«Լիբանանի ընկերության հետ ո՞ր նախկին պաշտոնյայի եղբայրը կապ ունի…». Նիկոլ Փաշինյանը՝ «ՍանիՏեքի» մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունենում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Նրանք քննարկում են աղբահանության հարցը: Վարչապետը նշեց, որ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո Հայկ Մարությանի հետ առաջին խոսակցություններից մեկի թեման եղել է աղբահանությունը, Մարությանն ասել է, որ շատ լուրջ խնդիրներ կան ոլորտում: Վարչապետը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է մայրաքաղաքում աղբահանության հետ կապված այսպիսի խնդիր առաջացել:

«Կարևոր է արձանագրել, որ դեռ մինչև ընտրություններն էլ շատ լուրջ էր կանգնած աղբահանության հարցը և վիճակն ավելի վատ էր, քան հիմա: Խնդիրն այն է, որ դա համակարգային խնդիր է: Համակարգը, որը դրվել էր մի քանի տարի առաջ, սխալ էր: Առաջին սխալը, որ քաղաքային իշխանությունները թույլ են տվել՝ մեկ ընկերությանն են տվել ամբողջ աղբահանությունը»,- ի պատասխան՝ ասաց Մարությանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ի սկզբանե նախատեսված էր այնպես, որ Երևան քաղաքը պետք է բաժանվեր երկու մասի, աղբահանությունն իրականացնեին երկու ընկերություններ: Հայկ Մարությանն էլ նշեց, որ ամբողջ քաղաքի բոլոր սպեկտորները տրվել են մի ընկերության՝ «ՍանիՏեքին»: Նրա խոսքով՝ աշխարհի գրեթե բոլոր քաղաքներում կան մի քանի օպերատորներ:

«Պայմանագրերը նորմալ են կնքված, և քաղաքապետարանի համար լավ պայմանագիր է, նաև լավ պայմանագիր է «ՍանիՏեք» ընկերության համար, եթե կատարի իր պարտականությունները: Մեր խնդիրն այն է, որ «ՍանիՏեք» ընկերությունը ձախողեց: Այդ ընկերությունը լավ չի տիրապետում ոլորտին: Ամբողջ քաղաքի աղբահանությունը երբ տալիս ես մի ընկերության, առաջին հարցը պետք է լինի՝ փորձ ունի՞, թե՞ ոչ: Այն ժամանակ նա ասել էր, որ փորձ ունեն Նիգերիայում և Լիբանանում: Իսկ այս անգամ նշեց՝ Թուրքիա և Ալժիր: Մենք ունենք պայմանագրին կցված փաստաթղթեր, որտեղ նշվեց, որ իրենք փորձ ունեն Նիգերիայում և Լիբանանում: Փաստաթուղթը մի թերթիկ է, չկան լուսանկարներ, հավելյալ տեղեկատվություն, որ պատկերացում կազմենք, թե ինչ գործունեություն է ծավալել այս ընկերությունը: Եթե մի ընկերություն ասում է, որ Լիբանանում աղբահանություն է իրականացնում, բայց երբ ուսումնասիրում ենք Լիբանանի աղբահանությունը, տեսնում ենք, որ նրանք այդ ոլորտում երկար տարիներ ճգնաժամի մեջ են գտնվում»,- ասաց քաղաքապետը:

Հայկ Մարությանի խոսքով՝ քաղաքապետարանի միակ պարտավորությունը գումար տալն է, որը միշտ պարտաճանաչ կատարվել է. «Ընկերությանը միայն մնում է կատարել իր աշխատանքը: Իրենց շարժակազմը այս պահին ջարդուխուրդ եղած է: Պայմանագրում նշված է, որ պետք է ապահովեն 16 հազար մետաղական աղբաման, իսկ հիմա մետաղականներն ու պլաստմասսե աղբամանները միասին կազմում են 5 հազար: Իրենք ասում են, որ պայմանագրում նշված է 8 հազար, բայց նշված է՝ 16 հազար: Պայմանագրվում նշվում է, որ աղբամանների մեջ 80 տոկոսից ավելի լցվածություն չպետք է լինի: Եթե դա չի լինում, մենք իրավունք ունենք տուգանել: Մենք տուգանել ենք այս ընթացքում, իրենք ասում են՝ տուգանքներն անհիմն են, մեզ դատի են տվել դրա համար:

Ասում են, որ դա ազդել է իրենց աշխատանքի որակի վրա: Այդ տուգանքները կազմում են մեր կողմից իրենց տրվող գումարի ընդամենը 3 տոկոսը: Այդ երեք տոկոս տուգանքը նվազագույնն է, ինչ քաղաքապետարանը կարող է և անում է՝ իրենց «սեղմելու» համար: Որպեսզի վերջնական չմահանան, դրա համար չենք գնում ավելի կտրուկ գործողությունների»:

Երևանի քաղաքապետի խոսքով՝ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց առաջին իսկ օրվանից սկսել է բանակցել «ՍանիՏեքի» հետ, նշել է, որ միտում չունեն իրենց շուկայից հանելու.

«Իրենք ասում էին՝ բարձրացրեք գինը, ասել եմ՝ չենք կարող, սա մեկ միլիոն մարդու գումար է, այդ մարդիկ ինձ պատվիրակել են այդ գումարների հետ ճիշտ վարվել: Դուք այդ գումարով համաձայնել եք կատարել ձեր պարտականությունները, ես ինչո՞ւ հիմա ձեր գումարը բարձրացնեմ: Ես եթե բարձրացնեմ գումարը, դա մի քանի օրենքի կոպիտ խախտում կլինի: Անգամ առաջարկեցի՝ խզել երկու պայմանագիրը, նորից դնել մրցույթի, թող գան իրենց պատկերացրած գնով մասնակցեն, իրենք չեն համաձայնել: Ես առաջարկել եմ՝ գոնե 2 հազար աղբաման ավելացնեն, նրանք ասել են, որ 1500 հատ կկարողանան բերել, բայց բերեցին ընդամենը 200 հատ:

Եվս մեկ անգամ իրենց խոստումը չկատարեցին, ու ես հասկացա, որ այդ մարդիկ ոչ մի լումա չեն ուզում դնեն այս քաղաքի մեջ: Իրենք ասում են՝ մեզ տվեք երաշխիքներ, որ, եթե գումարներ ներդնենք, ամեն դեպքում, ինչ էլ լինի, մինչև պայմանագրի վերջ կմնանք միակ օպերատորը: Պայմանագիրը հենց այդ երաշխիքն է»:

Փաշինյանն ասաց, որ ընկերության հետ կապված ուրիշ ինֆորմացիաներ կան, բայց դրանք ճշտված չեն. «Լիբանանի ընկերության հետ ո՞ր նախկին պաշտոնյայի եղբայրը կապ ունի… այդ մասին չխոսենք, ինձ թվում է՝ բոլորը հասկացան: Էս պլաստմասսե աղբամանները բերել են նախկինում, ո՞նց է եղել, որ նախկինում չեն նկատել, որ ընկերությունն իր պայմանագրային պարտավորությունները չի կատարում»:

Տեսանյութեր

Լրահոս