
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդում իր ու իր ընտանիքի վրա

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պնդում է, որ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն կարողանա ազդել ոչ իր, ոչ էլ իր ընտանիքի վրա: Այդ մասին Իրանի ԱԳ նախարարը գրել է Twitter-ի իր էջում:
«Դա չի ազդում ինձ ու իմ ընտանիքի վրա, քանի որ ես սեփականություն կամ որեւէ շահ չունեմ Իրանի սահմաններից դուրս»,- նշել է Զարիֆը: Նրա համոզմամբ՝ Վաշինգտոնի կողմից կիրառված սահմանափակումների պատճառն այն է, որ ԱՄՆ-ը իրեն դիտում է որպես «Իրանի գլխավոր ներկայացուցիչն ամբողջ աշխարհում»:
Հուլիսի 31-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ, ինչի մասին հաղորդվում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքում:
Թրամփի վարչակազմում նշել են, որ Զարիֆն է ղեկավարում իրանական քարոզչությունը եւ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ ապատեղեկատվությունը: Նաեւ պետական պաշտոնյաները կարծում են, որ նախարարը կոծկում է սեփական ժողովրդի դեմ Իրանի իշխանությունների հանցագործությունները:
ԱՄՆ-ի իշխանություններն այլեւս մտադիր չեն Զարիֆին դիտել որպես Իրանի օրինական ներկայացուցիչ: Նրանք ցանկանում են բանակցություններ վարել երկրի այլ ներկայացուցիչների հետ:
Նախարարն ինքը Twitter-ում գրել է, որ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն կարող ազդել ո՛չ իր, ո՛չ իր ընտանիքի վրա: Նա ԱՄՆ-ին շնորհակալություն է, որ երկիրն իրեն «վիթխարի սպառնալիք» է համարում «իր շահերի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: