Բաժիններ՝

Դավիթ Անանյանը զանգել և շնորհակալություն է հայտնել Արթուր Վանեցյանին

«Հարցը համեմված է լիրիկական շեղումներով, կներեք, որ այդպես եմ ասում, որովհետև չեմ պատկերացնում, որ մենք կգանք, կհասնենք այնպիսի մի օր, որ եթե ինձ հարցնեք, կամ հետագա ՊԵԿ ղեկավարությանը հարցնեք՝ արդյոք կա՞ կաշառակերություն ձեր համակարգում, ինքը ինքնավստահ ձևով ասի՝ միանշանակ չկա»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ի պատասխան հարցադրման, թե ինչպե՞ս է, որ ՊԵԿ-ում մինչ օրս կաշառք վերցնող անձինք կան և ինչո՞ւ հնարավոր չեղավ նոր Հայաստանում հասնել նրան, որ ՊԵԿ-ում բացառվի կաշառակերությունը:

Ըստ նրա՝ ՊԵԿ-ն առանձին դեպքերում գործում է ներքին անվտանգության վարչության ռեսուրսներով, ԱԱԾ-ն իր գործառույթն է իրականացնում: Վերջին ամսում ԱԱԾ-ի բացահայտած կոռուպցիոն 2 դեպքի կապակցությամբ Դ.Անանյանը զանգել և շնորհակալություն է հայտնել Արթուր Վանեցյանին, որովհետև, նրա բնորոշմամբ, ԱԱԾ-ի աշխատանքի արդյունքում ՊԵԿ-ն ինքնամաքրվում է:

«Ցանկացած օժանդակություն, որ մենք կունենանք այդ պրոցեսում, մենք կողջունենք,- ասաց Դ.Անանյանն ու շարունակեց,- Մենք ասում ենք, որ համակարգային կոռուպցիա չկա, բայց այդ արտահայտությունը մենք արդեն չենք ուզում անենք: Վստահ եմ, որ հանրության մոտ, մենք էլ ենք սում, մեր ծառայություններն էլ են բերում, որ այո, կան կաշառակերության առանձին դեպքեր, առանձին դրսևորումներ, որոնց դեմ մենք պետք է ուղղակի անաչառ պայքար մղենք ու չդադարենք պայքար մղելուց»:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ խնդիրն այն չէ, թե կա՞ կաշառակերություն, թե՞ ոչ, խնդիրն այն է, թե կա՞ այդ կաշառակերության դեմ պայքարելու կարողություն. «Կարծում եմ՝ այդ կարողությունն ունենք՝ նաև հանրային, քաղհասարակության օժանդակության միջոցով»:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբներին ԱԱԾ-ն հայտարարել էր ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչի կողմից որպես կաշառք բազալտ քար ստանալու մասին, իսկ օրերս հայտարարվեց ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք՝ ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու հետ կապված: Հարուցվել են քրեական գործեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս