«Արցախին տրամադրվող ԱՄՆ աջակցության կրճատման 2 գլխավոր պատճառ պետք է դիտարկել». վերլուծաբան
«Այն, ինչ ներկայումս նախաձեռնել է ԱՄՆ նախագահի վարչակազմը և արդեն իսկ իրականացնում է շատ տարբեր ուղղություններով, հայտնի էր դեռ վերջին նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, քանի որ Թրամփի նախընտրական ծրագիրը խոստանում էր ամերիկյան բոլոր տեսակի ռեսուրսների՝ առավելապես դիվանագիտական, ֆինանսական, կենտրոնացում ԱՄՆ քաղաքացու կյանքի վրա»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ կառավարությունը նախատեսում կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը։
Հիշեցնենք, որ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը, որի նպատակն է ականապատված տարածքների ականազերծումը։
«Սա USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի դադարեցումը լուրջ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում։ Կոչ եմ անում ամերիկաբնակ ընկերներիս միանալ Հայ Դատի գրասենյակի կազմակերպած արշավին: Նորից եմ ասում, սա լրջագույն քաղաքական հետևանքներ է ունենալու: Սա դառնալու է քաղաքական և իրավական նախադեպ, որի հետևանքները բոլորս ենք գիտակցում:
P.S. ԱՄՆ-ը աշխարհի միակ պետությունն է ՀՀ-ից հետո, որ չճանաչելով Արցախի անկախությունը՝ ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Ստեփանակերտին»,- գրել էր Սուրեն Սարգսյանը։
Սրան զուգահեռ՝ օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը շեշտակի կերպով ավելացնում է Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը, որն անհամեմատելի է Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալների հետ։
Սյուզան Ստյուարտն ասաց, որ այս կրճատումը գլխավորապես պետք է դիտարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և ծրագրերի կոնտեքստում։
Ըստ նրա՝ այն, ինչ ներկայումս նախաձեռնել է ԱՄՆ նախագահի վարչակազմը և արդեն իսկ իրականացնում է շատ տարբեր ուղղություններով, հայտնի էր դեռ վերջին նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, քանի որ Թրամփի նախընտրական ծրագիրը խոստանում էր ամերիկյան բոլոր տեսակի ռեսուրսների՝ առավելապես դիվանագիտական, ֆինանսական, կենտրոնացում ԱՄՆ քաղաքացու կյանքի վրա։
Նա նշեց, որ ոմանք դա ամբոխահաճություն՝ պոպուլիզմ էին համարում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկյան հասարակության որոշ շերտերի շրջանում կային նման տրամադրություններ։ Բայց, ըստ նրա, Թրամփի աշխատակազմը սկսեց իրագործել այդ խոստումները։ Ավելին, Ստյուարտի կարծիքով, գուցե ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ այս գիծն էլ ավելի ակտիվացվի։
«Այս միտումը սկսվեց Թրամփի կողմից իշխանությունը ստանձնելուց կարճ ժամանակ անց։ Այս հարցում ԱՄՆ նախագահը կիրառում է իր գործարարի հոգեբանությունը՝ առաջնորդվելով բացառապես ԱՄՆ քաղաքացու շահերով։ Բայց որոշ հարցերում այս քաղաքականության հետևանքով գուցե տուժի ամերիկյան ազդեցությունը որոշ գոտիներում, որոշ ամերիկացի վերլուծաբաններ ևս խոսում են այդ մասին, անհանգստանում, շատ խնդիրներում այդ փորձագետներն ակնկալում են ավելի բարձր մակարդակի ամերիկյան դիվանագիտական ներգրավվածություն, որը տեղի չի ունենում։
Ես այն համոզմանն եմ նաև, որ միանգամից տեղի չի կարող ունենալ օժանդակության կրճատումը ողջ աշխարհում, և այս դեպքում խոսքը լինելու է կրճատման և ոչ վերացման մասին։ ԱՄՆ-ը կրճատումներ կանի այն գոտիներից, որոնցից հնարավոր է, որոնցից ավելի պասիվ ազդակներ է ստանում, քաղաքականապես ավելի պակաս ակտիվություն է նկատվում։ Ուստի, կարծում եմ՝ գլխավոր և փոքր պատճառները, որոնք նման արդյունք են տվել, փոխկապակցված են։ Չեմ կարող ասել, թե սա հատուկ ուղերձ է՝ ուղղված Հայաստանին, բայց կարող եմ ասել, որ սա ազդակ է, որը պետք է ստիպի զբաղվել այս հարցով, որպեսզի Արցախը շարունակի օգտվել ամերիկյան օգնությունից, որն այդքան անհրաժեշտ է Արցախին և տարիներ շարունակ լրջագույն խնդիրների է ծառայել»,- ասաց նա։
Խոսելով Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող ամերիկյան ռազմական աջակցության ծավալների միջև առկա տարբերությունից՝ գերմանացի վերլուծաբանն ասաց, որ հավասարակշռման կարիք կա, դա պետք է անեն ՀՀ իշխանությունները դիվանագիտական խողովակների միջոցով։
«Սա չի ենթադրում հրապարակային աշխատանք։ Բայց Հայաստանը ևս կարևոր երկիր է տարածաշրջանում, լավ աշխատանքի դեպքում պատկերը կարող է փոխվել ի օգուտ Հայաստանի»,- ասաց նա։