Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր 8-րդ բնակիչը մահանում է դեմենցիայի հետևանքով. Daily Mail
Դեմենցիան մահվան առավել հաճախ հանդիպող պատճառներից մեկն է դառնում Միացյալ Թագավորության բնակիչների շրջանում: Ինչպես օգոստոսի 7-ին հայտնել է Daily Mail թերթը, նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մահացությունը 2015 թվականի Ֆհամեմատությամբ, երբ գրանցվել էր մահվան 61 հազար դեպք, աճել է 13 տոկոսով:
Անցյալ տարի երկրում մահացել է շուրջ 70 հազար մարդ, որոնց մոտ ախտորոշել էին այդպիսի հիվանդություններ, ինչը կազմում է Անգլիայում եւ Ուելսում գրանցված մահերի ընդհանուր թվի (541,6 հազար) 12,8 տոկոսը: Դրա հետ մեկտեղ բժիշկները նախազգուշացնում են, որ այս ցուցանիշն ապագայում միայն աճելու է կյանքի տեւողության ավելացման եւ դեմենցիայի այնպիսի տեսակի, ինչպիսին Ալցհեյմերի հիվանդությունն է, արդյունավետ բուժման բացակայության ֆոնին: Public Health England անգլիական կառավարական ծառայությունն ավելի վաղ հայտարարել է, որ դեմենցիայի դեպքերի մինչեւ մեկ երրորդից կարելի խուսափել առօրյա սովորույթները փոխելով: Ընդ որում՝ մարդկանց միայն 2 տոկոսն է տիրապետում այն տեղեկատվությանը, թե իրենք ինչ կարող էին անել հիվանդության առաջացման վտանգը նվազեցնելու համար:
Ռիսկի խմբում գտնվում են նրանք, ովքեր սակավաշարժ կենսակերպ են վարում, ծխում են եւ ալկոհոլ օգտագործում: Իր ներդրումն ունի նաեւ զարկերակային բարձր ճնշումը եւ ճարպակալումը: Ալցհեյմերի հիվանդությունը, որը դեմենցիայի առավել տարածված ձեւն է, հոգեկան ծանր եւ ֆունկցիոնալ խանգարումների է հանգեցնում գլխուղեղի բջիջների ոչնչանալու հետեւանքով: Ամենից հաճախ այն հանդիպում է 65-ից բարձր տարիքի մարդկանց մոտ: Հիվանդի կյանքի միջին տեւողությունը, հիվանդությունն ախտորոշելուց հետո, կախված է նրա տարիքից, բայց, որպես կանոն, կազմում է 7-10 տարի: Վերջին տվյալների համաձայն, Ալցհեյմերի հիվանդությունից այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում տառապում է մոտավորապես 50 մլն մարդ, նրանց թիվը տարեցտարի ավելանում է եւ, ըստ առանձին գնահատումների, մինչեւ 2050 թվականը կարող է գերազանցել 131 միլիոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: