Որ հիմնարկն ավելի արդյունավետ աշխատի՝ այն էլ պետությունից ավելի շատ ֆինանսավորում կստանա. Սամվել Հարությունյան
ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց կոմիտեի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի աշխատանքները:
Նրա փոխանցմամբ՝ մշակվել են ՀՀ կառավարության 2019-2023թթ. ծրագրի նախագծի նախապատրաստման նպատակով գիտության ոլորտի առաջիկա հինգ տարիների բարեփոխումներին և զարգացմանը միտված առաջարկությունները, որոնք ներառվել են ծրագրում և հաստատվել ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 16-ի N 650-L որոշմամբ:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019թ. ապրիլի 23-ի N 390-Ա/2 հրամանով ստեղծվեց «Գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման և բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքներն ու չափանիշերը» փաստաթուղթը: Կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատումը մեզ թույլ կտա հետագայում կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացնել՝ ըստ նրանց հավաքած միավորների: Դրանք կտարակարգվեն: Այս առիթով երկու հանձնաժողով է ստեղծվել. Մեկը՝ ապրիլին, որը որոշեց այն սկզբունքները, որով պետք է գնահատվեն հիմնարկները, իսկ երկրորդ հանձնաժողովը ստեղծվեց 2019թ. հունիսի 25-ին, որը պետք է զբաղվի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման մեթոդաբանությամբ: Հույս ունեմ, որ մինչև հոկտեմբեր ամիսը հիմնարկների արդյունավետության գնահատման համապատասխան եզրահանգումներն արդեն կունենանք»,- ասաց Սամվել Հարությունյանը:
ՀՀ գիտության կոմիտեի նախագահն ընդգծեց՝ հիմնարկները կֆինանսավորվեն՝ ըստ իրենց աշխատանքի արդյունավետության:
«Որ հիմնարկն ավելի արդյունավետ աշխատի՝ նա պետությունից ավելի շատ ֆինանսավորում կստանա: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա կարծում եմ՝ հունվարի 1-ից հիմնարկները կֆինանսավորվեն՝ ըստ իրենց հավաքած միավորների: Հիմնարկների միջև կլինի առողջ մրցակցություն, և դա կբերի բյուջեի բաշխման ավելի արդար սխեմաների օգտագործման: 7 տաբեր չափանիշեր կան, առաջինը գիտաչափությունն է, այսինքն՝ այն, թե ի՞նչ ռեյտինգային ամսագրերում են տպագրվել, հեղինակներն ի՞նչ գիտաժողովների են մասնակցել: Հետո գալիս է միջազգային համագործակցություն. համատեղ հոդվածներ աշխարհի տարբեր հեղինակների հետ, ապա գալիս է մանկավարժական գործունեությունը, նորագույն սարքավորումների առկայությունը, տվյալ հիմնարկում ասպիրանտների պաշտպանությունները, շահած գրանտները: Այսինքն, այն ամենը, ինչը նպաստում է տվյալ հիմնարկի էֆեկտիվության բարձրացմանը, հաշվի է առնվում»,- մանրամասնեց Սամվել Հարությունյանը:
ՀՀ գիտության կոմիտեի նախագահը հայտնեց նաև, որ հայագետներին համեմատելու են՝ հայագետների, ֆիզիկոսներին էլ՝ ֆիզիկոսների հետ:
Անի Կարապետյան