«Բարձրաստիճան պաշտոնյայի կերպարի համար անընկալելի ենք համարում երկրի փաստացի ղեկավարի անզուսպ հռետորաբանությունը». ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հռչակագիր է ընդունել
Ավարտվեց օգոստոսի 2-4 Դիլիջանում անցկացվող ՀՀԿ երիտասարդական կազմակերպության #ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումը։
Ֆորումի ավարտին մասնակիցները կազմեցին և ընդունեցին հռչակագիր։ Մասնավորապես՝ երիտասարդները անթույլատրելի համարեցին Հայաստանի և Արցախի միջև հակասությունյունների սերմանումը, պոպուլիզմի դրսևորումները, անհանդուրժողականությունը, խոսքի ազատության նկատմամբ ամոթալի ոտնձգությունները, հայկական ավանդական արժեհամակարգի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապազգային արշավը։
«Անկախ քաղաքական դաշտի դասավորությունից՝ ամենօրյա հետևողական աշխատանքով, ամեն մեկ մեկս մեր տեղում շարունակելու ենք գործունեություն ծավալել ի բարօրություն մեր հարազատ երկրի։ Խորապես գիտակցելով Հայաստանի հիմնական արմատական ընդդիմադիր ուժը լինելու կարևորությունը՝ շարունակելու ենք կատարել մեր համակիրների առջև ստանձնած պարտավորությունը՝ պայքարել մեր երկրի զարգացման համար։ Ընդդիմադիր, թե այլ կարգավիճակում պատրաստ ենք մեր ջանքերը միացնել մեր եղբայրների և քույրերի հետ հավաքական ուժի հաղթանակի կերտման համար, որի անունն է «Հզոր Հայաստան»»,- ասվում է հռչակագրի տեքստում։
Հռչակագիր
Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտը գտնվում է բարձր տուրբուլենտականության գոտում։ Երկրի առջև ծառացած հին մարտահրավերներին ավելացել են նորերը։ Դրանք հիմնականում պայմանավորված են մեր երկրի իշխող քաղաքական ընտրանու մասնագիտական մրցունակության ցածր մակարդակով և մերժողականության հասնող անհանդուրժողականությամբ։ Տեղեկատվական հեղափոխության արդյունքում առաջ եկած գործիքակազմը խթանում է ծայրահեղական, ամբոխավարական քաղաքական դիսկուրսը։ Համաշխարհային պատուհաս դարձած կեղծ լուրերի (fake news) երևույթը իր հերթին ապակայունացնում և թունավորում է երկրի ներքաղաքական կյանքը։
Ուստի`
Մենք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության «ԵԿԴիլիջան» ֆորումի մասնակցիներս, արտահայտելով պահպանողական հայացքների տեր երիտասարդության համատեղ կամքը, առաջնորդվելով ցեղակրոն ուսմունքի հիմնադրույթներով ու կարևորելով Հայաստանի Հանրապետության հարատևման և հզորացման հիմք հանդիսացող պետականակենտրոն հարացույցը.
- Հայաստանի Հանրապետության ապագայի հետ անհամատեղելի ենք համարում երկու հայկական հանրապետությունների՝ Հայաստանի և Արցախի միջև արհեստածին հակասությունների սերմանումը,
- Անթույլատրելի ենք համարում պոպուլիզմի ակնհայտ դրսևորումներով վարվող ներքին և արտաքին քաղաքականությունը,
- Դատապարտում ենք այլոխոհության նկատմամբ տոտալ անհանդուրժողականությունը և խոսքի ազատության նկատմամբ ամոթալի ոտնձգությունները,
- Բարձրաստիճան պաշտոնյայի կերպարի համար անընկալելի ենք համարում երկրի փաստացի ղեկավարի անզուսպ հռետորաբանությունը, որը պատճառ է հանդիսանում հասարակության արհեստական պառակտմանը,
- Մտահոգիչ ենք համարում երկրում ահագնացող արժեքաբանական ճգնաժամը, որը հետևանքն է հայկական ավանդական արժեհամակարգի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապազգային արշավի,
Անկախ քաղաքական դաշտի դասավորությունից՝ ամենօրյա հետևողական աշխատանքով, ամեն մեկ մեկս մեր տեղում շարունակելու ենք գործունեություն ծավալել ի բարօրություն մեր հարազատ երկրի։ Խորապես գիտակցելով Հայաստանի հիմնական արմատական ընդդիմադիր ուժը լինելու կարևորությունը՝ շարունակելու ենք կատարել մեր համակիրների առջև ստանձնած պարտավորությունը՝ պայքարել մեր երկրի զարգացման համար։ Ընդդիմադիր, թե այլ կարգավիճակում պատրաստ ենք մեր ջանքերը միացնել մեր եղբայրների և քույրերի հետ հավաքական ուժի հաղթանակի կերտման համար, որի անունն է «Հզոր Հայաստան»։
ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպություն