Բաժիններ՝

Հաստատվեցին զինծառայողներին բանակարաններով ապահովելու վարկային պայմանները

ՀՀ կառավարությունն այսօր նիստում հաստատեց «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատակային ծրագիրը: Այն նախատեսում է Պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորում: Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրենց կառավարության օրոք արդեն մեկ տարի հարցը քննարկվում է: Նա հետաքրքրվեց, թե պետության աջակցությունը որքան է կազմելու:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ խոսքը 10% կանխավճարի և տոկոսադրույքի 3% սուբսիդավորման մասին է, նաև առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում պետությունը եկամտահարկն է վերադարձնում, այսինքն՝ անտոկոս վարկ է ստացվում: Նա նշեց, որ ամբողջ ծրագրի ծավալը 11 մլրդ է, և հանրավորություն կա մի քանի տարի այդ գումարն ապահովել, տարեկան առնվազն 500 հոգի կարող է շահառու լինել. «Առաջին հայտերի դեպքում հասկանալի կլինի»:

Ն.Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ծրագրի պահանջարկը կա:

«Պարո՛ն վարչապետ, մարդիկ սպասում են, շինությունը կա, կարող են մտնել, պայմանագրերը կնքել և ապրել՝ առանց որևէ դժվարության»,- ասաց Դ.Տոնոյանը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ նախկինում և՛ ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն ներգրավված են եղել այս ծրագրում, և դրա կարիքը կա:

«Շատ լավ, դուք էլ աշխատեք Կենտրոնական բանկի հետ, և նման որոշում կլինի»,- ասաց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ հարցը պետք է քննարկել, որոշել բյուջետային հատկացման աղբյուրը և նույն տրամաբանությամբ ծրագիրը տարածել մյուս ուժային կառույցների վրա:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ ի սկզբանե ծրագիրը նախագծված էր մյուս ուժային կառույցների համար ևս, այդ թվում՝ Քրեակատարողական համակարգի, բայց ընդհանուր շահառուների թիվը նախատեսված էր 500: Նրա խոսքով՝ ՊՆ-ն ծրագիրն իրականացնում է իր ընդհանուր ֆինանսավորման շրջանակներում, իսկ զինծառայողներին հավասարեցված մյուս անձանց համար ֆինանսավորման աղբյուրի լուծում առայժմ չկա:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տեղեկացրեց, որ մարզերում առաջնային բնակարանաշինության առաջարկություն դեռ չկա, և միայն գալիք տարում 27 քաղաքում 30 շենք կլինի, որոնց վերջնական վաճառքի գինը բավականին ցածր կլինի:

Վարչապետը գոհունակություն հայտնեց՝ կարևորելով համաչափ զարգացման խնդիրը: Ըստ նրա՝ եկամտահարկի ծրագիրն աշխատում է միայն առաջնային շուկայի վրա, իսկ մարզերում այս պահի դրությամբ առաջնային շուկա դեռ չկա, և մարզերի լավ աշխատող բնակիչներն այս ծրագրից օգտվելու համար բնակարան են ձեռք բերում Երևանում, ընդ որում՝ չուզելով, այսինքն՝ մտադիր են հետագայում այդ բնակարանը վաճառել ու գնալ մարզում բնակարան գնել:

ԿԲ նախագահն առաջարկեց ոստիկանության ու ԱԱԾ-ի համար քննարկումները սկսել երկրորդային շուկայի համար, որտեղ նույնպես բավականին լավ պայմաններ են ստացվում, գներն ավելի ցածր են: Նրա խոսքով՝ կարելի է նաև տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ավելի երկար ժամկետով վարկ տրամադրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս