«Չեմ կարող ասել՝ ինչ էր, բայց ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է ինչ-որ մի հոգեվիճակում գտնվել». Դավիթ Անանյան
«Աննախադեպ հոսքեր ենք սպասում, նույնիսկ կանխատեսելը շատ դժվար է այս պահին, որովհետև մեր քաղաքացիների «բիզնես ակտիվությունը» շատ բարձր է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ավտոմքենաների ներկրման ծավալներին:
Ըստ նրա՝ մինչև հոկտեմբեր կավարտեն Հյուսիսային ավտոմաքսատան կառուցման աշխատանքները: Նա նշեց, որ հոսքի մեծ մասը հյուսիսից է և այդ հաշվարկով է մաքսատան վայրն ընտրվել՝ Բագրատաշենից 158 կմ հեռավորության վրա, Գոգավանից 115 կմ, Բավրայից՝ 56 կմ, և գտնվում է Հյուսիս-Հարավի մոտ:
Նա նկատեց, որ սա հապճեպ որոշում չէ, այլ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մեկնարկի ազդարարումն է՝ հրատապ ռեժիմով ավտոմաքսատան գործառույթը տեղափոխելու ակնկալիքով: Կենտրոնում աշխատանքի կընդունվեն տեղի բնակչությունից, որոնք կվերապատրաստվեն, նաև այստեղից կգործուղվեն աշխատակիցներ:
Անդրադառնալով Բագատաշենում տեղի ունեցած միջադեպերին՝ Դ.Անանյանը նշեց, որ ինքնավնասման հետ կապված ակցիան հետևել է մաքսային ծառայողների պահանջին, նա տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց, ապա ամբողջ ծավալով մաքսային ձևակերպումներն արվել են և քաղաքացին իր բեռը վերցրել ու գնացել է:
Հարցին՝ դա շոո՞ւ էր, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ինչ էր, բայց ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է ինչ-որ մի հոգեվիճակում գտնվել: Կարող է այդ հոգեվիճակից բխող ինչ-որ ակցիա լինել: Եկեք այսպես մեկնաբանենք, չասենք, որ դա կարող էր շոու լինել և այլ նպատակներ, չնայած չի բացառվում, որովհետև, ցավոք, այդ ժամանակ, երբ մեր ծառայողնրեը բոլորը զբաղված են եղել, օգնություն են ցույց տվել, կամ ուշադրությունը շեղվել է, մեր շատ հայրենակիցներ, օգտվելով այդ իրավիճակից, իրենց բեռները փախցրել են ուղղակի:
Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ կապ չունի, այդ շոուն չէր կազմակերպվել, որպեսզի այլ անձինք համաձայնեցված գործելակերպով կարողանային բեռներ տանել: Բայց նաև ուշադրություն հրավիրենք, որ մեր կողքը կան այնպիսի մարդիկ, որոնք օգտվում են ցանկացած իրավիճակից: Դուք տվեք դրա գնահատականը»:
Բագրատաշենի մաքսակետի պետի և գործարարի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ Դ.Անանյանը նշեց, որ քննություն է ընթանում, ծառայողները գործել են օրենքի շրջանակներում, կան ականատեսներ, տեսաձայանգրություններ, որոնք կուսումնասիրվեն և համապատասխան եզրակացություններ կարվեն: