Բացառիկ հարցազրույց ամերիկյան փորձագետների հետ. «Թեղուտում կա խնդիր, և մենք այդ մասին զգուշացրել ենք, Ամուլսարում չկա խնդիր, և մենք նույնպես դա փաստում ենք»
Երեկ «Վալլեքս» ընկերությունը հրապարակեց հաղորդագրություն, որը փաստում էր, որ անցյալ տարվա՝ 2018թ. հուլիսից ՀՀ կառավարությունը զգուշացվել է, որ Թեղուտի պոչամբարը փլուզման վտանգի առաջ է, և այն չի կարելի վերագործարկել: Երեկ «Վալլեքսն» արեց ըստ էության բացառիկ հայտարարություն. հանքի պոչամբարը կարող է փլուզվել ամեն պահի՝ խլելով մարդկային կյանքեր, այդ մասին կան միջազգային փորձագետների զեկույցներ, սա իրական վտանգ է, որն անտեսել է ՀՀ կառավարությունը և թույլ տվել հանքի վերագործարկումը:
Սրան զուգահեռ՝ Ամուլսարի դեռևս գոյություն չունեցող հանքի ճանապարհներն արդեն մեկ տարի փակ են՝ խափանելով ընդամենը շինարարության ընթացքը, որը նույնիսկ տեսականորեն որևէ վտանգ չէր ներկայացնում: Կառավարությունը արդեն մեկ տարի փորձաքննում է Ամուլսարը՝ փորձելով հայտնաբերել տեսական վտանգներ, այն դեպքում, երբ Թեղուտի շրջակա համայնքների վրա կախված է գործնական վտանգը, որի մասին ահազանգում է հենց «Վալլեքսը», և կարծես կառավարության և համապատասխան նախարարությունների կողմից դիտավորալ անտեսվում է:
Հետաքրքիր է նաև Ամուլսարի դեմ կատաղի պայքարի ֆոնին բնապահպանական հանրույթի համեմատական պասիվությունը: Ամուլսարի դեմ տարատեսակ ակցիաների ֆոնին, Թեղուտի փլուզվող պոչամբարի վտանգի դեպքում ակտվիստական հանրույթը սահմանափակվեց այդ մասին ամերիկյան Global Resource Engineering-ի մասնագետի հարցազրույցը տարածելով: Ընդ որում, երբ նույն ընկերության մեկ այլ մասնագետ Ամուլսարի մասին դրական եզրակացություն էր տալիս, ակտիվիստները նրան մեղադրում էին «վաճառված» լինելու մեջ:
Անցյալ շաբաթ մեր հրապարակած ««Բնապահպանական» փարիսեցիություն» հոդվածին ի պատասխան՝ որոշ ակտիվիստներ մեկնաբանեցին, թե նույն կազմակերպության տարբեր մասնագետներ կարող են տարբեր կարծիք ունենալ:
Որպեսզի փարատվեն բոլոր կասկածները, 168.am-ը գրավոր հարցեր ուղղեց Global Resource Engineering կազմակերպությանը։ Ստացանք բացառիկ համատեղ պատասխաններ, թե՛ Ամուլսարի ծրագրի համար հետազոտություն արած Լարրի Բրեքենրիջից, թե՛ Թեղուտում հետազոտություն արած Դեյվիդ Հալմանից: Մնում է տեսնել՝ արդյոք այս հարցազրույցը կտարածե՞ն նույն այդ ակտիվիստները:
– Ամուլսարի ծրագիրն ակտիվստների կողմից շրջափակման հետևանքով այս պահին դադարեցված է: Ձեր ընկերությունն այն կազմակերպություններից մեկն էր, որն աշխատել է Ամուլսարի շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի վրա: Նախկինում ասել եք, որ Ամուլսարը նախագծվել է բնապահպանական չափանիշերին համապատասխան: Ինչպե՞ս եք գնահատում Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը և արդյոք շարունակո՞ւմ եք պնդել, որ Ամուլսարն անվտանգ նախագիծ է:
– Global Resource Engineering-ը (GRE) ներգրավված է եղել Ամուլսարի ծրագրում 2014 թվականից: Մենք ակտիվ մասնակցել ենք ջրի որակի վրա ազդեցության հետ կապված բնապահպանական հետազոտություններին: Կարող ենք վստահությամբ ասել, որ կանխարգելման ու մեղմացման միջոցառումները, որոնք նախատեսված են 2016 թվականի Բնապահպանական ազդեցության գնահատականում, լիովին ապահովում են թե՛ շրջակայքի, թե՛ տարածաշրջանային ջրերի պաշտպանությունը աղտոտումից: Ամուլսարը անվտանգ հանք կլինի: Աշխարհում հարյուրավոր անվտանգ ոսկու հանքեր կան, և այն բոլոր ռիսկերը, որ կան Ամուլսարի պարագայում (ցիանիդի կիրառում, թթվային դրենաժի հավանականություն), հատուկ են հանքարդյունաբերությանը: Ու քանի որ դրանք սովորական խնդիրներ են, ռիսկերը կառավարելու լավ մշակված գործիքակազմը վաղուց գոյություն ունի:
– Ի՞նչ կարծիք ունեք Ամուլսարում այս նոր փորձաքննության մասին: Այն կարո՞ղ է կասկածի տակ դնել ձեր կատարած աշխատանքի որակը:
– Կարևոր է հիշել, որ Ամուլսարի Բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատականը արդեն իսկ միջազգային փորձաքննության է ենթարկվել՝ Ամուլսարի ֆինանսավորման հաստատումից առաջ: Այս աշխատանքը (Ամուլսարի բնապահպանական նախագծումը) արդեն իսկ հաջողությամբ անցել է հանքարդյունաբերության բնապահպանական ազդեցության գնահատման ոլորտում աշխարհի առաջատար փորձագիտական կազմակերպությունների մանրակրկիտ զննությունը: Այս նոր փորձաքննությամբ վերանայվելու է այդ աշխատանքը՝ պակաս փորձառու կազմակերպության կողմից: Հնարավոր է, որ նրանք մեր աշխատանքը քննադատեն, բայց մենք վստահ ենք մեր գիտական փաստարկների ամրության վրա և կարծում ենք՝ ինչ խնդիր էլ որ նրանք բարձրացնեն, կարող ենք քննարկել և պատասխաններ տրամադրել:
– Այսինքն, համոզվա՞ծ եք, որ Ամուլսարի նախագծումը արվել է միջազգային չափանիշերով, և ռիսկերը հնարավոր է վերահսկել:
– Այո, Ամուլսարը նախագծվել է ժամանակակից ստանդարտներով: Օրինակ, Ամուլսարը առաջին հանքն է, որ մինչև շինարարության ավարտն արդեն իսկ անցել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախահավաստագրումը: Սա ամենաբարձր չափանիշն է, որին կարող է համապատասխանել ծրագիրը ցիանիդի անվտանգ կառավարման առումով: Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը համապատասխանում է Էկվատորյան (հավասարեցման) չափանիշերին: Սա հավաստում է, որ Ամուլսարը նախագծված է ժամանակակից չափանիշերով: Միջազգային չափանիշերը, որի մասին խոսում ենք, ստեղծված են նման ծրագրերի ռիսկերը նվազեցնելու համար: Դրանք նախանշում են մի շարք միջոցառումներ ու ձևաչափեր, որոնց պետք է հետևեն հանքարդյունաբերական ընկերությունները՝ ռիսկերը պատշաճ գնահատելու և կանխարգելելու համար:
– Հենց այդ առումով հետաքրքիր է, որ ձեր ընկերությունը աշխատել է և՛ Ամուլսարի, և՛ Թեղուտի ծրագրում: Վերջերս Դեյվիդ Հալմանը հարցազրույց տվեց հայկական մամուլում՝ մտահոգություն հայտնելով Թեղուտի պոչամբարի վերաբերյալ, որի գնահատումը նաև ձեր ընկերությունն էր արել: Շատ ակտիվիստներ տարածեցին այս հարցազրույցը, երբ նախկինում Ամուլսարին ձեր ընկերության տված դրական գնահատականի դեպքում՝ նրանք մեղադրում էին ձեզ կողմնակալության մեջ: Այսինքն՝ երբ գնահատականը բացասական է, բնապահպանները վստահում են ձեզ, իսկ երբ դրական է, օրինակ՝ Ամուլսարի դեպքում, նրանք մեղադրում են ձեզ կողմնակալության մեջ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երկակի ստանդարտներին, և արդյոք սա հատո՞ւկ է նաև այլ երկրներին:
– Կողմնակալության մեջ մեղադրանքը հիասթափեցնող է: Global Resource Engineering-ը հավատարիմ է գիտությանը: Եթե գիտական ապացույցներ կան, որ որևէ նախագիծ ռիսկային է, ապա մենք բարձրաձայնում ենք դա, ինչպես, օրինակ՝ Թեղուտի դեպքում: Երբ կան գիտական ապացույցներ, որ նախագիծը ռիսկերի պատշաճ կառավարում ունի, ինչպես, օրինակ, Ամուլսարի դեպքում, մենք դա ասում ենք: Թեղուտի պոչամբարը միանշանակ՝ անվտանգ չէ: Մենք նախազգուշացնող նշանները տեսել էինք:
Մենք աշխատում էինք «Վալլեքս» ընկերության հետ նմուշարկման ծրագրի շրջանակներում և իրականացրեցինք ոլորտի չափանիշերին համապատասխան գիտական գնահատում: Այն ցույց էր տալիս, որ պոչամբարի շահագործումը պետք է դադարեցնել, մինչև հնարավոր լինի իրականացնել ամրացման աշխատանքներ: Սա անձնական կարծիք կամ կողմնակալություն չէ, սա գիտական փաստ է:
Մինչդեռ Ամուլսարում գիտական փաստերը հակառակն էին ցույց տալիս: Բավական մեղմ թթվային դրենաժի ռիսկը հնարավոր է կառավարել, Ամուլսարը պոչամբար չունի (նրանց կողմից կիրառելիք տեխնոլոգիան պոչամբար չի նախատեսում), և նրանք ունեն ազդեցությունները պատշաճ կառավարելու հնարավորություն:
Որպես Միացյալ Նահանգներում պրոֆեսիոնալ ինժեներներ և Կանադայի օրենսդրությամբ Որակավորված մասնագետներ (QP), Global Resource Engineering-ի մասնագետները կաշկանդված են օրենքով և էթիկայի կանոններով և կարող են ենթարկվել տուգանքների, քրեական պատասխանատվության կամ զրկվել լիցենզիայից: Մենք պարտավորված ենք գործել էթիկական նորմերի համաձայն և ներկայացնել մեր հետազոտությունների իրական արդյունքները: Հենց այս պատճառով էլ վերջերս հարցազրույց տվեցինք հայկական մամուլում:
– Կարծում եք՝ Թեղուտի խնդիրը լուծելի՞ է:
– Այո, կա պարզ լուծում: Պետք է սկսել նոր պոչամբարի շինարարություն՝ գործող պոչամբարից վերև ազատ տեղամասում: Սա հնարավորություն կընձեռի շահագործել հանքը և ունենալ աշխատատեղեր: Միևնույն ժամանակ՝ գործող պոչամբարի վտանգները հնարավոր է մեղմացնել:
– Կարծում եք՝ հանքարդյունաբերությունը հնարավո՞ր է իրականացնել անվտանգ, և ո՞րն է, ձեր կարծիքով, հանքարդյունաբերության նման բացասական ընկալման պատճառը:
– Իհարկե, հանքարդյունաբերությունը հնարավոր է իրականացնել անվտանգ: Դրա օրինակները կան Միացյալ Նահանգներում ու ամբողջ աշխարհում: Նևադայում կան բազմաթիվ ոսկու հանքեր, որոնք, ի դեպ, ցիանիդ են կիրառում և գործում են զգայուն տարածքներում: Ես (Դեյվիդ Հալմանը) աշխատել եմ հանքային ծրագրերում ԱՄՆ Ալյասկա նահանգում, որոնք անվտանգ գործում են իշխան ձկնատեսակով հարուստ ջրային հոսքերի մերձակայքում: Չիլին լավ օրինակ է, որտեղ հանքարդյունաբերությունը տնտեսության հիմքն է, և կա աշխատող բալանս՝ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և տուրիզմի միջև:
Անշուշտ, հանքարդյունաբերության բացասական ընկալումը հիմքեր ունի: Պատմականորեն այն իրականացվել է հանքի թափոնների կառավարման ցածր ստադարտներով: Մենք շատ ենք ճամփորդել Հայաստանով և տեսել ենք գործող ու չգործող հանքեր, որոնք չեն համապատասխանում չափանիշերին: Մենք տեսել ենք վատ կառավարվող թափոններ, թթվային դրենաժ ու ոչ անվտանգ պոչամբարներ:
Այս տարի GRE-ն Հայաստանում գրասենյակ հիմնեց ժամանակակից հանքարդյունաբերական չափանիշերը Հայաստանում կիրառելու նպատակով: Հանքարդյունաբերության ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ են 21-րդ դարի գործիքակազմ, ինժեներական կարողություններ և կառավարման մեթոդներ: Դրանք այն լուծումներն են, որ անհրաժեշտ են Հայաստանին՝ առանց աղետների, զարգացող հանքարդյունաբերություն ունենալու համար:
Ցավալի է, որ Ամուլսարի ծրագիրը, որը այս մեթոդների առումով առաջատարն է, այժմ կանգնած է բողոքների պատճառով, ինչի անհրաժեշտությունը չկար: Սա շատ անարդար է և սխալ:
Հ.Գ. Հարցերի պատասխանները 168.am-ին տրամադրել են համատեղ՝
Լարրի Բրեքենրիջ, GRE, ԱՄՆ, բնապահպանական ինժեներ: GRE-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար: 20+ տարվա փորձ հանքերի ջրերի և բնապահպանական կառավարման ոլորտում: Ամուլսարում GRE-աշխատանքների նախագծի ղեկավար:
Դեյվիդ Հալման, GRE, ԱՄՆ: Երկրաբան, գեոտեխնիկական ինժեներ, 30+ տարվա փորձ հանքարդյունաբերական թափոնների կառավարման և պոչամբարների նախագծման ոլորտում: Թեղուտի գնահատման GRE-ի աշխատանքներում առաջատար ինժեներ: