Հայաստանում գինու վարկը հետզհետե բարձրանում է՝ առաջացնելով նոր խնդիրներ
Հայաստանում գինու վարկը հետզհետե բարձրանում է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրում սպառվել է 4 մլն 551.8 հազար լիտր գինի՝ նախորդ տարվա նույն ժամանակշրջանի 2 մլն 937.7 հազար լիտրի փոխարեն: Մյուս խմիչքներից ավելացել է նաև կոնյակի ու գարեջրի սպառումը, համապատասխանաբար՝ 2.2 անգամ և 13%-ով, իսկ օղու սպառումը նվազել է մոտ 9%-ով: Ընդ որում՝ այս ցուցանիշների մեջ չի մտնում արտահանումը:
168.am-ը Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները վերադառնում են գինու մշակույթին:
«Իհարկե, բայց այն ծավալներով չէ, որ ցանկալի է և որ լոգիկայի մեջ պետք է լինի: Այդ միտումը նկատում ենք, որովհետև ներսի սպառումը վերջին 10 տարում կրկնակի մեծացել է, հաջորդ տարի էլ բավականին բարձր կլինի»,- ասաց Ա.Հարությունյանը:
Սակայն, ըստ նրա, այստեղ մեծ է տուրիստների և արտահանման գործոնը, իսկ հանրապետության ներսի ժողովուրդը շատ զգույշ է վերաբերվում գինուն:
Նրա խոսքով՝ Երևանի փոքր կենտրոնի ժողովուրդը լրիվ վերադարձել է ազգային մշակույթին, մեծ կենտրոնը՝ մասամբ, իսկ մայրաքաղաքի ծայրամասերը՝ քիչ. «Դոմինանտ ֆակտորը կենտրոնում տուրիստների գնումներն են: Միտումը շատ լավն է, բայց այս տեմպերով շարունակվելու դեպքում այլ խնդիր է առաջանում՝ մենք այդքան խաղող չունենք: Այս տարի կարմիր խաղողի գինը բարձր կլինի, մյուս կողմից՝ դա լավ է, որ գյուղացին բարձր եկամուտ կունենա, բայց մյուս կողմից էլ՝ խաղողի որակն է ընկնում: Դա մեր հայկական ֆենոմենն է: Արտասահմանում ինչքան գինը բարձր է, այնքան որակը բարձր է: Կազմակերպությունները որակի պահանջ դնում են, բայց դրան ոչ մեկը չի նայում, որովհետև խաղողը քիչ է, իրար ձեռքից խլելու են, չեն թողնելու բերքը հասունանա այնքան, որքան պետք է, չեն հեռացնելու միջից վատերը: Նախկինում քանի որ պահանջարկը քիչ էր, առաջարկը՝ շատ, գյուղացիներն առանձնացնում էին լավերը, հիմա հակառակն է ու խառը, և շատ շուտ հավաքում են բերքը»:
Այգիների մակերեսը մեծացնելը, ըստ կենտրոնի ղեկավարի, դժվար է՝ ֆիլոքսերիայի և ներդրողների զգուշավորության պատճառով. «Դա անում են միայն բիզնեսմենները և անում են միայն նոր ներդրողները: Այգիների 93-94%-ը գտնվում է գյուղացիների ձեռքում, իսկ նրանք հնարավորություն չունեն ավելացնելու»:
Ա.Հարությունյանի խոսքով՝ ամեն դեպքում արտադրողները սպիրտի հույսին չեն մնա, պարզապես կավելանա մրցակցությունը, գինին կթանկանա, որակը չի բարձրանա.
«Հաջորդ տարիները նույնպես ստիպված կվճարենք ավելի թանկ, եթե ուզենանք որակ: Խաղողը 400 դրամից էժան չի լինելու: Դրա համար պետք է իրավական դաշտում խնդիրը լուծվի, պետք է բերքահավաքն արգելվի որոշակի ժամկետից շուտ իրականացնել, հատուկ հանձնաժողովները պետք է հսկեն: Նման դեպքերում աժիոտաժից խուսափելու համար երկրները սպիրտի նվազագույն պահանջ են սահմանում, օրինակ՝ Արենին 13.5%-ից պակաս չպիտի լինի սպիրտը: Սա նշանակում է, որ անորակ խաղող չես կարող վերցնել: Խնդիրը պետք է պետությունը կարգավորի: Գյուղացին ազատ է, գործարանը սահմանափակված է հումքով, հետո սկսվում են կեղծարարությունները, որ վատ հումքից լավ գինի շուկա բերեն, և այլն: Ամեն դեպքում՝ գինու սպառման միտումները շատ լավն են»: