«Փաշինյանն իր իրարամերժ հայտարարություններով մեծ խնդիր է ստեղծում Հայաստանի և Արցախի համար. շատ անլուրջ կերպարով է հանդես գալիս». Գագիկ Համբարյան

Հարցազրույց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ

– Պարոն Համբարյան, Նիկոլ Փաշինյանը ստեփանակերտյան ելույթում մի քանի անգամ վանկարկեց «միացում» բառը, նաև մի քանի անգամ հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Որքանո՞վ են այս մոտեցումները տեղավորվում Արցախի սուբյեկտայնության բարձրացման, Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու նպատակադրումների տրամաբանության մեջ, որոնք հայտարարում է նույն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Արդյոք Ստեփանակերտի իր հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը չի՞ վտանգում Արցախի սուբյեկտայնությունը։

– Պարոն Փաշինյանն ավելի շատ հուզականին է զարկ տալիս նման միջոցառումների ժամանակ և մի փոքր կտրվում է իրականությունից: Նախ այն, որ Արցախը, Հայաստանը, ամբողջ հայությունը միասնական են, գիտենք բոլորս, այդ «միացում» բառը կրկնելը մի փոքր տարօրինակ էր: Երկրորդ տարօրինակությունն այն էր, որ պարոն Փաշինյանն իր կարծիքով՝ մեծ հայտնագործություն արեց, երբ ասաց, որ Արցախը Հայաստան է: Չի կարող որևէ հայ լինել, որ մտածի, թե Արցախը Հայաստան չէ:

Այս տեսանկյունից պարոն Փաշինյանը երևի փորձում է կրկնել 1988թ. Լևոն Տեր-Պետրոսյանի քայլերը՝ համազգային շարժման լիդերի դափնին իր վրա վերցնել՝ մոռանալով, որ դեռ կան այն մարդիկ, ովքեր հիշում են Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղու սկիզբը: Պարոն Փաշինյանը մոռանում է, որ քաղաքականության մեջ շատ դեպքերում ուրիշի խոսքերը կրկնելը մի փոքր գեղեցիկ չէ:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Փաշինյանի հայտարարությունները համապատասխանում են նրա որդեգրած արտաքին քաղաքական գծին, ապա, իհարկե, չեն համապատասխանում: Եթե իշխանության գալուց հետո պարոն Փաշինյանը հայտարարում է, որ Արցախն առանձին պետություն է, և ինքը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, ինքը պետք է իր կարգավիճակի վերաբերյալ բանակցություններում իր կոնկրետ խոսքն ասի, ապա ինչ տեղի ունեցավ, որ պարոն Փաշինյանը Ստեփանակերտում երեկ հայտարարեց, որ Արցախը Հայաստան է:

Հիմա արդեն նույն ադրբեջանական մամուլը և ՀՀ հակառակորդները միջազգային ասպարեզում առաջ են տանում այն թեզը, որ պարոն Փաշինյանը տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին, և որ Արցախն իրականում բացարձակ ոչ մի առանձին հանրապետություն էլ չէ, ինչպես իրենք էին պնդում՝ Արցախը մարիոնետային կազմավորում է Հարավային Կովկասում, որն ամբողջությամբ ղեկավարվում է Երևանի կողմից, և որ Արցախի կարգավորման վերաբերյալ Հայաստանի թեզերը կեղծ էին, և վերջապես պարոն Փաշինյանը պարզ բացահայտեց, թե ով է իրականում Արցախի տերը՝ հայտարարելով՝ Արցախը Հայաստան է, և վերջ:

Այստեղ խնդիրն այն է, որ պարոն Փաշինյանն իր իրարամերժ հայտարարություններով մեծ խնդիր է ստեղծում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար, էլ չեմ ասում, որ շատ անլուրջ կերպարով է հանդես գալիս հայ հասարակության և միջազգային հանրության առաջ:

Հիմա խնդիրն այն է, որ պարոն Փաշինյանը պետք է ավելի լուրջ վերաբերվի իր ելույթներին, եթե ինքը ելույթ է ունենում Ստեփանակերտում, դա չի նշանակում, որ միջազգային հանրությունն անուշադրության է մատնում իր ելույթները: Նրա ելույթները պետք է իրենց մեջ լրջություն պարունակեն:

Պարոն Փաշինյանն իշխանության գալուց հետո առաջ էր տանում այն թեզը, որ Արցախն ինքը պետք է որոշի իր կարգավիճակը և ինքը պետք է մասնակցի բանակցություններին: Հիմա եթե ինքը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է, նշանակում է՝ Հայաստանն է որոշելու իր փոխարեն: Հիմա ո՞ւր մնաց իր թեզը: Բացի այդ, մեկ տարի այդ թեզն առաջ էր տանում, որևէ միլիմետր առաջ գնացե՞լ է այդ թեզը կյանքի կոչելու հարցում: Չի կարելի այս աստիճանի անլրջանալ. բոլոր ոլորտներում այդ իրավիճակն է: Հիմա հասել ենք արտաքին քաղաքականության ոլորտ, որտեղ մեզ ոչ ոք չի ներելու: Եթե ներքաղաքական պոպուլիզմը քիչ թե շատ կուլ է տրվում որոշակի զանգվածի կողմից, արտաքին քաղաքականության ոլորտում պոպուլիստական այս հայտարարություններն ուղղակիորեն շատ լուրջ խնդիրներ են ստեղծելու մեզ համար:

– Ներկայացնելով համազգային համաձայնության համար անհրաժեշտ կոնսենսուսները՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հարցի լուծման համար Հայաստանի և Արցախի կառավարությունների համար կարող է ընդունելի դիտվել միայն այն տարբերակը, որը կարժանանա Հայաստանի և Արցախի հանրությունների հավանությանը։ Արդյո՞ք այս հայտարարությունը նշանակում է, որ կարգավորման այս կամ այն տարբերակը կարող է հանրաքվեի ներկայացվել Հայաստանում ու Արցախում։

– Նախ՝ Հայաստանում չի կարող Արցախի կարգավիճակի կամ կարգավորման վերաբերյալ հանրաքվե անցկացվել, որովհետև Արցախի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե արդեն տեղի է ունեցել, իսկ Արցախի ապագայի վերաբերյալ որևէ որոշում պետք է կայացվի միայն Արցախում: Եթե այդ թեզն է առաջ տարվում, նույն մեր արևելյան հարևանները՝ ադրբեջանցիները, կարող են առաջ տանել այն թեզը, որ նույն հանրաքվեն էլ, որը պետք է տեղի ունենա Հայաստանում, անցկացվի նաև Ադրբեջանի տարածքում, ու մենք կրկին կանգնելու ենք փակուղու առաջ: Պարոն Փաշինյանը հիմա պետք է այդ հարցը լուծի, որ հանրաքվեն, որը պետք է անցկացվի Արցախում, անցկացվի այն ժողովրդագրական պատկերի հիման վրա, որը եղել է Արցախում 1988-89թթ., այսինքն՝ բնակչության 76 տոկոսը եղել են հայեր, 21 տոկոսը եղել են ադրբեջանցիներ, իսկ մյուս 3-4 տոկոսը՝ այլ ազգեր: Հայկական կողմը պետք է դրա վրա աշխատի, ոչ թե պարոն Փաշինյանը նախ հայտարարի՝ Արցախը պետք է իր ապագայի հարցը լուծի, հիմա էլ հայտարարի՝ Արցախի և Հայաստանի հասարակությունները պետք է որոշում կայացնեն:

Այս փուլում Արցախի ապագայի վերաբերյալ որոշումը կայացվում է Արցախում, իսկ հետագայում՝ կարգավիճակի ճշգրտումից հետո, շատ կարևոր է, որ իրոք Արցախը դառնա Հայաստանի մասնիկ: Բայց դա ապագայի ծրագիր է, որի վերաբերյալ հիմա խոսելը համարում եմ ավելորդ:

– Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Արցախում հաջորդ տարի կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին՝ հայտարարելով, որ Հայաստանը հանդես է գալիս՝ որպես այդ ընտրությունների երաշխավոր։ Արդյոք կարո՞ղ ենք այս հայտարարությունն ընդունել՝ որպես ազդակ, որ Հայաստանի իշխանությունը չի փորձի խառնվել Արցախի ներքաղաքական գործընթացներին, թե՞ այնուամենայնիվ կգնա սեփական նախընտրելի թեկնածուին անցկացնելու ճանապարհով, ինչի մասին գրում ու խոսում են մամուլում ու քաղաքական շրջանակներում։

– Այս հայտարարությունը ևս նշանակում է, որ ՀՀ իշխանությունները ներգրավվում են Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, որն անթույլատրելի է: Դուք հիշում եք՝ ժամանակին նույն Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ անընդհատ բարձրաձայնում էր, որ Մարտի 1-ի հանրահավաքները ճնշելու ժամանակ Արցախից զորքեր են բերվել, և մեղադրում էր Արցախի իշխանություններին՝ ՀՀ ներքին գործերին խառնվելու մեջ, հիմա որպես ի՞նչ է պարոն Փաշինյանը հայտարարում, որ իրենք են երաշխավորը:

Ես նորից եմ կրկնում՝ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, հասկանում եք, մենք պետք է չշեղվենք մեր կողմից առաջադրված թեզից, և եթե մենք անընդհատ ներգրավվում ենք Արցախի ներքին գործերին՝ ամեն պատեհ ու անպատեհ առիթով, մենք դրանով ջուր ենք լցնում Ադրբեջանի ջրաղացին: Ոլորտներ կան, որտեղ ՀՀ իշխանությունները կարող են դիտորդի կարգավիճակ ունենալ: Որոշ ոլորտներում, իհարկե, Հայաստանի և Արցախի իշխանությունների համագործակցությունը պարտադիր է, դրանք անվտանգության խնդիրներն են, բայց երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում ենք, որ երաշխավոր ենք Արցախում տեղի ունեցող ընտրություններին, դա նշանակում է, որ մենք խառնվում ենք նրանց ներքին գործերին ու, միևնույն  ժամանակ՝ հերքում ենք մեզ: Մենք սխալ ենք հանում մեզ, որ Արցախն ինքնուրույն հանրապետություն է, որն ունի իր ներքին կառավարման բոլոր օղակներն ու համակարգերը:

Տեսանյութեր

Լրահոս