Փաշինյանի ձախողված հերթական շախմատային պարտիան
Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող Նիկոլ Փաշինյանի բիշքեկյան ելույթը բավականին հարուստ էր ենթատեքստեր պարունակող ալեգորիաներով։ Կարևորելով ԵԱՏՄ-ն՝ որպես միջազգային համագործակցության հարթակ, նա իր ելույթում նշեց մի քանի քայլեր, որոնք վերջին շրջանում կատարվել են ՀՀ-ի կողմից։
Նա խոսեց Վիտենամ և Սինգապուր կատարած այցերի մասին՝ նշելով, որ այցի ժամանակ նշված երկրների ղեկավարների հետ քննարկել են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության և առևտրային գործընկերության հարցեր։
Ըստ Փաշինյանի՝ նա այնտեղ խոսել է ԵԱՏՄ դիրքերի ամրապնդման և հետագա համագործակցության խորացման մասին։ Նշենք, որ այդ երկու այցերը, ըստ էության, թեմայի հետ ընդհանրապես կապ չունեն և ոչ մի կառուցողական ու լուրջ ձեռքբերումներով աչքի չեն ընկել։ Ավելին, ինչպես այդ օրերին մամուլն արձանագրել էր, այդ այցը սպոնտան ու չպլանավորված էր, քանի որ նախ՝ ՀՀ-ն դեռևս այդ ժամանակ Վիտենամում չուներ հավատարմագրված դեսպան, ով պետք է հանգամանալից կազմակերպեր երկրի ղեկավարի այցը, իսկ առանց դեսպանի ուղղակի, մեղմ ասած՝ մարազմատիկ է որևէ երկիր այցելել։ Դա ակնհայտորեն կապված էր ՀՀ Սահմանադրության օրվա հետ։ Փաշինյանի Բիշքեկում հնչեցրած ելույթի, այսպես կոչված՝ «մեխը»՝ հոկտեմբերի 1-ին Երևանում սպասվող ԵԱՏՄ բարձրագույն մարմնի նիստի շուրջ արված հայտարարությունն էր, ըստ որի՝ «Հայաստանը՝ որպես նախագահող երկիր, անհամբեր սպասում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ընդունելու հնարավորությանը»։
Եթե փորձենք բացել փակագծերը, ապա սա ակնհայտ Վլադիմիր Պուտինին հղված մեսիջ էր, որով Փաշինյանը նրան խնդրում է իր ներկայությամբ անպայման պատվել այդ ֆորումը։
Այս հայտարարությունը բավականին ուշագրավ է, եթե հատկապես այն դիտարկենք ներհայաստանյան քաղաքական պրիզմայից։
Այսպես՝ մեկ տարի առաջ, բավականին անսպասելի, ձերբակալվեց և արդեն մեկ տարի կալանքի տակ է պահվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է 2008 թվականին ՀՀ-ում Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։
Քոչարյանի ձերբակալությունից որոշ ժամանակ անց ՌԴ նախագահը շնորհավորեց նրան ծննդյան օրվա կապակցությամբ, ի դեպ, այս փաստը՝ որպես պաշտոնական հաղորդագրություն, տեղ գտավ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։ Այս ամենին գումարած՝ իր մի քանի հարցազրույցներում Պուտինն ակնարկել է, որ Քոչարյանի հետ հարաբերությունները ոչ միայն պաշտոնական են, այլև ընկերական։ Հենց սրանով էր պայմանավորված, որ մինչև երկրորդ ձերբակալությունը Քոչարյանի հետ հանդիպել էր ՀՀ-ում ՌԴ դեսպանը։
Այս հանդիպման հետ կապված ՀՀ ողջ իշխանական համակարգը և նրանց սատարողների բանակը լայնամասշտաբ գրոհ սկսեցին դեսպանի ուղղությամբ՝ այդ ժեստը բնորոշելով ՀՀ ներքին գործերին խառնվելու փաստ։
Հնչեցնում էին այնպիսի թեզեր, ըստ որի՝ «ՀՀ-ն ՌԴ գաղութը չի», «ՀՀ իշխանություններն են որոշում իրենց քայլերը», «նախորդների սխալները չպետք է կրկնվեն», և այլն։
Ընդհանրապես կարևոր է փաստել այն, որ մինչև ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելը Փաշինյանն ակնհայտ հակառուսական ուղղություն ունեցող քաղաքական գործիչ էր. եթե հիշենք ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա հնչեցրած սուր քննադատությունները և հակառուսական հայտարարությունները, պատկերը կդառնա ամբողջական։
Սակայն, ինչպես ասում է դասականը՝ չկան հավերժ թշնամիներ, կան հավերժ շահեր, և Փաշինյանն ասես այս կարգախոսը դարձրել է իր համար էտալոնային։
Այսպիսով՝ ունենք հետևյալ պատկերը. ՌԴ նախագահը, Քոչարյանի ծննդյան հոբելյանը շնորհավորելով՝ ակնարկում է, որ ՀՀ վարչապետը ձերբակալել է իր ընկերոջը և այդ կերպ անուղղակի Փաշինյանին հասկացնում իր քաղաքական ամբիցիաներում լինել ավելի հավասարակշռված ու կոռեկտ, ինչին հայկական կողմը պատասխանում է իմիջիայլոց՝ փորձագիտական և վերլուծական շրջանակների շուրթերով, մյուս կողմից՝ միջազգային հարթակներից ու պաշտոնական հանդիպումների ժամանակ ՀՀ գործող վարչապետը դառնում է ՌԴ ամենամտերիմ «բարեկամն ու դաշնակիցը»։
Փաստացի Փաշինյանը ներկայումս երկդիմի քաղաքականություն է վարում՝ նա ամեն կերպ փորձում է հաճոյանալ ու «սիլիբիլի» անել ռուսական շրջանակների հետ, ավելի կոնկրետ՝ անմիջապես Վլադիմիր Վլադիմիրովիչի, մյուս կողմից՝ հնարավորինս երկար փորձում է կալանքի տակ պահել Քոչարյանին, ով վայելում է ռուսական գրեթե ողջ էլիտայի համակրանքը։ Ակնհայտ է, որ այս շախմատային պարտիան Փաշինյանը տանուլ է տալու, քանի որ իր ընտրած տակտիկան նրան ու իր ողջ թիմին կանգնեցնելու է քաղաքական փակուղու առաջ։
ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ