Բաժիններ՝

Իսրայելը հավանություն է տվել հրեա նորաբնակների համար 6000 տան շինարարությանը Արևմտյան ափին

Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է 6 հազար միավոր բնակարանի շինարարությունը հրեա նորաբնակների համար եւ 700 տների ու բնակարանների կառուցմանը պաղեստինցիների համար Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այդ մասին հայտնել է The Jerusalem Post թերթը:

Նրա տեղեկատվության համաձայն, պաղեստինցիների համար 700 տուն կառուցելու թույլտվությունը վերաբերում է «C» գոտուն, որն զբաղեցնում է Արեւմտյան ափի տարածքի 59 տոկոսը եւ գտնվում է Իսրայելի լիակատար վերահսկողության ներքո:

Հրատարակությունը նշում է, որ Իսրայելը նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ անցած շաբաթ հրեական պետության իշխանությունները պաղեստինցիների 12 տուն են քանդել Երուսաղեմի մերձակայքում գտնվող Վադի-Հումուս գյուղում, քանի որ դրանք կառուցվել էին անցած տասնամյակի կեսերին իսրայելացիների կողմից կառուցված անվտանգության պարսպից 400 մետր հեռավորության վրա:

«Հաարեց» թերթը նշում է, որ «C» գոտում պաղեստինցիների համար տներ կառուցելու թույլտվություն խիստ հազվադեպ է տրվում: Այս անգամ այդ որոշումն իսրայելական կառավարության կողմից ընդունվել է ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների՝ երկիր ժամանելուց «մի քանի օր առաջ», որը, ինչպես սպասվում է, Իսրայելի ղեկավարության հետ քննարկելու է Դոնալդ Թրամփի հաշտության պլանի մանրամասները, նշում է հրատարակությունը:

Արեւմտյան ափի հրեական բնակավայրերում շարունակվող շինարարությունը հիմնական խոչընդոտներից մեկն է համարվում ձգձգվող պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ճանապարհին: 2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 2334 բանաձեւը՝ հրեական պետությունից պահանջելով՝ անհապաղ դադարեցնել բնակեցման գործունեությունը բռնազավթված տարածքներում: Իսրայելը նույն այդ ժամանակ հայտարարեց, որ չի կատարելու այդ փաստաթղթի դրույթները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս