«Լավ աշխատող ես, բայց նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի գրածները մի լայքի։ Մարության Հայկին դեմ մի լայքի` 150% պարգևավճար կստանաս». Բաբկեն Մկրտչյան
Երեկ` գիշերը, ֆեյսբուքյան օգտատեր Բաբկեն Հարությունյանն իր էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Մարության Հայկին դեմ մի լայքիր` 150% պարգևավճար կստանաս. Դավթաշենի համայնքապետարանում 8 տարի աշխատած, մարտի 1-ի դեպքերին հաշմանդամության 3-րդ կարգ ստացած, երիտասարդ ընտանիքի հայր ու ամենակարևորը` օրեր առաջ նման ծառայողական բնութագիր ստացած մարդուն ` Մարության Հայկին դեմ լայք տալու համար հասցնում են նրան, որը 8-ամսյա պայքարից հետո դիմում գրի, դուրս գա աշխատանքից:
Ու սա դեռ ամենը չէ` մի քանի ամսվա աշխատողին (բնականաբար, ձերքայլական) , բաժնի պետին… իրենցականներին տալիս են 150 % պարգևավճար, իսկ 8 տարվա փորձառու աշխատողին` 50 %: Էս չե՞ք. էսպիսի ճղճիմ քայլերից հետո մտածում եք, որ ձեզ պիտի հավատա՞ն: Շատ արխային չընկնեք, ավելին` ձգվեք, թե շուտով վերադառնալու եք ձեր հին գործին»:
Գրառմանը Բաբկեն Հարությունյանը կցել էր մի բնութագիր, որը համայնքային պաշտոնյան տվել էր իր աշխատակցին, և որում նշված էր, որ վերջինս իր աշխատանքային պարտականությունները կատարում է բարեխղճորեն, կարգապահ է, ու, առհասարակ, բարձր պրոֆեսիոնալ է:
Խոսքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Բաբկեն Մկրտչյանի մասին է, ով երեկ աշխատանքից ազատման դիմումն անձամբ է ներկայացրել վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանին, վերջինիս իսկ աշխատասենյակում:
Բաբկեն Մկրտչյանը` որպես իր աշխատանքից ազատվելու վերջին կաթիլ՝ նշել էր իր պարգևավճարի չափի հանգամանքը, այն, որ իրեն տվել են իր աշխատավարձի 50 տոկոսի չափով պարգևավճար, իսկ նոր ընդունված, իրենց հետ «քայլած» աշխատակիցներին` 150 տոկոսի չափով:
Ի դեպ, ArmDaily.am-ի հետ զրույցում վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանն ասել էր, որ «Բաբկեն Մկրտչյանը ատեստացիա պիտի հանձներ երեկ: Եվ ինքը, վախենալով, որ չի կարողանա հանձնել, ազատման դիմում գրեց: Այնինչ երեկվա դրությամբ ատեստացիա հանձնող աշխատակազմս 100%-ով հանձնել է»:
Դիտարկմանը, թե, ըստ Մկրտչյանի, պատճառն «իմքայլական» չլինելն է, թաղապետը պատասխանել էր. «Դա զրպարտություն է, իմ աշխատակազմի 80%-ը ՀՀԿ-ի ներկայացուցիչ են: «Իմքայլական» լինել կամ չլինելը ընդհանրապես կապ չունի մեր աշխատանքի հետ»:
168.am-ի հետ զրույցում Դավիթաշեն վարչական շրջանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի` արդեն նախկին գլխավոր մասնագետ Բաբկեն Մկրտչյանն ասաց, որ 8 տարի է, աշխատում է թաղապետարանում, իր աշխատանքի ու համառության շնորհիվ՝ առաջին կարգի մասնագետից հասել է մինչև գլխավորի:
«Երեք անգամ քննություն եմ տվել, 3-ն` էլ գերազանց` աստիճանաբար բարձրանալով. առաջին կարգի մասնագետ, ապա՝ առաջատար, հետո էլ` գլխավոր. Այնպես որ ատեստացիայից ես չեմ վախենում»,- իր նախկին գործատուին հակադարձեց Բաբկեն Մկրտչյանը:
Մեզ հետ զրույցում նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ խնդիրը պարգևավճարի մեջ է, թեպետ այն ավելի խորն արմատներ ունի:
«Մինչ այս դեպքն ինձ արդեն վարչական շրջանի ղեկավարը զգուշացրել էր, որ քաղաքապետի դեմ որ նյութեր են դրված լինում, ենթադրենք՝ մեկը բողոքում է աղբահանությունից, մյուսը` կանաչապատումից, երրորդն էլ` մի այլ բանի դեմ է բողոքում, ես Ֆեյսբուքում դրանք չլայքեմ: Այսինքն` չհավանեմ այդ նյութերը: Պատասխանել եմ, որ դա ես անում եմ իրենց զգաստացնելու համար, որ ավելի լավ աշխատեն: Իսկ ավելի վաղ ասել էին`Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նյութերը մի լայքի»,- հիշում է Բաբկեն Մկրտչյանը:
«Ինձ ասում էին` ոնց կլինի, որ նավով գնաս, նավապետին հայհոյես` նկատի ունենալով, թերևս, քաղաքապետին: Պատասխանում էի` թող ճիշտ գնա, չքննադատեմ: Բացատրում էի, որ ես իրենց բացերն եմ մատնանշում, որ իրենք ուղղեն, վերացնեն թերությունները, աշխատեն, ի վերջո: Բայց, ինչպես հասկացա, իրենց նավապետը չի էլ մտածում այդ մասին»,- ասաց Բաբկեն Մկրտչյանը:
Վերջինս նշում է, որ որևէ այլ աշխատանքային խնդիր չի եղել, իրեն մշտապես գովել է վարչական շրջանի ղեկավարը, ասել, որ ինքը լավ մարդ ու գերազանց աշխատող է, բայց պետք չի հավանել քաղաքապետի դեմ արված գրառումները կամ նյութերը:
«Ես որևէ մեկի չեմ զրպարտում: Ինչ ինքը եկել է, ինքն է նման գործելակերպ ընդունել: Նոյեմբերին էլ, երբ նոր էր նշանակվել թաղապետը, ինձ ասաց, որ դիմում գրեմ, ազատվեմ աշխատանքից: Հրաժարվեցի, բայց քանի որ լավ էի աշխատում, ոչ մի պատճառ չգտավ ինձնից ազատվելու: Ի վերջո, ես 7-8 ամիս պայքարում էի իմ տեղի համար»,- նշում է Դավիթաշենի թաղապետարանի` արդեն նախկին աշխատակիցը:
Ինչ վերաբերում է թաղապետ Միքայել Թումասյանի այն հայտարարությանը, թե իր աշխատակազմի 80 տոկոսը ՀՀԿ-ական է, Բաբկեն Մկրտչյանը նկատեց.
«Արդեն վաղուց այնտեղ ՀՀԿ-ական չկա: Ինչ իրենք եկել են, միակ ՀՀԿ-ականը ես եմ մնացել: Ոչ թե իրենք մնացածին հանել են, այլ նրանք են կուսակցությունից դուրս եկել: Թաղապետն ինձ նույնիսկ ասում էր, որ ինձ հարգում է, որովհետև ես հավատարիմ եմ իմ սկզբունքներին, քաղաքական հայացքներին, իմ կուսակցությանը: Նշում էր, որ իմ քաղաքական հայացքներն ու կուսակցական պատկանելությունը ոչ մի կապ չունեն, բայց փաստորեն հակառակն արեց: Մեր ողջ աշխատակազմը, անգամ՝ թաղապետի բերած մարդիկ, զարմացել էին, թե ո՞նց կարող է քեզ այդքան քիչ պարգևավճար տալ, այն դեպքում, երբ մյուսներին եռակի ավելի է տրվել»,- ասաց Բաբկեն Մկրտչյանը:
Վերջինս վրդովված նշում էր, որ իր աշխատանքի հետ կապված` ողջ օրը դրսում է եղել, աշխատել ծանրաբեռնված ու մեծ պատասխանատվությամբ: Իր պատասխանատվության ոլորտում է եղել փողոցային առևտուրը, խմիչքի, ծխախոտի ու հանրային սննդի թույլտվությունները, այդ թվում նաև` գիշերային, ինչպես նաև՝ բենզինի ու գազի թույլտվությունները:
«Աշխատանքից ազատվելու դիմումն անձամբ եմ հանձնել վարչական շրջանի ղեկավարին, իր աշխատասենյակում: Զարմացել է, ասել` ինչի՞ չես ուզում աշխատես, մնա, երկար մտածիր, մի գնա: Իրեն ասել եմ, որ, եթե մտածում են, որ ընդդիմադիր եմ, դա էլ է իրենց պետք, որ ավելի զգոն լինեն, լավ աշխատեն: Բայց իրենք չեն ուզում աշխատել: Ասել եմ, որ ապրելու խնդիր չունեմ, ու եթե իմ աշխատանքը չի գնահատվում, ես կառչած չեմ այդ աթոռից: Ի դեպ, աշխատանքից դուրս գալուց անմիջապես հետո շատ ավելի լավ աշխատանքի առաջարկ եմ ստացել ու այսօր աշխատում եմ, անգործ չեմ»,- եզրափակեց Բաբկեն Մկրտչյանը: