Ահազանգ. ««Պուստիշկաներ» են. մարդկանց դժբախտության վրա գումար են աշխատում»
Facebook-ում գովազդվում է Dialux անունով մի միջոց, որն իբր հրաշքներ է գործում շաքարային դիաբետի ժամանակ:
Այդ միջոցը գովազդվում է իբր բժշկի հետ արված հարցազրույցում:
Այսպես կոչված՝ հարցազրույցի նախաբանում նշվում է, թե իրենց զրուցակիցը Նատալի Դավիթավյանն է՝ Էնդոկրինոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր և հազարավոր կյանքեր փրկած պրակտիկ բժիշկ, շաքարային դիաբետը բուժող լավագույն բժիշկը նախկին ԽՍՀՄ-ում:
168.am-ը փոքրիկ հետաքննություն անցկացրեց և պարզեց, որ առաջին՝ նման բժիշկ գոյություն չունի, երկրորդ՝ լուսանկարում պատկերված կինն անգամ հայ էլ չէ, ինչպես ներկայացված է նյութում: Լուսանկարում պատկերված է ռուս գինեկոլոգ Վիկտորյա Նիկոլաևնան:
Ինչ վերաբերում է գովազդվող միջոցին, ապա նշվում է, որ իրական արժեքը 27.000 դրամ է, իսկ «հենց հիմա» պատվիրելու դեպքում այն կարժենա 12.000 դրամ: Սա՝ այն դեպքում, երբ շաքարային դիաբետի համար նախատեսված դեղերը պետության կողմից տրամադրվում են անվճար:
Չկա ոչ մի հեռախոսահամար, ամբողջ էջը ֆեյք է, լցված են ֆեյք մեկնաբանություններ, բայց արի ու տես, կան մարդիկ, որ անգամ դրանից հետո որոշում են գնել այդ միջոցը:
168.am դիմած քաղաքացիներից մեկը նշեց, որ իր մայրը տեսնելով գովազդը՝ փորձել է պատվիրել, նշված տեղում թողել է հեռախոսահամարը, կապվել են իր հետ և մոտ կես ժամ գովաբանել այդ միջոցը: Ամեն դեպքում նա որոշել է խորհրդակցել բժշկի հետ, որից հետո կինը հրաժարվել է գնել այն:
168.am-ն այս ամենի հետ կապված՝ զրուցեց էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի հետ, ով լսելով պատմությունը՝ նշեց, որ իր անունով ու լուսանկարով էլ «Րիբոսլիմ» անունով մեկ այլ միջոց են փորձել գովազդել:
«Իմ մտերիմներից մեկը տեսնում է ինտերնետում գովազդ, ինձ գրում է՝ իսկապե՞ս լավ միջոց է, արժե՞ գնել՝ նիհարելու համար: Հարցնում եմ՝ ի՞նչ միջոց, պատասխանում է՝ որ դու գովազդում ես: Ասում եմ՝ ե՞ս եմ դեղ գովազդում: Նա ինձ ուղարկում է սքրինշոթը, որտեղ իմ լուսանկարն է, կեղծ հարցազրույց, ու իբր ես գովազդում եմ «Րիբոսլիմը»՝ որպես նիհարելու միջոց»,- պատմեց էնդոկրինոլոգը՝ նկատելով՝ նման դեղորայք չկա, դրանք բիոհավելումներ են կամ խոտաբույսերից պատրաստված միջոցներ, որոնք այսօրվա բժշկությունը չի ընդունում:
«Ժամանակակից բժշկությունը կառուցվում է բուժման միջազգային ալգորիթմների վրա, որտեղ ներառվում են բուժման կոնկրետ սխեմաներ, կոնկրետ դեղորայքային խմբեր, որոնք առաջարկվում են միջազգային գիտական ասոցիացիաների կողմից: Ոչ մի հիվանդության միջազգային ալգորիթմների մեջ ոչ մի բիոհավելում, խոտաբուսային դեղ չի մտնում: Այսօրվա բժշկությունը շատ հզոր է և ունի ռեալ բուժման միջոցներ, խոտաբուսային պրեպարատները կամ բիոհավելումները մարդկանց խաբելու միջոց են: Շատ հաճախ մարդիկ բաց են թողնում բուժվելու հնարավորությունը՝ այդ դատարկ միջոցների վրա ժամանակ և գումարներ վատնելով»,- ասաց Հ. Աբովյանը:
Նա նկատեց՝ ոչ մի բժիշկ երբևէ որևէ դեղորայք չի գովազդում. «Դեղամիջոցները չունեն գովազդի կարիք, որովհետև դրանք նշանակվում են բժշկի կողմից. հիվանդին հետազոտելուց հետո բժիշկն օգտագործում է միջազգային ալգորիթմները, որոնք առաջարկված են գիտնականների կողմից, որոնք մեզանից շատ ավելի խելոք ու բանիմաց են, իսկ մենք՝ պրակտիկ բժիշկներս, նայում ենք միջազգային մասնագիտական ասոցիացիաների կողմից առաջարկված բուժման ալգորիթմները, և յուրաքանչյուր հիվանդության դեպքում, յուրաքանչյուր հիվանդի, տարբեր մանրուքներ հաշվի առնելով՝ այդ ալգորիթմների հիման վրա նշանակումներ կատարում»:
Էնդոկրինոլոգը շեշտեց՝ «պուստիշկաներ» են գովազդվում մեկ նպատակով՝ օդից փող սարքելու համար.
«Մարդկանց դժբախտության վրա գումար են աշխատում: Ոչ մի դեղ երբեք չի գովազդվում ինտերնետով, նա դրա կարիքը չունի, դեղը նշանակվում է բժշկի կողմից»:
Այս ոլորտը, ըստ մեր զրուցակցի՝ չի վերահսկվում. «Ինձ խորհուրդ տվեցին դիմել իրավապահ մարմիններին, բայց դրանք ֆեյք էջեր են: Այդ խաբեության զարգանալու համար լավ միջավայր է մարդկանց թուլությունը բնական միջոցների հանդեպ:
Մարդիկ պետք է հասկանան, որ ոչ ամեն ինչի բնականն է լավը: Ամենավատ, ամենասարսափելի թույները բոլորը բուսական են: Քիմիական դեղերը բազմաշերտ, երկար տարիներ փորձարկվում են, գիտնականներ են աշխատում, եթե ապացուցվում է դրա անվտանգությունը, նոր դառնում է մեզ հասանելի: Իսկ բույսերը ոչ ոք չի հետազոտում, եղած բույսերն էլ, որոնք համարվում են դեղաբույսեր, շատերը հետազոտված են, ու ապացուցված է դրանց անօգուտ լինելը: Այսօրվա բժշկությունը չի ընդունում դեղաբուսային բուժում»:
Ինչ վերաբերում է շաքարային դիաբետի համար նախատեսված դեղամիջոցներին, նա նշեց, որ պոլիկլինիկաներում շատ դեղամիջոցներ տրվում են անվճար.
«Կան դեղեր, որոնք այս կամ այն պատճառներով պետությունն ի վիճակի չէ մատակարարել, և ցանկության դեպքում հիվանդը դիմում է մասնավոր բժշկի, բժշկի նշանակմամբ՝ դեղատնից սեփական միջոցներով դեղամիջոցներ գնում»:
Ռազմիկ Մարտիրոսյան