
Վերլուծաբանները գնահատել են նոր ընտրությունների հավանականությունը Մեծ Բրիտանիայում

ING Group նիդեռլանդական ֆինանսական կոնգլոմերատի բրիտանացի վերլուծաբանները գտնում են, որ Մեծ Բրիտանիայում նոր համընդհանուր ընտրությունների անցկացման հավանականությունը՝ կապված Եվրամիությունից երկրի դուրս գալու հետ, կազմում է 40 տոկոս: Այդ մասին ասված է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Մենք գտնում ենք, որ Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրությունների 40 տոկոսի հավանականություն կա ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածի հետաձգման կապակցությամբ»,-բանկը մեջբերում է իր վերլուծաբան Ջեյմս Սմիթի գնահատականը: Ընդսմին ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալու հավանականությունը բանկը գնահատում է 25 տոկոս,
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բելգիայի կառավարության ղեկավար Շառլ Միշելի հետ օգոստոսի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Եվրամիության հետ բանակցություններ վարել հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի մի քանի կետերի վերանայման շուրջ:
Ինչպես իրազեկել է բրիտանական վարչապետի մամուլի ծառայությունը, Ջոնսոնը «հավաստել է հանձնառությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում՝ այնպիսի հանգուցային բնագավառներում, ինչպիսիք են անվտանգությունը, առեւտուրը եւ ահաբեկչության դեմ պայքարը»:
«Brexit-ի կապակցությամբ վարչապետ Ջոնսոնը հայտարարել է, որ արդեն առկա գործարքը երեք անգամ մերժվել է խորհրդարանի կողմից, ուստի պետք է փոփոխվի: Նա կրկնել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ազնվորեն բանակցություններ վարել «բեքստոպի» (Եվրամիության մաքսային միության եւ ընդհանուր եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո) այլընտրանք գտնելու շուրջ, սակայն եթե Եվրամիությունը շարունակի պնդել դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու անհնարինությունը, ապա մեզ հարկ կլինի առանց գործարքի դուրս գալ հոկտեմբերի 31-ին»,- նշել է մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: