«Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրը պետք է լուծվեր հետևյալ կերպ». Արմեն Մինասյան
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրն, իմ համոզմամբ՝ պետք է լուծվեր հետևյալ կերպ.
Կառավարությունում պետք է կայանար նիստ, խորհրդակցություն կամ քննարկում, որին բացի կառավարության անդամներից կարող էին մասնակցել ԱԺ պրոֆիլային հանձնաժողովների ներկայացուցիչները, ՀԿ սեկտորի ներկայացուցիչները, ինչպես նաև շահառու և ռիսկային համայնքների ներկայացուցիչները։
Այդ նիստում փաստերի ու կոնկրետ հաշվարկների վրա հիմնված իրենց հստակ գնահատականն ու դիրքորոշումը պետք է հայտնեին՝
-Էկոնոմիկայի նախարարը (առաջին հերթին՝ այս և հետագա ներդրումների, դրանց ռիսկերի, ազդեցության ու մուլտիպլիկացիայի մասին),
-Ֆինանսների նախարարը (պրոեկտի արդյունքում պետության ֆինանսական ակնկալիքների ու ռիսկերի մասով),
-Բնապահպանության նախարարը (շրջակա միջավայրի ազդեցության ռիսկերի և դրանց չեզոքացման մասով),
-Առողջապահության նախարարը (պրոեկտի գործարկման արդյունքում առողջապահական ռիսկերի մասով)
-Արդարադատության նախարարը (պրոեկտի չեղարկման արդյունքում հնարավոր սանկցիաների և դրանց ազդեցության մասով),
-Եթե լիներ հնարավորություն՝ համայնքների և հասարակական սեկտորի ներկայացուցիչները։
Այդ նիստը պետք է հեռարձակվեր ուղիղ եթերում։
Մենք նման նիստ չենք տեսել, և ես չեմ էլ ակնկալում, որ կլինի։
Փոխարենը Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները, որ պետք է հիմա կուրծք ծեծեին պրոեկտի համար, ձայն չեն հանում։
Բնապահպանության ու առողջապահության նախարարները, որ անկախ ամեն ինչից, ի պաշտոնե պետք է դեմ լինեին, պարզապես շշմեցնում են. բնապահպանությունն առհասարակ չի երևում, իսկ առողջապահության նախարարը ինձ համար զարմանալի կերպով հանդես է գալիս հակառակ ճամբարից։
Չի խոսում նաև արդարադատության նախարարը։
Այս իրավիճակում որոշումը և որոշման պատասխանատվությունը մնում է մեկ մարդու ուսերին։ Եվ տա Աստված, որ այդ մարդն առաջնորդվի ողջամտությամբ (ինչի առումով գոնե այս հարցում ես լավատես եմ), ու տեղի չտա փողոցի ճնշումներին կամ կորպորատիվ լոբբինգին։
Եվ վերջում։ Քանի որ կրկին ապավինում ենք մեկ մարդու ողջամտությանն ու տրամադրվածությանը, դեռևս վաղ է խոսել առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ հասարակություն ու պետություն լինելու մասին»: