Բաժիններ՝

«Դա նշանակում է, որ կա դրական դինամիկա և ազդակ ներդրողներին, չնայած այս Ամուլսարի հետ կապված վայրիվերումներին, ներքին խժդժություններին». Ատոմ Մարգարյան

Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության վարկանշի բարձրացումը տալիս է ներդրումային գրավչության ավելի բարձր մակարդակ։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով 2006 թվականից ի վեր առաջին անգամ Moody’s-ի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության արտարժույթով և ազգային արժույթով սուվերեն վարկանիշը մեկ մակարդակով՝ B1-ից Ba3 բարձրացմանը։

«Դա նշանակում է, որ կա դրական դինամիկա և ազդակ ներդրողներին, որոնք մտադրություն ունեն ներդրումներ իրականացնել Հայաստանում, չնայած այս Ամուլսարի հետ կապված վայրիվերումներին, ներքին խժդժություններին։ Մյուս կողմից՝ դա ազդակ է ինստիտուցիոնալ դոնորներին՝ Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, նրանց դուստր կառույցներին, որ մակրոտնտեսական վիճակը ՀՀ-ում կայուն է, և դրական դինամիկան տրենդի մեջ է»,- ասաց Ա.Մարգարյանը։

Ըստ նրա՝ «Moody’s»-ը գործակալություն մասնավոր կառույց է, վերջին սահմանային գնահատականը չէ, և յուրաքանչյուր ներդրող համադրում է բոլոր աղբյուրների կողմից տրվող գնահատականները՝ «Fitch», «Standard and poor», տարբեր ռեյտինգային կազմակերպություններ։

Ա.Մարգարյանի խոսքով՝ ներդրողի համար կարևոր է առաջին հերթին ներդրումային մթնոլորտը և, թերևս, հակակոռուպցիոն տրամաբանության մեջ այդ գործոններն աշխատել են, և ռեյտինգային կազմակերպություններն արձագանքել են դրան։

Դիտարկմանը, որ տարբեր մասնագետներ հաճախ նշել են, որ Հայաստանի ներքին ռեսուրսները բավարար են ներդրումների համար, բանկերում գումար կա, բայց բիզնեսի կողմից պահանջարկը մեծ չէ, Ա.Մարգարյանը պատասխանեց, որ դա շատ հարաբերական է.

«Գումարի տակ պետք է լինեն ծրագրեր, իշխանությունների քաղաքականության համապատասխան գործիքակազմեր, որի մեջ առաջին հերթին հարկային քաղաքականությունն է, որը դեռ ինչ-որ տեղ անորոշությունների դաշտում է, որոշումները կայացված ու քվեարկված են, բայց հավանաբար մյուս տարվանից ամբողջ ծավալով կկիրառվեն։ Դա անհրաժեշտ պայման է։ Ներքին աղբյուրների զգալի մասը ներդրվում է պետական պարտատոմսերի մեջ, որ պետական քաղականության շրջանակում է, և նշանակում է, որ ներդրողները, հիմնադրամները, բանկերն իրենց ներդրումներն ուղղեն ռեալ սեկտոր, որպեսզի ստեղծվեն նոր ձեռնարկություններ ու նոր աշխատատեղեր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս