ն տարածաշրջանում ամենաբարձրն է:

ԿԲ փոխնախագահը ամենակարևոր մեսիջ անվանեց այն, որ ՀՀ-ն պատրաստվում է եվրոպարտատոմսերը վերթողարկելուն, սա նշանակում է, որ գնի նվազում կլինի միջազգային շուկաներում. «Խոսքը գնում է տասնյակ միլիոնավոր դոլարների մասին վերաթողարկման ժամանակ»:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ՀՀ զարգացմանը զուգընթաց ավելի անհասանելի է դառնալու արտոնյալ պայմաններով միջոցների ներգրավումը, քանի որ պակաս ռիսկային երկիր ենք:

Ըստ նրա՝ ծրագրերի ապահովումն է գնահատվում որպես հեռանկար:

Նա տեղեկացրեց, որ եվրոպարտատոմսերի ֆինանսավորման համար բոլոր տարբերակները գնահատում են, և այդ առումով երկրի վարկանիշը չափազանց կարևոր է:

Ա.Ջանջուղազյանը նշեց, որ այս վարկանիշի մեջ կա կանխավճարի մաս. «Ենթադրվում է, որ մեր ներդրած ջանքերով արձանագրենք այն վիճակը, որ որպես սպասում ձևավորվել է»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ սա կազդի նաև վարկային տոկոսադրույքների վրա, և դրանք հայկական շուկայում կնվազեն, նաև միջազգային շուկաների հասանելիությունն ավելի մոտենում է դեպի հայկական հատված:

Ն. Փաշինյանը նշեց, որ վերջին տարվա ընթացքում դրամով վարկերի տոկոսադրույքները նվազել են 3%-ով, դոլարով՝ 1%-ով:

«Ոչ մի պատճառ չկա բարեփոխումների կուրսը չիրականացնելու: Հուլիսին ունենք լավ ցուցանիշներ, տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1%»,- ասաց Ն.Փաշինյանը՝ թվարկելով արդյունաբերության, շինարարության, առևտրի, ծառայությունների, աշխատավարձերի, արտահանման աճերը:

Նրա խոսքով՝ տարվա առաջին 7 ամիսների կտրվածքով կրկին տնտեսական ցուցանիշների աճի տեմպն ավելացել է:

«Կարծում եմ՝ այս տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ իսկապես երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ոլորտից չէ: Այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ կապիտալ ներդրումների ծավալի տեմպի հետ խնդիր ունենք, որը եթե լուծված լիներ, իհարկե, մեր այսօրվա տնտեսական ցուցանիշները շատ ավելին կլինեին:

Իհարկե, սրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ հիմա ամենակարևոր աշխատանքը պետք է լինի 2020 թ. կապիտալ ծախսերի պատճաշ կարգավորումը, մրցույթների, պայմանագրերի կնքման, աշխատանքների ճիշտ կազմակերպումը:

Նա նկատեց, որ պետք է նախատեսել, որ հընթացս կարող են ավելանալ հավելյալ միջոցներ և շաբաթներով չպետք է սպասեն՝ քննարկելու, թե ինչպես դրանք ծախսեն, այլ պետք է սեղանին պատրաստի նախագծեր լինեն.

«Ցանկացած լավ նորություն իր հետ բերում է որոշակի լարվածություն և կարևոր է, որ այս լավ նոր տեմպն ու տրամադրությունը չկորցնենք, և դրա համար կա մի ճանապարհ՝ աշխատել, աշխատել ու աշխտել: Սա յուրաքանչյուր նախարարի գնահատականն է, լինելու, թե ինչքանով է նրա աշխատանքն արդյունավետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս