«Ես ուզում եմ, որպեսզի վերջնական որոշումը հնչի Նիկոլի շուրթերից, այն որոշումը, որի համար ինքը կկրի պատասխանատվություն». Արմեն Աշոտյան

«Մեզ համար Ամուլսարի հարցն ունի մի քանի կարևորություն: 1-ին` տարիներ շարունակ գոյություն ուներ մարդկանց ազնիվ խումբ, որոնք ունեին հանքի շահագործման հետ կապված բնապահպանական մտահոգություններ: Տարիներ շարունակ Հայաստանի ընդդիմությունը, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, այդ մարդկանց մտահոգություններին տալիս էր քաղաքական շահարկումներ. Մեղադրում էին նախորդ իշխանություններին կոռուպցիոն գործարքների, խախտումների մեջ: Մեզ համար ամենակարևոր հետևությունը սա է. Քննչական կոմիտեն, քննելով այս բոլոր նյութերը, փաստացի և դե յուրե հայտարարում է, որ նախորդ իշխանությունների գործունեության հետ կապված` Ամուլսարի հետ կապված` ոչ կոռուպցիոն խնդիրներ են եղել, ոչ էլ կոպիտ բնապահպանական խախտումներ: Մենք ակնկալում էինք, որ Նիկոլ Փաշինյանը գոնե այդ մասով «տղավարի կասի` ժողովուրդ, Սերժենց մասին որ ասում էի, էս մեկն էլ է սուտ»»,- 24News-ի եթերում երեկ հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` վստահ լինելով, որ իշխանությունները մանրադիտակով են փնտրել որևէ խախտում, և եթե այդպիսին լիներ, կհայտարարեին անպայման:

Նա կարծում է, որ, եթե այդ տիրույթում նրանք մի բան գտնեին նախկին իշխանությունների խախտումների մասով, իրենց կարող էին ավելի ամուր զգալ Ամուլսարի շահագործումը մերժելու հարցում:

«Մի կողմից, իհարկե, կա տնտեսական հեռանկար, մյուս կողմից՝ կան բնապահպանական ռիսկեր: Մեր տարիներին դրանք դիտարկվում էին՝ որպես կառավարելի: Նիկոլ Փաշինյանը 1,5 տարի հետո, ծախսելով լրացուցիչ 400 000 դոլար, ոստիկանական բիրտ ուժ կիրառելով իր իսկ նախկին թիմակիցների նկատմամբ, փակելով մեծ շուքով հոկտեմբերի 2-ին բացված ԱԺ դարպասները, էլի եկավ նույն եզրակացության, որ բնապահպանական ռիսկերը կառավարելի են: Ինձ համար հասկանալի չի լինի, եթե Կառավարությունը փորձի այս հարցի պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա, այսինքն` հանրաքվեի գաղափարը, որպես քաղաքական առաջարկ մեր դաշնակցական գործընկերից, որպես փաստ` ընդունելի է, բայց հուսով եմ՝ այս կառավարությունը չի ստորագրի իր քաղաքական մահախոսականը: Որովհետև եթե մի տարի առաջ 70 տոկոս ձայն  ստացած կառավարությունը չունի կամք` լուծելու նման թնջուկ, և պատասխանատվությունը գցում է, այսպես կոչված, «պողոսների» վրա, սա նշանակում է քաղաքական ինքնասպանություն, որ դու այլևս լեգիտիմ չես, չունես այդ մանդատն այլևս»,- նշում է Արմեն Աշոտյանն ու հավելում, որ այս իրավիճակում նահանջել էլ չի կարելի:

Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի պաուզա է վերցրել, որովհետև իր 84 րոպեանոց լայվից հետո տեսավ մարդկանց, նաև իր թիմակիցների արձագանքը, մնաց մենակ, և երբ իրենք ասում էին, որ Փաշինյանն անորակ թիմ է բերել, իրենց քննադատում էին, այնինչ հիմա տեսնում են, որ այդ թիմը ոչ միայն պետության հարցերը չի կարողանում լուծել, այլև իր սիրելի, պաշտելի վարչապետին չի կարողանում պաշտպանել:

«Կարծիքների տարբերություն պետք է լինի ֆրակցիայի ներսում, բայց եթե կայացվում է քաղաքական որոշում, թիմը պետք է այդ որոշումը պաշտպանի: Եթե որոշումը կայացնելուց հետո թիմի որոշ հատվածներ շարունակում են պնդել իրենց կարծիքը, ապա պետք է թողնեն-գնան: Եթե այս որոշումը կյանքի չկոչվի, ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե Փաշինյանը ոնց է դուրս գալու տակից, որովհետև այս «բոլոլան» ինքն է եփել: Այս սպասումները, որ Ամուլսարը չի շահագործվելու, ինքն է առաջացրել»,- նկատում է ԱԺ նախկին պատգամավորը, և քաղաքական որոշում պիտի կայացնի մարդը, ում ժողովուրդը ձեռքերի վրա բերեց ու նրան տվեց իշխանությունը:

Ա. Աշոտյանը չի վիճարկում այն, որ դժվար հարց է, բայց քանի որ նախկիններն ըստ էության մեղավոր էին, վարչապետը պետք է կրի քաղաքական պատասխանատվությունը:

«Իշխանությունը միայն քեզ հետևող մեքենաների շարասյունը չէ, ուղղաթիռը չէ, Սևանի կառավարական ամառանոցը չէ, իշխանությունը ընտանիքով պետական կառավարական ինքնաթիռով Բրյուսել գնալ-զբոսնելը չէ միայն: Իշխանությունը որոշում կայացնելու և այդ որոշումը կյանքի կոչելու ունակությունն է: Ես ուզում եմ, որպեսզի վերջնական որոշումը հնչի Նիկոլի շուրթերից, այն որոշումը, որի համար ինքը կկրի պատասխանատվություն»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ըստ ՀՀԿ փոխնախագահի` ցանկացած որոշման համար պատասխանատվություն պետք է կրի Նիկոլ Փաշինյանը: Այսինքն` եթե շահագործումը շարունակվում է, ապա հետագա զարգացումների պատասխանատվությունը` քաղաքացիական դժգոհություններ, քաղաքական զարգացումներ, պառակտումներ, բախումներ, պիտի կրի ինքը: Իսկ եթե որոշումը չի կայացվում, և վարչապետը գերադասում է իր անձնական նեղլիկ վարկանիշը երկրում պահել, բայց գցել երկրի վարկը դրսում` Համաշխարհային բանկ, Եվրոպական միություն, ԱՄՀ, այլ ներդրողներ, ապա այդ որոշման պատասխանատվությունն էլ պետք է կրի ինքը, քանի որ ինքն էր ասում`«եթե Հայաստանի վարչապետը ես չլինեմ, Հայաստանը վարչապետ չի ունենա»:

«Դու ես վարչապետը: Որոշում կայացրու: Եթե դու հիմա Ամուլսարի հարցով որոշում չես կարողանում կայացնել, ապա, Աստված մի արասցե, եթե վաղը պատերազմական գործողություններ լինեն, դու`որպես գերագույն գլխավոր հրամանատար, այսպե՞ս ես զորքը, մեր երկու հայկական պետությունների պաշտպանությունը ղեկավարելու:  Մեկ քայլ առաջ, երկու քայլ հե՞տ: Ամուլսարը սթրես թեստ է. արդյո՞ք պետական գործող ապարատը վերից վար, Նիկոլ Փաշինյանից մինչև ամենավերջին քայլած մարդը, ունակ է պետության ճգնաժամային կամ նախաճգնաժամային կառավարման»,- նշում է Արմեն Աշոտյանը:

Վերջինս ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ազգային ժողովի նախագահն իր վրայից հեռացնում է պատասխանատվությունը մի քանի դրվագներով, և երբ ԱԺ-ին ինքը վերագրում է միայն վերահսկողական գործառույթներ, այստեղ կա մեծ խորամանկություն, սակայն բանն այն է, որ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ներկայացնում է իշխող քաղաքական ուժը, հետևաբար՝ ԱԺ-ի մեծամասնությունն ունի նախ՝ քաղաքական պատասխանատվություն, ապա նոր` վերահսկողական: Եվ սա նույնպես իշխանության երերալու նշան է:

«Վերջին 15 օրվա գործընթացն ինձ մոտ տպավորություն է ստեղծել, որ ձին կապել են սայլի հետևից: Շատ խառն է ինչ-որ ամեն ինչ: Եթե վարչապետին հետաքրքիր էր ջերմուկցիների կարծիքը, ապա նա պետք է գնար տարածաշրջան, շփվեր նրանց հետ, հետո նոր կենդանի եթերով իր այդ ժամանակվա որոշումն ասեր: Եթե կան բնապահպանական էֆեկտիվության, կառավարելիության կասկածներ, ապա ինձ համար զարհուրելի էր վարչապետի այն գրառումը, որ փակ նիստ ենք անում, հայ-հայ էր՝ փակում էի նիստ, մեկ էլ նախարարության աշխատակիցն ասաց` չէ, մի հատ էլ նայենք: Այսինքն` մեր պետության այս կարևորագույն հարցը 1,5 տարի է՝ քննարկում եք, ու մի խիզախ, ազնիվ կամ մոլորված մասնագետ ասում է` եկեք մի հատ նորից նայե՞նք: Ու սա լուրջ պետություն, լուրջ կառավարություն, լուրջ վարչապե՞տ է: …Այս տրամաբանության մեջ ես չեմ ուզում խոսել արբիտրաժից, որի ռիսկերը կան: Այդ դեպքում, իհարկե, մենք բոլորս միասին մեր երկրի շահը կպաշտպանենք, ոչ թե Նիկոլի կերած բողկերը կմարսենք, բայց խնդիրն ինձ համար այնքան արբիտրաժը չէ, որքան քաղաքական ու գլոբալ տնտեսական հետևանքները»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը` հավելելով, որ Ամուլսարն արդեն իսկ պայթեցրել է իշխանությունների բարձր վարկանիշի փուչիկը:

Մանրամասները` տեսանյությում:

Գոհար Սավզյան

 

Տեսանյութեր

Լրահոս