
ՉԺՀ-ի իշխանությունները հանձնարարել են դադարեցնել գյուղատնտեսական արտադրանքի գնումներն ԱՄՆ-ից

Չինաստանի կառավարությունը կարգադրել է, որ պետական ընկերությունները դադարեցնեն ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը ԱՄՆ-ի դեմ առեւտրական պատերազմի նոր էսկալացման ֆոնին: Այդ մասին հայտնելէ Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրա տվյալներով՝ չինական ագրոարդյունաբերական ընկերություններն արդեն կատարել են այդ հանձնարարությունը եւ այժմ սպասում են ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական բանակցությունների արդյունքներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 1-ին հայտնել է, որ իր երկիրը սեպտեմբերի 1-ից 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր կսահմանի ՉԺՀ-ից 300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար: Սպիտակ տան ղեկավարը որպես այդ քայլի պատճառներից մեկը նշել է այն փաստը, որ Չինաստանը չի կատարել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնումներն ավելացնելու իր խոստումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: