«Ինձ 5.5 տարի շուտ ազատ արձակեցին, որովհետև իմ մեղավորության վերաբերյալ բացարձակ ոչ մի ապացույց չկա». Սարգիս Ասատրյան
Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանը, ով ժամանակին «Հայաստանի երիտասարդական կուսակցության» նախագահն էր և 2013թ. ձերբակալվել էր Մոսկվայում՝ առանձնակի խոշոր չափերի թմրանյութ պահելու կասկածանքով, օրեր առաջ ստորագրությամբ ազատ է արձակվել՝ քաղաքը չլքելու պայմանով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «168 Ժամի» հետ զրույցում նա ասել էր. «Իմ դեմ հարուցված, այսպես ասած, քրեական գործը 100% շինծու է ու հորինված, կառուցված արագ ու փնթի գրված փոքրիկ հեքիաթներից, նույնիսկ կարծում եմ, որ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողն ավելի համոզիչ կկազմեր այս շինծու գործը, քան կաշառված աննամուս մոսկովյան ուժայինները։ Իմ անձի նկատմամբ հետապնդման խեղկատակությունն ունի ընդամենը մեկ նպատակ` մեկուսացնել ինձ շատ լուրջ գործընթացներից, որոնց հիմքում գտնվում են մեծ գումարներ և լուրջ բիզնեսին տիրանալու հեռանկարներ»։
Այս անգամ նա մեզ հետ խոսեց հետագա անելիքների, ՀՀ կառավարությանը՝ Հայաստան տեղափոխվելու համար դիմելու և մերժում ստանալու, այլ հարցերի շուրջ:
«Ես նստած եմ եղել շինծու ու պատվիրված քրեական գործով»
«Ազատ եմ, բայց սահմանափակում ունեմ, պետք է մնամ Ռուսաստանում, Հայաստան դեռևս չեմ կարող գալ: Ունեմ նաև ՀՀ անձնագրի հետ կապված խնդիր, ժամկետը լրացել է, պետք է երկարաձգվի: Դիմելու եմ նաև Գերագույն դատարանի նախագահին, որպեսզի վճիռն անվավեր համարվի, որովհետև ես նստած եմ եղել շինծու ու պատվիրված քրեական գործով: Ես մեղք չեմ գործել և իզուր 6 տարի մեկ ամիս նստել եմ: 5.5 տարի ինձ շուտ ազատ արձակեցին, որովհետև իմ մեղավորության վերաբերյալ բացարձակ ոչ մի ապացույց չկա: Ուղղակի դա արվել էր նրա համար, որպեսզի ինձ կողոպտեն իրավապահ մարմնի ներկայացուցիչները: Երկու գնդապետ հիմա ձերբակալված է, իսկ ես դատված եմ այդ խայտառակ հոդվածով: Գնդապետները ձերբակալվել են կազմակերպված հանցագործության համար, այսինքն՝ այլ էպիզոդներով: Իմ էպիզոդով, ցավոք, չեն ձերբակալվել, բայց ես շատ ուրախ եմ, որ ինչ-որ ձևով գոնե պատիժ են կրում: Ես իմ անունը կվերականգնեմ:
Բոլորին էլ պարզ էր, որ իմ գործը սարքովի է: Ես երեք անգամ դիմել եմ ՀՀ Արդարադատության նախարարությանը, որպեսզի ինձ տեղափոխեն Հայաստան, բայց մերժում եմ ստացել: Դիմել եմ նախկին իշխանությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, ով վարույթն ընդունել է, որ իրավունքները խախտվում են: Ես հասկացել եմ, որ Բաղրամյան 26-ից հրաման է եղել, որպեսզի ինձ չտեղափոխեն: Պատճառաբանել էին, թե նպատակահարմար չէ տեղափոխելը: Ես, ի դեպ, ասեմ, միակ հայ քաղաքական գործիչն եմ, ով Հայաստանից դուրս ձերբակալված է եղել, դիմել է, որ տեղափոխեն, ու մերժում է ստացել: Մասնավոր զրույցներում ասել են, որ հրամանը նախագահականից է։ Ես երկրիս համար ոչ պակաս գործեր եմ արել, քան այսօր հեռուստատեսությամբ երևացող շատ մարդիկ:
Մարդկանցից կարելի է վիրավորվել, բայց վերաբերմունքս չի փոխվում, ես ապրում եմ իմ հայրենիքով, ամեն ինչ անելու եմ, որ իմ երկրում նպաստավոր պայմաններ ստեղծեմ: Ես շատ բաներ արել եմ ու կանեմ, Ռուսաստանից էլ եմ շարունակելու հասարակական-քաղաքական գործունեությունս: Ամեն մարդ իր երկրի համար պետք է ինչ-որ գործ անի՝ առանց քաղաքականացված իզմերի: Ես կուզեի, որ մեր երիտասարդությունը պատշաճ ուսում ստանա ու իր գիտելիքներն օգտագործի Հայաստանում:
Ամենամեծ պոտենցիալն ու արժեքը Հայաստանի համար դա մեր գիտելիքն է և մշակույթը: Եթե գիտելիք ունենք՝ համարեք, որ մենք նավթ ու գազ ունենք, եթե ոչ, ապա ոչինչ էլ չունենք: Ես ամեն ինչ կանեմ, որ ուսում ստանալ ցանկացող յուրաքանչյուր երիտասարդ կարողանա հասնել դրան»:
«Ես իմ բարի համբավը վերականգնելու եմ, ես հանցագործ չեմ»
«Անցյալ տարի ապրիլին դիմել էի Մոսկվայի դատարանի նախագահություն, որպեսզի դատավարությունս չեղյալ համարեին, իրենք այդ միջնորդությունը մերժեցին, ուղղակի ընդամենը կես տարի պակասեցրեցին, որովհետև տեսան, որ «պերեբոր» է: 12 տարվա փոխարեն՝ վճիռը դարձրեցին 11.5 տարի:
Իսկ այս տարի նման որոշում ընդունվեց, ստորագրությամբ ազատ արձակվեցի, ինչը ՌԴ-ում եզակի դեպք է: Քաղաքացին, որը դատավճիռը չի ընդունում, 5.5 տարի շուտ դուրս է գալիս: Դատավճիռը որ կարդում եք՝ շատ զավեշտալի է:
Մեկ շաբաթ է, ինչ բանտից դուրս եմ եկել, հիմա զբաղվում եմ առողջության վերականգնմամբ, իսկ առաջիկայում, երբ անձնագիրը ստանամ, որևէ հանրօգուտ աշխատանք կընտրեմ ու կկատարեմ: Ես իմ անունը, բարի համբավը վերականգնելու եմ, ես հանցագործ չեմ: Ասեմ, որ գաղութում հեղինակել եմ դեկրիմինալիզացիայի մանիֆեստը, որն ուղարկել եմ բոլոր խոշոր քաղաքական կուսակցություններին:
Ուրախ եմ, որ այս մանիֆեստից հետո դեկտեմբերին ընդունվեց որոշում՝ կազմակերպված հանցագործության և կրիմինալի դեմ պայքարի առումով: Ուրախ եմ, որ Հայաստանում էլ է այդ պայքարը տարվում, քանի որ կրիմինալը բացառիկ չարիք է: Երիտասարդության համար արժեքը պետք է լինի գիտելիքը, առողջ ընտանիքը, ոչ թե, այսպես կոչված, գողականները, որոնք մեր երկրի համար շատ լուրջ խոչընդոտ են հանդիսանում»:
Անի Կարապետյան