Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ թատերախմբի հավաք է անցկացրել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնը հաստատել է 24-րդ թատերական տարեշրջանի պլանները: Թատերախմբի հավաքը օգոստոսի 1-ին անցկացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունում:
«Արմեն Բորիսովիչը կոլեկտիվին շնորհավորեց տարեշրջանի բացման կապակցությամբ, թատրոնի տնօրեն Ելենա Գիլվանովան ընթերցեց ՌԴ Թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինի ուղերձը: Երբ Արմեն Բորիսովիչը մոտեցավ, ամբողջ թատերախումբը դուրս եկավ փողոց՝ դիմավորելու նրան»,-ասել են մամուլի ծառայությունում:
Թատրոնում պատմել են, որ առաջիկայում ծրագրված է «Չառլի մորաքույրը» պրեմիերային բեմադրությունը՝ ըստ անգլիացի դրամատուրգ Բրենդոն Թոմասի պիեսի: Ջիգարխանյանը «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» նշանավոր ֆիլմում խաղացել է ըստ այդ պիեսի: Մամուլի ծառայության տվյալներով՝ Ջիգարխանյանը որպես դերասան չի մասնակցելու որեւԷ ներկայացման, բայց յուրաքանչյուր բեմադրության կմասնակցի որպես գեղարվեստական ղեկավար:
«Արմեն Բորիսովիչը մասնակցում է բոլոր ներկայացումների փորձերին, անում է դիտողություններ, ինչ-որ բաներ է համաձայնեցնում»,-ասել են թատրոնում: 2018 թվականին Արմեն Ջիգարխանյանը մի քանի անգամ հոսպիտալացվել է, նա երկար ժամանակ հանրության մեջ չէր հայտնվում առողջության հետ կապված խնդիրների պատճառով: