Պակիստանը դադարեցրեց երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ
Պակիստանը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ երկու պետությունների միջեւ հարաբերությունների սրման ֆոնին, որն առաջացել է Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշման առնչությամբ: Այդ մասին հայտնել է Պակիստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմեդը:
«Քանի դեռ ես երկաթուղային տրանսպորտի նախարարի պաշտոնում եմ, «Բարեկամության էքսպրես» գնացքը (միակ գնացքը, որը երթեւեկում է Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ) այլեւս չի երթեւեկելու»,-հայտարարել է նախարարը:
«Հաջորդ երեք կամ չորս ամիսները շատ կարեւոր են, կարող է պատերազմ սկսվել, բայց մենք դա չենք ցանկանում,-հավելել է նախարարը՝ մեկնաբանելով Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ ստեղծված իրադրությունը:-Եթե մեր դեմ պատերազմ սկսվի, ապա այն կդառնա վերջինը»:
«Բարեկամության էքսպրեսը» միակ գնացքն է, որը շաբաթական երկու անգամ Լահորից Նյու Դելի էր մեկնում Աթարիով: Առաջին երթուղին գնացքը կատարել է 1976 թվականի հուլիսի 22-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



