«Սա, իհարկե, ունենալու է շատ վատ քաղաքական և իրավական հետևանքներ». Միջազգայնագետը՝ ԱՄՆ-ից կողմից Արցախին տրվող աջակցության կրճատման մասին
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի նպատակն է ականապատված տարածքների ականազերծումը։ Նրա խոսքով՝ նման որոշումը լուրջ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում, ինչը կարող է ունենալ լուրջ քաղաքական և իրավական նախադեպ։
168.am-ը թեմայի շուրջ զրուցեց Սուրեն Սարգսյանի հետ։
– Պարոն Սարգսյան, ԱՄՆ Կառավարության այս որոշումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։
– Միացյալ Նահանգների կողմից Արցախին տրվող ֆինանսական օգնությունը եղել է ամենատարբեր խողովակներով՝ եղել են թե՛ USAID-ի կողմից ֆինասավորվող, թե՛ Կոնգրեսի կողմից նախատեսված, այսինքն՝ եղել է ամենատարբեր խողովակներով եկող օգնություն։ Դրանց միջոցով Արցախում խմելու ջրի խողովակներ են անցկացվել, ականազերծման աշխատանքներ են իրականացվել և այլն։ Հիմա, երբ խողովակներից մեկը փակվում է, կոնկրետ այս դեպքում USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը չեղարկվում են, սա, իհարկե ունենալու է շատ վատ քաղաքական և իրավական հետևանքներ, որովհետև արդեն պատկերացնում եք, թե ինչ ակտվությամբ է Ադրբեջանն աշխատում, որպեսզի ԱՄՆ-ի կողմից որևէ աջակցություն չգնա Արցախին։
Աշխարհում Միացյալ Նահագները Հայաստանից հետո միակ պետությունն է, որը, չճանաչելով Արցախի անկախությունը, ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում նրան։ Այնպես որ, սա շատ կարևոր խողովակ է, և այնպես պետք է անել, որպեսզի այդ խողովակը շարունակի գործել, և Արցախին ֆինանսական աջակցությունը շարունակվի։
Հենց սրա համար են մեր համայնքի ակտիվ հատվածները, այդ թվում՝ լոբբիստական կառույցները, ակտիվ աշխատում։ Երեկ էին համայնքին կոչ արել ակտիվանալ, զանգահարել էին Կոնգրեսի ներկայացուցիչներին և կոչ արել՝ հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի այս խողովակով Ստեփանակերտին տրվող ֆինանսական աջակցությունը չդադարեցվի։ Սա ակտիվ գործընթաց է, որտեղ համատեղ աշխատանք պետք է տարվի Հայաստանի, Արցախի, նաև մեր լոբբիստների կողմից։
– Բացի համայնքի ակտիվ հատվածի գործողություններից, այս հարցում հայկական կողմը պետական մակարդակով ի՞նչ կարող է անել։
– Մեր արտգործնախարարությունը և դեսպանությունը, իհարկե, կարող են ակտիվ աշխատանքներ տանել՝ հանդիպել իրենց գործընկերների, USAID-ի ներկայացուցիչների, այլ գործընկերների հետ և բացատրել այս ամենի կարևորությունը և աշխատել այն ուղղությամբ, որպեսզի այս ֆինանսավորման որևէ խողովակ չկրճատվի։
– Ինչո՞ւ ԱՄՆ-ը այս ժամանակահատվածում որոշեց գնալ այդ քայլին, սա ի՞նչ մեսիջ է իր մեջ պարունակում։
– Նախ՝ պետք է հաշվի առնենք, որ Թրամփի համար արտաքին օգնության տրամադրումն առաջնահերթություն չէ, և նա օգնություն առաջին հերթին՝ տրամադրում է այն պետություններին, որոնք ԱՄՆ-ի համար սկզբունքային նշանակություն ունեն։ Սրանով կարելի է պայմանավորել մի շարք այլ քայլեր, որոնք ԱՄՆ-ի ադմինիստրացիան իրականացնում է։ Բացի այդ, այնպես չէ, որ ամեն տարի բյուջեով նախատեսվում է Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը, սակայն մեր լոբբիստների ակտիվ աշխատանքի և ջանքերի շնորհիվ բյուջետային այս կամ այն հատկացումներում հնարավոր է լինում նախատեսել ֆինանսական միջոցներ՝ Արցախին օգնություն ցուցաբերելու համար։
Ես չէի առանձնացնի այս ժամանակահատվածը՝ որպես հստակ ժամանակահատված, այլ կառանձնացնեմ միայն այն հանգամանքը, որ նման փորձեր պարբերաբար եղել են և տարբեր հանգամանքներով պայմանավորված, այդ թվում՝ ադրբեջանական լոբբինգի պարագայում, հնարավոր է եղել շատ դեպքերում կանխել մեր լոբբիստների ակտիվ ջանքների շնորհիվ։ Հիմա այդ դեպքերից մեկն է, և այդ ուղղությամբ պետք է ակտիվ աշխատել։
– Այստեղ որևէ կապ տեսնո՞ւմ եք Արցախի հարցի և, այդ հարցի հետ կապված՝ ԱՄՆ դիրքորոշումների միջև։
– Որևէ ուղիղ կապ չեմ տեսնում, որովհետև այդ գործընթացը տեղի է ունենում ամեն տարի՝ բյուջետային հատկացումների քննարկման ժամանակահատվածում, և ամեն տարի չէ, որ Միացյալ Նահանգներն ինչ-որ ակնկալիք ունի կամ չունի Արցախի բանակցային գործընթացի մասով։ Այնպես չէ, որ սրանով ուզում են ինչ-որ բան ցույց տալ կամ ճնշում գործադրել, նման բան չկա։ Սա ամեն տարի տեղի ունեցող գործընթաց է, որը շատ նորմալ է։
– Այս ամենից դրական ելք ակնկալո՞ւմ եք։
– Դրական ելքը բացառապես կախված է մեր ակտիվ համայնքի, լոբբիստական կառույցների և համապատասխան գերատեսչությունների աշխատանքից։
Զվարթ Խաչատրյան