Թռիչքների, ուշացումների և ինքնաթիռի գտնվելու վայրի մասին բոլոր տեղեկությունները՝ հայկական արմատներ ունեցող Flighty-ում

Հուլիսի 23-ին թողարկված Flighty հավելվածը թողարկումից անմիջապես հետո բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց և գրանցեց տպավորիչ արդյունքներ: Հավելվածի համահիմնադիրը և գրաֆիկ դիզայները 19-ամյա Արմեն Պետրոսյանն է, ով, չնայած երիտասարդ տարիքին, արդեն մի քանի տարի աշխատում է ՏՏ ոլորտի հաջողակ նախագծերում:

Արմեն Պետրոսյանը 4 տարի սովորել է ՀԱՊՀ քոլեջի ծրագրավորման բաժնում, իսկ այժմ էլ նույն բաժնի բակալավրի ուսանող է:

«12 տարեկանում հայկական արդեն չգործող ՏՏ բլոգներից մեկում էի աշխատում: Արտասահմանյան կայքերից նորություններ էի թարգմանում, տեղադրում կայքում: 13-14 տարեկանում սկսեցի հետաքրքրվել գրաֆիկ ու վեբ դիզայնով: Տեսանյութերի միջոցով սկսեցի տանը սովորել ու սկսեցի ազատ գրաֆիկով աշխատել Upwork-ում: Հետագայում աշխատել եմ նաև MUTI Studio-ում, Freepik HQ և 99designs ընկերություններում՝ որպես դիզայներ՝ remote տարբերակով:

13 տարեկանում բացել եմ GraphicGang.com սոցիալական էջերը, որի հետ դեռ բավականին պլաններ կան կայքի տեսքով: 2016-ին ստեղծել եմ pixelo.net դիզայն ռեսուրսների օնլայն հարթակը: Դրան հաջորդող տարի արտասահմանցի ընկերոջս հետ, ում հետ ծանոթացել եմ դիզայն կոնֆերանսներից մեկի ժամանակ, բացել ենք artboard.studio կայքը, որի միջոցով հնարավոր է առանց դիզայնի գիտելիքներ ունենալու՝ արագ և հեշտ ստեղծել մի շարք mockup-եր»,- 168.amի հետ զրույցում պատմում է Արմեն Պետրոսյանը:

Կարդացեք նաև

Flighty հավելվածի վրա աշխատել է 5 հոգանոց թիմ: Թիմի անդամներից միայն Արմեն Պետրոսյանն է հայ: Թիմի մյուս անդամները ներկայացնում են ԱՄՆ Տեխաս նահանգը, Գերմանիան և Բարսելոնան:

Ի սկզբանե իրար ճանաչել են միայն երկու համահիմնադիրները՝ Արմեն Պետրոսյանը և Ռայան Ջոնսը:

«Վաղուց կար միտք նման ծրագիր ստեղծել, չնայած չեմ կարողանում հիշել, թե  որտեղից եկավ միտքը: Երևի թե ընկերներիցս մեկի ասածի պես, փոքր տարիքի օդաչու դառնալու երազանքն այս ծրագրով որոշեցինք փոխանակել: Դեռ 2017 թվականի կեսերից արդեն սկսել էինք ուորշ քայլեր անել: Փորձում էինք հնարավոր ուղիներ գտնել բազաներ ու ինֆորմացիա հավաքելու ուղղությամբ: Բուն աշխատանքը սկսեցինք 2018-ի հունվարի կեսերից:

Վերջնական թիմը հավաքվեց շատ պատահական: 2017-ի դեկտեմբերի 31-ին ես ու համահիմնադիրն ԱՄՆ-ի օդանավակայաններից մեկում վերջին պահին իմացանք, որ չվերթը հետաձգվել է, չնայած մեր ձեռքի տակ ունեցած ոչ մի ծրագիր դրա մասին մեզ նախօրոք չէր էլ տեղեկացրել: Ու ընկերս Twitter-ում գրեց դրա մասին, ու ասաց, որ վաղուց որոշել էինք ծրագիր ստեղծել, ու անընդհատ ձգձգվում էր, բայց հիմա վերջնական է որոշումը: Ու մի շարք մարդիկ արձագանքեցին, ու հենց առաջին մի քանի արձագանքողներն էլ դարձան Flighty-ի թիմի անդամները»,- հիշում է Արմենը:

Flighty-ն, կարելի է ասել, դասական flight tracker կոչվածի մի փոքր ավելի բարելավված տարբերակն է: Հիմնական նպատակը թռիչքների վերաբերյալ հնարավոր ցանկացած տեղեկատվության տրամադրումն է:

«Այս պահին Flighty-ն տրամադրում է թռիչքների ուշացումների, տերմինալների, gate-երի աշխատանքի ու փոփոխությունների վերաբերյալ ինֆորմացիա: Կատարում է նաև ռադարի դեր: Թռիչքի ընթացքում հնարավոր է քարտեզի վրա տեսնել ձեր ինքնաթիռի գտնվելու վայրը: Նույնիսկ թույլ է տալիս դիտել նախատեսված և ինքնաթիռի թռիչքի երթուղիները, քանի որ երբեմն գրանցված երթուղուց կարող է շեղվել ինքնաթիռը՝ եղանակային ու այլ պատճառներով:

Շուկայում առկա մի շարք Flight tracker-ի նկատմամբ ունի հիմնական 3 առավելություն: Կարելի է ասել, այսպես կոչված, էքսկլյուզիով հնարավորություններ.

1. Ձեր նախատեսված թռիչքից 25 ժամ առաջ սկսում է ծանուցումներ տալ և հնարավորություն է տալիս քարտեզի վրա դիտել ձեր ինքնաթիռի գտնվելու վայրը, որով դուք պետք է կատարեք ձեր թռիչքը:

2. Ինքնաթիռի թռիչքի մասին դետալացված ինֆորմացիա՝ gate-երի, տերմինալների փոփոխություն, ծանուցումներ նախատեսվող փոփոխությունների կամ արդեն գրանցված տվյալների մասին: Ինչպես նաև ծանուցում՝ տոմսի օնլայն գրանցման բացման դեպքում:

3. Ամենակարևորը, որ հավելվածը տրամադրում է տեղեկություն թռիչքների ուշացման մասին անգամ ավելի շուտ, քան այդ մասին կհայտնի օդանավակայանը»:

Flighty-ն արդեն մի շարք արդյունքներ է գրանցել՝ չնայած դեռ մեկ շաբաթական է:

«Արդեն ունենք 100 հազար ներբեռնում, որոնց գրեթե 90%-ը բաժանորդագրվել է Պրո տարբերակի փորձնական շրջանին: Արդեն մեկ շաբաթ է՝ App Store-ի Apps We Love Right Now (Հավելվածներ, որ մենք սիրում ենք հենց հիմա) կատեգորիայում ենք ընդգրկված ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդեռլանդների ու Կանադայի տարածքում: Իսկ ծրագրի թողարկման 2-րդ օրը App Store-ի կողմից ստացանք Editors’ Choice (խմբագրի ընտրությունը) գնահատականը:

ԱՄՆ-ի տարածքում հասցրել ենք արդեն ճանաչվել նաև օրվա լավագույն Travel հավելված»:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս