«Ամուլսարը լակմուս է, որը ցույց է տալիս նախկին ու ներկա ընդդիմադիր բնապահպանների, ներկա իշխանությունների երեսպաշտությունը»
Մի շարք կուսակցություններ և քաղաքական ուժեր այս օրերին հանրությանն են ներկայացնում իրենց դիրքորոշումը Ամուլսարի հարցի շուրջ։ Բացառություն չի կազմել նաև ԱԴԵԿՎԱԴ միաբանությունը, որը հայտնել է քաղաքականություն մտնելու իր մտադրության մասին։ Մասնավորապես, տարածված հայտարարության մեջ նշվում է, որ իրավիճակի սրմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն և միջոցառում հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնց պատասխանատվությունը թեպետև կրելու են դե ֆակտո իշխանությունները, սակայն դրա հետևանքների հաղթահարումը քաղաքացիների ուսերին է մնալու:
Միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանի հետ զրույցում հետաքրքրվեցինք, թե ինչպիսի մոտեցում ունի ԱԴԵԿՎԱԴ-ը Ամուլսարում հանքարդյունաբերության հարցում և ինչպիսի դիրքորոշում է որդեգրելու ընդհանրապես ընդերքօգտագործման ոլորտում․
-Մեզ համար Ամուլսարն այսօր ընկալվում է որպես լակմուս, որը ցույց է տալիս նախկին ու ներկա ընդդիմադիր բնապահպանների, ներկա իշխանությունների երեսպաշտությունը, քանի որ այս ողջ աղմուկում 90 տոկոսը զգացմունքային սպեկուլյացիա է, իսկ բովանդակային քննարկումն ընդամենը 10 տոկոս է, որն էլ ստվերվում է։ Խնդիրն այն է, որ այս պրոբլեմը սրվել է ոչ այնքան հնարավոր բնապահպանական ռիսկերի հետևանքով, այլ հենց այն սպեկուլյացիաների ու շահարկումների պատճառով, որոնք տարիներ շարունակ տեղ էին գտնում ոչ միայն Ամուլսարի, այլ ոլորտային ցանկացած իրադարձության շուրջ՝ Թռչկանի, Թեղուտի, և այլն։
Իրականությունը շատ ավելի բազմաշերտ է, և պետք է հասկանալ, որ չկա մի երկիր, որտեղ կա հանքարդյունաբերություն, և չկան բնապահպանական ռիսկեր։
Հանքարդյունաբերությունն անհնար է առանց դրանց։ Իհարկե, հեշտ է ասել՝ եկեք հրաժարվենք այդ ոլորտից ընդհանրապես և ունենանք հրաշալի էկոլոգիա։ Սակայն, մենք արդեն ունեցել ենք նման փորձառություն․ 88 թվականին ամեն ինչ սկսվել էր կրկին էկոպահանջներից, փակվեցին ատոմակայանը, «Նաիրիտը», Վանաձորի քիմկոմբինատը, իսկ ժամանակը ցույց տվեց, որ դրանից չբարելավվեց ոչ ժողովրդագրությունը, ոչ էկոլոգիան, ոչ հանրային առողջական վիճակագրությունը, ոչ էլ տնտեսությունը։ Ամուլսարի հարցը քննարկելիս պետք է հաշվի առնենք այս բոլոր հանգամանքները՝ նկատի ունենալով ոչ միայն միջազգային արբիտրաժը, այլ նաև մնացած ռիսկերը։
Մենք հենակետային ենք ընդունում այն թեզը, որ առաջիկա տասնամյակներում հանքարդյունաբերությունից հրաժարվելն անիրատեսական և անարդյունավետ է, ուստի անհրաժեշտ է խոսել դրա պայմանների և ՕԳԳ-ի մասին։ Մի բան է, երբ պետությունը վաճառում է զուտ հումքը, այլ բան է, երբ այդ հումքը վերամշակվում է երկրում, և առաջանում է արտադրական շղթա, և որքան երկար է այդ շղթան, այնքան ավելանում է եկամուտը, իսկ դրան համապատասխան ավելանում են բնապահպանական ռիսկերի և բարեկեցությանն ուղղված գործողությունների ազատություններն ու հնարավորությունները։ Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է ելնի այն սկզբունքից, որ հանքարդյունաբերությունից պետք է ստանալ առավելագույն շահը՝ հնարավոր բոլոր փուլերում։
– Հանրային տրամադրություններում ակնհայտորեն ձևավորվում է ընդհանրապես հանքարդյունաբերությունից հրաժարվելու պահանջ։ Պատրա՞ստ եք արդյոք սատարել հանրային պահանջին՝ ստանալով հասարակական լայն աջակցություն, ինչը ձեզ համար ակնհայտորեն ավելորդ չէ ապագա քաղաքական պայքարում, թե՞ կընտրեք հակապոպուլիստական գիծ՝ պնդելով հանքարդյունաբերության անհրաժեշտությունը Հայաստանի համար, և փաստացի, ռիսկի դիմելով ու կորցնելով լայն հանրային աջակցություն և ապագա ընտրազանգված։
– «Ադեկվադ»-ը անելու է այն, ինչ անում է 1,5 տարի․ մասնավորապես՝ չտրվելով հանրային պահանջին և տրամադրություններին, պատրաստ լինել ասել դառը ճշմարտությունը։ Ըստ այդմ, «Ադեկվադ» միաբանությունը համարում է, որ զարգացման այս փուլում հանքարդյունաբերությունը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Սակայն ցանկացած նոր շահագործման ծրագիր պետք է պարունակի ուղղահայաց ինտեգրացիայի փուլեր: Հայաստանում արդյունահանված ապարը պետք է մշակվի, անցնի մի քանի արտադրական փուլ և արտաքին շուկաներ առաքվի արդյունաբերական պատրաստի արտադրանքի տեսքով:
Մենք պատրաստ ենք մշտապես ընդդիմանալ այն բոլոր արատավոր երևույթներին, որոնք բերել-հասցրել են այսօրվա իրավիճակին․ այսինքն՝ պոպուլիզմին, առաջին հերթին։ Մենք չենք լինի պոպուլիստ, որքան էլ դա գայթակղիչ չլինի, անգամ էլեկտորալ պրոցեսներում սեփական դիրքերի թուլացման գնով։ Մեզ համար քաղաքական պաշտոններն ու դիրքերը ինքնանպատակ չեն։
Եվ ընդհանրապես, քաղաքականությունը «Ադեկվադ» միաբանության համար գործունեության ճյուղերից միայն մեկն է, սա մեր առաքելության կյանքի կոչելու գործիքներից և միջոցներից միայն մեկն է։ Իսկ մեր առաքելությունը քաղաքակրթական և մշակութային դաշտում է, որին հասնելու համար, այո, անհրաժեշտ է ունենալ նաև քաղաքական գործիքակազմ։ Սակայն, լրացուցիչ դիվիդենտ կորզելու համար չենք գնալու ստելու ճանապարհով։ Այո, ընդերքը պատկանում է պետությանն ու ժողովրդին, բայց հանքարդյունաբերություն պիտի լինի։ Անհրաժեշտ է վերանայել խաղի կանոնները՝ դրանք դարձնելով պետության համար առավել շահավետ, սակայն, իմացեք․ նա, ով կասի, որ Հայաստանն առանց ընդերքի շահագործման կարող է գոյատևել ու ապրել բարեկեցիկ, և չառաջարկել համարժեք այլընտրանք, ընդամենը էժան պոպուլիստ է, ով խաղում է ձեր զգացմունքների վրա։ Իսկ պոպուլիզմը մեզ տանում է կործանման։