Դատախազությունը հետաձգել է Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով բողոքի քննարկումը

ՀՀ գլխավոր դատախազությունը հետաձգել է Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նրա պաշտպանից ստացված միջնորդության քննարկումը։ Այս մասին News.am-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ միջնորդության վերաբերյալ որոշում կընդունվի դրա համար էական հանգամանքների պարզումից հետո, որոնց ուղղությամբ ներկայումս  համապատասխան աշխատանքներ են իրականացվում:

Հիշեցնենք, որ Գ. Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը միջնորդել էր գլխավոր դատախազին` կարճել Գ. Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և խափանման միջոց կալանավորումը վերացնել: Արդեն տեղեկացրել էինք, որ Գեղամ Պետրոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Գեղամ Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բողոքի քննարկման հետաձգմանը. «Բողոքը ներկայացրել եմ՝ հավատալով, որ բոլորը պետք է ղեկավարվեն օրենքով, և իրավական գնահատականի առումով ճիշտ լուծում տրվի:

Բողոքով արձանագրել եմ, որ Գեղամ Պետրոսյանի կողմից նման արարք չի կատարվել, նման դեպք իրականության մեջ տեղի չի ունեցել, հետևաբար՝ պետք է գործի վարույթը կարճվեր: Թե դատախազությունն ինչի համար է իմ միջնորդությունը, բողոքի քննարկումը հետաձգել, չեմ կարող մեկնաբանել:  Իմ համոզմունքը նա էր, որ պիտի քննարկվեր բողոքը՝ կամ բավարարվեր, կամ մերժվեր»:

Մեր հարցին, թե արդյո՞ք տեղեկացվել է՝ երբ կլինի միջնորդության վերաբերյալ որոշում, Վ. Գևորգյանը պատասխանեց, որ չի տեղեկացվել, քան որ դատավարական նման կարգ չկա: Փաստաբանը նաև նկատեց, որ չի տեսնում նոր բողոքի անհրաժեշտություն. «Նոր բողոքը նույն ճակատագիրը պիտի ունենա»

Հիշեցնենք՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Վ. Գևորգյանը օրեր առաջ հայտարարել էր, որ «ՀՀ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, «Մարտի 1»-ի գործով սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի գործով նոր աղմկահարույց հանգամանքներ են ի հայտ եկել: Մասնավորապես, փորձագետի եզրակացությամբ՝ պարզվել է, որ իրենց կողմից «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը և պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ, որոնք տրվել են 2008 թվականին, և մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թվականին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղամ Պետրոսյանի պաշտպանը մասնավորապես նշել էր, որ փորձաքննության արդյունքում համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկնումներ չեն հայտնաբերվել: Այսինքն՝ փորձաքննության ներկայացված ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակներն իրենց կրման հետքերով որևէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից:

168.am-ի հարցին, թե ինչ հիմքով են կալանքի տակ պահում Գեղամ Պետրոսյանին, եթե, ըստ նրա՝ փորձաքննությունը նման եզրակացություն է տվել, պաշտպանը չցանկացավ մեկնաբանել.

«Վարույթն իրականացնող մարմինն ինձ նախազգուշացրել է նախաքննության գաղտնիքը հրապարակելու հետ կապված քրեական պատասխանատվության մասին»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս