«Միշտ չէ, որ դեմ արտահայտվելը սկզբունքայնություն է, շատ դեպքերում դեմ են արտահայտվում, այսպես ասած, երես փրկելու համար». Արմեն Բադալյան
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կասկածում է, որ Ամուլսարի կամ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում տարաձայնությունները կարող են կտրուկ շրջադարձերի հանգեցնել։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նախկինում հանրապետականների կառավարման ժամանակ էլ լինում էին դեպքեր, երբ այս կամ այն հարցի շուրջ այս կամ այն հանրապետականը հրապարակային դեմ կարծիք էր հայտնում, բայց դրանից բնավ չէր բխում, որ ինքը դուրս է գալիս այդ խմբակցությունից։
«Մենք արդեն ականատես ենք եղել, թե ինչպես ԱԺ նախագահի տեղակալներից մեկը դեմ կարծիք հայտնեց Ամուլսարի շահագործման հետ կապված, բայց դրանից հետո ինքը մանդատը չդրեց, պաշտոնից չհեռացավ։ Այսինքն՝ կարող ենք ամփոփել, որ և՛ Ամուլսարի, և՛ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված՝ կան պատգամավորներ իշխող քաղաքական խմբից, որոնք այս կամ այն պատճառով դեմ են արտահայտվում։
Միշտ չէ, որ դեմ արտահայտվելը սկզբունքայնություն է, շատ դեպքերում դեմ են արտահայտվում, այսպես ասած, երես փրկելու համար, բայց չեմ կարծում, որ դա կհանգեցնի խմբակցությունից էլ իրենց դուրս գալուն, այն էլ՝ զանգվածային դուրս գալուն, ավելին՝ ինչ-որ տրոհման գործընթացի։ Կարող է՝ 1-2-ը դուրս գան, ինչը խիստ կասկածելի եմ համարում, բայց քանի վարչապետի վարկանիշը դեռևս համեմատաբար բարձր է պահպանվում, նրանք կմնան խմբակցությունում, իսկ դուրս կգան այն ժամանակ, երբ տեսնեն, որ իշխանությունը փլվում է, վարչապետը հեռանում է իշխանությունից։ Այդ ժամանակ դուրս կգան, որպեսզի իրենց համար նոր քաղաքական ապագա կերտեն»,- ասաց Ա.Բադալյանը։
Փորձագետը բացառեց, որ Ամուլսարի շուրջ զարգացումները կարող են հանգեցնել իշխանության փլուզման.
«Ոչ, որովհետև Հայաստանում երբեք չի եղել, որ բնապահպանական հարցերով իշխանության փլուզում լինի։ Այդպիսի բան երբեք չի եղել, և չեմ կարծում, թե կլինի։ Ամուլսարի կարևորությունը խիստ գերագնահատվում է լրատվական դաշտի կողմից։ Ամուլսարի հարցն իրականում հետաքրքրում է Ջերմուկի և հարակից բնակավայրերի բնակիչներին, որոնք իրենք են տուժելու հանքի շահագործումից։ Իսկ մյուսների համար Ամուլսարն այդքան էլ կարևոր նշանակություն չունի։
Այո, կարող է բնակարաններում, խոհանոցներում խոսեն, որ լավ չի, որ շահագործվում է, բայց ասել, որ դա կարող է մեծ համաժողովրդական շարժման խթան հանդիսանալ, որը կարող է բերել իշխող քաղաքական ուժի փլուզմանը, կամ իշխանության հրաժարականին, ես չեմ կարծում»։