Դատարանը Փաշինյանին փակուղի մտցրեց. հաջորդ նիստը 2020թ. մայիսին նշանակվեց
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, պարզվում է, լեգիտիմ ընտրված ղեկավար չէ, նրա նշանակման հիմքերի վերաբերյալ դեռ անցած տարվանից հարուցված կասկածը ամրագրվել է օրերս Վարչական դատարանում:
Այսպես՝ հունիսի 6-ին Երևանի վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի ղեկավարությամբ բավարարվել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի ընտրությունը վիճարկող հայցը, բողոքարկող կողմը Սննդի անվտանգության պետական ծառայության առաջին պետ Գրիգորի Գրիգորյանն է, ով ևս եղել է մրցույթի հայտատուների մեջ:
Հիշեցնենք, հեղափոխությունից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել մեկ ամսից ավելի, և այն օրերին, երբ եթերն ու մամուլը հեղեղված էր գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալության, «տուշոնկաների» աղմկոտ բռնագրավման մասին նյութերով, կառավարությունում որոշ պաշտոնյաներ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ որոշեցին այս պաշտոնի մրցույթն անցկացնել:
Գործընթացն ուղեկցվեց սկանդալային պատմություններով: Սկզբում հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց ռեստարտ անել Սննդի անվտանգության տեսչական մարմնի ողջ խորհրդի կազմը, հապճեպ ի մի բերված մի թիմով ձևավորվեց նախ խորհուրդը, որն էլ իր հերթին, պիտի որոշեր տեսչական մարմնի պետի անունը ու առաջադրեր նախընտրելի անձի թեկնածությունը՝ վարչապետի հաստատմանը:
Սկանդալը պայթեց հենց այնտեղից, երբ այս թեմաներում ներքաշվեց կառավարության Տեսչական մարմնի գրասենյակի այդ ժամանակվա ղեկավար Հայկ Այվազյանը: Նա էր ընկերների՝ հասարակական կազմակերպությունների (հ/կ) ոլորտում հայտնի փորձագետներ Պիպոյան Դավիթ և Բաբկեն եղբայրների հետ միասին ձեռնարկել Սննդի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում իրենց մտերիմ ընկերոջը հաստատելու գործողությունների պլանը:
Մամուլում այդ օրերին հաճախ էր հիշատակվում այս թեման՝ Հայկ Այվազյանին ու Պիպոյան եղբայրներին միմյանց փոխկապակցված հ/կ դաշտում:
Եվ ահա հասարակական սեկտորում գործունեություն ծավալող այս ընկերական խումբը որոշեց, թե ովքեր պիտի լինեն Սննդի անվտանգության տեսչական մարմնի խորհրդի 9 հոգանոց կազմում, և ապա որոշեց նրանցով լեգիտիմացնել ավագ ընկերոջը՝ տեսչականի պետի պաշտոնում: Իսկ խորհրդի կազմում ընդգրկվածներն էին՝ Տեսչական մարմինների ղեկավար Հայկ Այվազյան, Դավիթ և Բաբկեն Պիպոյանները, ՓՄՁ ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը, Դավիթ Պիպոյանի գրասենյակի երկու աշխատակիցներ, Գյուղատնտեսության այն ժամանակվա նախարար Արթուր Խաչատրյանը և ևս երկու անձ, որոնք, ըստ էության, այդպես էլ հետագա աշխատանքային պրոցեսներում որևէ ներգրավվածություն չունեցան:
Եվ ահա այս «ընկերական կոլեգիալ մարմինը» մեկ-երկու օրում ստվերային բանակցությունների արդյունքում փոխվարչապետ Արարատ Միրզոյանի անմիջական աջակցությոնը վայելելով՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում առաջադրեց և իր քվորումով հաստատեց Գեորգի Ավետիսյանի թեկնածությունը: Դեռ այն ժամանակ մամուլում ակտիվ քննարկումների թեմա դարձած այս ընտրությունների մասին խոսվում էր, որ տեսչականի պետի հավակնորդ մյուս երկու թեկնածուների հայտերն ընդունվել են վերջին պահին:
Ինչո՞ւ, քանի որ մրցույթի հայտարարումն անցկացվել էր մեկ օր առաջ՝ ոչ պոպուլյար հ/կ-ներից մեկի ֆեյսբուքյան էջին՝ նույն ՓՄՁ ասոցիացիայի, որը, ի դեպ, Հակոբ Ավագյանի և Հայկ Այվազյանի համատեղ ձեռնարկատիրական օֆիսն է համարվում: Մինչդեռ պետական կարևորագույն կառույցներից մեկի ղեկավար կազմի ընտրությունը պիտի իրականացվեր բաց ու թափանցիկ՝ տեսչական մարմինների կանոնադրական ընթացակարգի համաձայն, որով, չգիտես ինչու, չէր ցանկացել առաջնորդվել որոշում ընդունող ղեկավար կազմը՝ որպես վարչական մարմնի ղեկավար:
Եղավ այն, ինչ պլանավորված էր… ցանկալի թեկնածուի հետ մրցակցելու հայտ ներկայացրեցին երկու թեկնածուներ՝ Սննդի անվտանգության պետական ծառայության առաջին պետ, սննդի անվտանգության և կենդանիների առողջության միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը և ԱԱԾ սանիտարական ծառայության աշխատակից Արարատ Գյուլումյանը: Հաղթեց ցանկալի թեկնածուն՝ Պիպոյանի ընկերական թիմը ապահովեց Գեորգի Ավետիսյանի համար բավարար քվեներ: Եվ այսօր Երևանի վարչական դատարանը փաստացի առոչինչ է ճանաչել այս ընտրությունը, ավելին, վարչապետի այս նշանակումը փաստացի ոչ իրավաչափ է ճանաչել: Ստացվում է՝ գլխիվայր շուռ եկած մի պատմություն՝ դատարանը նաև ոչ իրավաչափ է ճանաչում այս կառույցի ղեկավարի մի ամբողջ տարվա կայացրած բոլոր որոշումները՝ անկախ դրանց տրամաչափից ու կարևորության աստիճանից:
Իսկ ահա այս ամբողջ պատմության մեջ ամենաուշագրավը Վերաքննիչ դատարանի վարքագիծն է։ Վերաքննիչ ատյանի ղեկավարը որոշել է օգնության ձեռք մեկնել առանց այն էլ ապաշնորհ կառավարման արդյունքում ձախողումների մեջ խճճված իշխանության ղեկավարին՝ բողոքարկման նիստը նշանակելով 2020թ. մայիսին: Իսկ այս ոչ ողջամիտ ժամկետների ընտրությունը միայն հումանիստական առաքելություն չէր, սա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանն անուղղակիորեն օժանդակում է, որպեսզի Գեորգի Ավետիսյանը ևս մեկ տարի ոչ լեգիտիմ պաշտոնավարումով ոչ իրավաչափ որոշումներ կայացնի: