«Գործազուրկների թվի վերաբերյալ՝ ԱՎԾ-ն և վարչապետը պետք է հասկանան, թե ինչու են տարբեր տվյալներ հրապարակում». Տնտեսագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով. «2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով: Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է»,- գրել էր վարչապետը։
Այս գրառումից հետո ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել էր, որ Ազգային վիճակագրական ծառայության թվերն այլ բանի մասին են խոսում, քանի որ գործազուրկների թիվն ավելացել է.
«Գործազուրկների թիվը ավելացել է 6.7%-ով. 237 հազարից՝ դառնալով 253 հազար։ Նա նաև ասում է, որ զինծառայողների հիմնադրամին (1000 դրամանոց) ավելի շատ գումար է վճարվել և նշում պաշտոնապես գրանցված բառակապակցությունը։ Նշենք (ա) այդ 1000 դրամանոց հարկն ապօրինի է և նախկին ռեժիմի անպատասխանատու քայլերից է (ՆՓ ինքն էր դեմ) և (բ) ՀՀ վարչապետը լիազորություններ շատ ունի, բայց չկա լիազորություն մակրոտնտեսական թվեր հայտարարելու։ Նա դրանով ուղղորդում է վիճակագրական մարմիններին, մինչդեռ ընդամենը պետք է ցիտի նրանց»,- նշել էր Հրանտ Բագրատյանը։
168.am-ի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով գործազուրկների թվի վերաբերյալ ԱՎԾ-ի և վարչապետի հայտարարած տարբեր տվյալներին, նկատեց, եթե Կառավարության ղեկավարը մի թիվ է ասում և նույն Կառավարության կազմի մեջ գտնվող կառույցը բոլորովին այլ թիվ, ապա դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չպետք է լինի, այլ երկու կողմերը պետք է տվյալներին ավելի լավ ծանոթանան և հասկանան, թե ինչու են տարբեր թվեր հրապարակում։
«Մենք ունենք շուրջ 200 հազարից ավելի գործազուրկ, կարծում եմ՝ կարող ենք ոչ միայն տոկոսներով խոսել, այլև անցնել բացարձակ թվերի։ Նախորդ տարվա բերված ցուցանիշը, այն որ 50 հազար աշխատատեղ էր դուրս բերվել ստվերից, կարծում եմ՝ պետք է արտացոլվի վիճակագրական ցուցանիշների մեջ։ Այս առումով ցանկալի կլինի, որ ԱՎԾ-ն իր դիրքորոշումն միանշանակ հայտնի կամ վարչապետն այն ցուցանիշներն օգտագործի, ինչ ներկայացնում է վիճակագրական ծառայությունը»,- նշեց տնտեսագետը։
Նա դժվարանում է ասել՝ նշված տվյալները հրապարակելով՝ վարչապետը վիճակագրական մարմիններին ուղղորդելու միտում ունի՞, թե՞ ոչ, քանի որ չգիտի, թե վարչապետն ինչ նպատակով է նման բան արել։
Սակայն մեկ բան տնտեսագետը հստակ գիտի. նման երևույթ իրականության մեջ չպետք է տեղ գտնի, քանի որ պետք է լինեն սթափ ու անկողմնակալ գնահատականներ։
Հարցին՝ ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը, և նման իրավիճակում գործազուրկների թվի աճ կամ նվազում կարո՞ղ է լինել, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց, որ հետևություններ անելու համար պետք է վերլուծել տնտեսական ցուցանիշները, որոնք այս տարվա առաջին վեց ամիսներին արտացոլել են տարբեր հակասական միտումներ։
«Մի կողմից՝ ունենք ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, մյուս կողմից՝ որոշ ոլորտներում նկատվում է անկում, օրինակ՝ գյուղատնտեսությունում, հետընթաց է գրանցվել արտաքին առևտրաշրջանառության ոլորտում, և այլն։ Այստեղ կա լուրջ մտահոգություն, ուստի պետք է նախանշել և իրականության մոտ բերել այն դրույթները, որոնք նշված են Կառավարության գործունեության ծրագրում, խոսքը լոկոմոտիվային ճյուղերի մասին է, որի վերաբերյալ բազմիցս ասել եմ»,- շեշտեց նա։
Տնտեսագետի բնորոշմամբ՝ տնտեսական անվտանգության տեսանկյունից Հայաստանի տնտեսությունը գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Նաև՝ ժողովրդագրական, երիտասարդ աշխատուժի արտահոսքի, բնակչության ծերացման տեսանկյունից կան խնդիրներ, այստեղ էլ ԱՎԾ-ի հրապարակած տվյալները և անկախ փորձագետների գնահատականները տարբեր են։
«Վերջերս ռուսական վերլուծական կենտրոններից մեկը տվյալներ հրապարակեց, որտեղ նշվում էր, որ միգրացիոն հոսքերը դեպի Ռուսաստան մեծացել են, առանձնապես մեծացել է Հայաստանից և Ուկրաինայից աշխատանքային միգրանտների թիվը։
Այստեղ պետք է ուշադիր լինենք, քանի որ նախորդ տարի ԱՎԾ-ն նշում էր, որ կա արտագաղթի կրճատում, անգամ ներհոսք ունենք։ Այստեղ է, որ այդ վերլուծական կենտրոնի տվյալները մեր վիճակագրական ծառայությունը կա՛մ պետք է հերքի՝ բերելով փաստարկներ, կա՛մ հաստատի և ներկայացնի ճիշտ թվեր»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։
Զվարթ Խաչատրյան