Գեղամ Պետրոսյանը դեմ է գրավի միջնորդությանը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի պաշտպանի բողոքը առաջին ատյանի որոշման դեմ, ըստ որի՝ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գ. Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը։

«Մերժել է, բայց որոշումը դեռ չի տվել. Ստանալուն պես անպայման պետք է բողոքարկեմ Վճռաբեկ դատարան»,-ասաց Գեղամ Պետրոսյանի փաստաբանը։

Հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է գրավի միջնորդություն անել, պաշտպանն ասաց. «Գրավի միջնորդութուն չեմ անելու՝ իմ պաշտպանյալը դեմ է, ես էլ եմ նույն կարծիքին»:

Թե ինչով պայմանավորված նրանց այս որոշումը, Վ. Գևորգյանը չցանկացավ մանրամասնել. «Վաղաժամ եմ համարում այդ մասին բարձրաձայնելը»:

Հիշեցնենք՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ օրերս Վ. Գևորգյանը հայտարարել էր, որ «ՀՀ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, «Մարտի 1»-ի գործով սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի գործով նոր աղմկահարույց հանգամանքներ են ի հայտ եկել: Մասնավորապես, փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ իրենց կողմից «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը և պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ, որոնք տրվել են 2008 թվականին, և մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թվականին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղամ Պետրոսյանի պաշտպանը մասնավորապես նշել էր, որ փորձաքննության արդյունքում համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել: Այսինքն՝ փորձաքննության ներկայացված ատր¬ճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որևէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից:

168.am-ի հարցին, թե ինչ հիմքով են կալանքի տակ պահում Գեղամ Պետրոսյանին, եթե ըստ նրա՝ փորձաքննությունը նման եզրակացություն է տվել, պաշտպանը չցանկացավ մեկնաբանել. «Վարույթն իրականացնող մարմինն ինձ նախազգուշացրել է նախաքննության գաղտնիքը հրապարակելու հետ կապված քրեական պատասխանատվության մասին»:

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս