Մեղրը 40-50%-ով քիչ է՝ նախորդ տարվա համեմատ. Մեղվաբույծ Տիգրան Սեդրակյան
Այս տարի մեղրը նախորդ տարվա համեմատ՝ 40-50%-ով քիչ է: Մեղվաբույծ Տիգրան Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում որպես պատճառ նշեց եղանակային անբարենպաստ պայմանները:
«Իրականում եղանակային պայմանները բոլորովին բարենպաստ չէին մեղրի համար՝ ձմռանից հետո ուշ տաքացավ, գարունը ցուրտ էր, հետո ջերմաստիճանն արագ բարձրացավ, բույսերը չհասցրեցին վեգետացիոն շրջան անցնել, խոտը դաշտերում քիչ է»,- ասաց նա:
Ըստ Սեդրակյանի՝ այն մեղվապահները, որոնք փեթակները շուտ տեղափոխեցին բարձր գոտի, շահել են, իսկ ով չի տեղափոխվել, դժգոհ է: Նրա դիտարկմամբ՝ եթե անցած տարի Լոռու, Տավուշի, Փամբակի անտառային գոտիների մեղվապահներն էին դժգոհ, ապա այս տարին նրանց համար վատ չի:
Ամեն դեպքում, մեղրի սակավությունը, մասնագետի կարծիքով, գնի վրա չպետք է ազդի.
«Առանձին մեղավապահներ գուցե թանկացնեն իրենց մեղրը, բայց հիմնականում կպահպանվի 1 կիլոգրամը 4000 դրամ գինը»:
Արտահանման մասին Տ.Սեդրակյանը չի մտածում: Նրա գնահատմամբ՝ ներքին շուկայում այնքան պահանջարկ կա, որ մինչև արտահանման մասին մտածելը, պետք է ներքին պահանջարկը բավարարել:
Մասնագետի խոսքով՝ մարդիկ չեն վստահում մեղրի որակին և հաճախ դա է խոչընդոտում, որ ավելի շատ մեղր գնեն. «Եթե նորմալ գին լինի, վստահություն լինի, հաստատ կգնեն»:
Մեղրի ստուգման ավանդական եղանակները, ըստ նրա, հիմնականում ջրի պարունակությանն են վերաբերում, իսկ որակի համար անհրաժեշտ են լաբորատոր ստուգումներ. «Առանց դրա՝ որևէ գնահատական տալը ճիշտ չէ»:
Տ.Սեդրակյանը նշեց, որ կառավարությունը մեծ ռեսուրսներ չի տրամադրում ոլորտն առողջացնելու համար. Ամենամեծ խնդիրը մթերման բացակայությունն է: Եթե կազմակերպված մթերում չկա, առանձին անհատների արտադրանքը մնում է, լճանում: Եթե մթերում լիներ ու որակը ստուգեին, դաշտում իրավիճակը կփոխվեր: Մթերումն էլ իր խնդիրն ունի՝ ներքին շուկա մտնելը բարդ է, իսկ արտաքին շուկայում հարևանների մեղրն անհամեմատ էժան է՝ պետության աջակցության շնորհիվ»: