«Չարժե մի անշնորհք երիտասարդի պատճառով վարկաբեկել եկեղեցականներին». ո՞վ է վիրավորել Զարուհի Բաթոյանին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, թե երեկ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման հրավերով կառույցի կենտրոնական գրասենյակում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի մասին քննարկման ժամանակ իրեն վիրավորել են:
«Ինչպես հրավիրող կողմն էր վստահեցնում՝ հանդիպման նպատակը կառուցողական և գաղափարական քննարկման հարթակ ստեղծելն էր։ Ցավում եմ, որ ՀԵՀԵՄ-ի անդամները ջերմ հարաբերությունների մեջ են ատելության խոսք տարածող հայտնի «Կամք» նախաձեռնության անդամների հետ և հանդուրժող են նրանց՝ ՀՀ քաղաքացուն և քրիստոնյային անվայել վարքագծի հանդեպ։ Ցավում եմ նաև, որ տեղում քայլեր չձեռնարկվեցին կանխելու նրանց անպարկեշտ պահվածքը, որը հնարավոր էր կանխատեսել»,- գրել է նախարարը:
ՀԵՀԵՄ-ի ֆեյսբուքյան էջում հանդիպման ավարտից հետո կատարված գրառման մեջ նշված է. «Ներողություն խնդրում չնախատեսված հուզական պոռթկումների և անձնական վիրավորանքների համար, որոնք կանխել չհաջողվեց»:
Հանդիպման մոդերատոր «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ տղան, որը վիրավորել է նախարար Բաթոյանին, եկեղեցու ներկայացուցիչ չէ, նա կրել է «Կամք» նախաձեռնության շապիկը և ներկայացել է՝ իբրև այդ նախաձեռնության անդամ:
«ՀԵՀԵՄ-ում տեղի ունեցածը հանրային բաց երիտասարդական հանդիպում էր, որին գրանցվել էին տարբեր կազմակերպություններ և անհատներ: Հանդիպումը, ինչպես և հայտարարվել էր ի սկզբանե, ընթացել է քրիստոնեական սիրո, փոխհարգանքի և հանդուրժողականության մթնոլորտում՝ մոտ երեք ու կես ժամ, որ ընթացքում պաշտոնյաները պատասխանեցին գրեթե բոլոր հարցերին: Սակայն հանդիպման ավարտին մասնակիցներից մեկը հարց տալու իրավունք վերցնելով՝ իրեն պահեց անվայել ձևով և անմիջապես անցավ վիրավորանքների և ցուցաբերեց ագրեսիվ պահվածք, որի արդյունքում վիրավորեց նաև նախարարին:
Բոլոր մասնակիցների համար կատարվածը դատապարտելի էր, սակայն նաև ընկալելի, որ բաց քննարկման ժամանակ կարող են հանդես գալ տարատեսակ մարդիկ, և հնարավոր չէ հարյուր տոկոսով կանխատեսել յուրաքանչյուրի դաստիարակությունը, պահվածքը, արտահայտվելիք բառերը, մանավանդ՝ Ստամբուլյան կոնվենցիայի քննարկման հարցում, երբ հասարակության մեջ վերջին շրջանում և՛ կոնվենցիայի ջատագովները, և՛ ընդիմադիրները բավականին սուր արտահայտություններ են գործածում՝ երկուստեք միմյանց վիրավորելով:
Ընդ որում, երիտասարդի հնչեցրած արտահայտությունն ի սկզբանե պարզ չէր, թե ում է ուղղված, քանի որ «ինչո՞ւ պետք է մարմնավաճառները սովորեցնեն մեր երեխաներին» արտահայտության ժամանակ նրա առջև նստած էին առնվազն երեք կին, որոնցից մեկը ես էի: Այդ արտահայտությունը մի քանի անգամ կրկնելուց հետո, Զառա Բաթոյանը հարցրեց՝ արդյո՞ք այդ արտահայտությունն իրեն է վերաբերում, ինչին ի պատասխան՝ տղան ասաց՝ այո: Դրանից հետո Զարուհի Բաթոյանը դուրս եկավ սրահից»:
Մեր զրուցակիցը նկատեց՝ կատարվածն անկանխատեսելի էր, և դրանում մեղադրել ՀԵՀԵՄ-ին, Հայ Առաքելական եկեղեցուն, եկեղեցականներին կամ քրիստոնյաներին, անհիմն է.
«Ոչ մի քրիստոնյա՝ ոչ կին, ոչ հոգևորական, չի կարող իրեն լավ զգալ դիմացինին վիրավորելու համար: Ի դեպ, ես՝ որպես մոդերատոր, անմիջապես ներողություն խնդրեցի տիկին Բաթոյանից միջադեպի համար: Տիկին Բաթոյանի անձնական իրավունքն է՝ պահանջել դատական կարգով քննություն, սակայն, ես կարծում եմ՝ չարժե մի անշնորհք երիտասարդի պատճառով վարկաբեկել եկեղեցականների անունը կամ վերաբերմունքը կատարվածի հանդեպ, և անտեսել այն առողջ քննարկման արդյունքները, որոնք գրանցվեցին հանդիպման ընթացքում»:



