«Ժամանակի ընթացքում ԵՄ-ն կենտրոնանալու է արդյունքների վրա»

ԵՄ-ն էականորեն ավելացրել է Հայաստանին տրամադրվող տարեկան ֆինանսական աջակցությունը։ Պարզաբանելով վերջերս եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա Դոնալդ Տուսկի Երևանում արած հայտարարությունը, թե ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցությունն ավելացել է երկու անգամ, Պյոտր Սվիտալսկին նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է, թե Տուսկը նկատի է ունեցել, որ վերջին տարիներին ԵՄ տարեկան աջակցությունը ՀՀ-ին երկկողմ ծրագրավորման շրջանակում միջինում կազմել է 35 միլիոն եվրո։ Նա շեշտել է, որ խոսքը միայն երկկողմ ծրագրավորման մասին է։

«2019-ի համար աջակցության մակարդակը կհասնի 70 միլիոն եվրոյի։ Ինչպես ասացի, միայն երկկողմ հատվածում։ Կան նաև բազմակողմ ձևաչափեր՝ ԱլԳ և այլ հիմնադրամներ, որոնք ԵՄ-ն կիրառում է իր հարևաններին աջակցելու համար։ Մենք տեղափոխվում ենք 35 միլիոնից 70-ի։ Մենք շատ կառուցողական քննարկումների մեջ ենք, թե որտեղ դնել այս գումարները։ Հուսամ՝ մինչև տարեվերջ կձևավորենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, չեմ բացահայտի՝ ինչ ուղղությամբ ենք գնում, այս գումարները կգնան շատ կոնկրետ ծրագրերի»,- ասել է դեսպան Սվիտալսկին։

Նա նաև նշել է, որ կան առաջնահերթ ծրագրեր, որոնց ուղղությամբ աշխատանքները տարվում են։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն թափանցիկ է, ԵՄ-ն սկսելու է տեխնիկական քննարկումներ հաջորդ բազմամյա ֆինանսական շրջանակի շուրջ։

«Մենք գիտենք, թե ինչ է հասանելի մինչև 2021 թվականը։ Բայց դրանից հետոյի հարցը քննարկվելու է Բրյուսելում։

Կարևոր է, որպեսզի այս տարվա աննախադեպ աջակցությունը Հայաստանի համար պահպանվի նաև ապագայում։ Հայաստանը այս տարի շահել է, այսպես կոչված, «Անձրևանոց» հիմնադրամով, բայց չգիտենք, թե ինչպես կընկալվեն ՀՀ-ի իրականացրած բարեփոխումները Բրյուսելում հետո, դա բաց հարց է։ Բայց եթե բարեփոխումների ներկայիս դինամիկան շարունակվի, ապա ես կպատասխանեմ, որ՝ այո, կլինի նույն աջակցությունը։ Երկրորդ բաղադրիչը Ձեր ծրագրերն են, քանի որ ԵՄ-ն աշխատում է կոնկրետ ծրագրերի հիմքի վրա։ Եթե մենք Հայաստանից ունենք շատ էական ցուցակ կարիքների, ապա մենք կարող ենք միացնել աջակցությունը այդ կարիքներին համապատասխան:

Մեր աջակցության կլանման ունակությունը երրորդ կարևոր բադադրիչն է, պետք է դա լինի բարձր մակարդակի վրա»,- ասել է Սվիտալսկին՝ շարունակելով, որ եղել է, որ աջակցությունը չի օգտագործվել, ուստի փոխանցված գումարները պետք է օգտագործվեն։ «Ես ապագային նայում եմ լավատեսորեն, քանի որ քննարկումները նախարարությունների հետ լավատեսություն են ներշնչում»,- ասել է նա։

«168 Ժամը» եվրոպացի փորձագետների հետ քննարկեց, թե որքանով է կայուն այն նոր մակարդակը, որը կա ՀՀ-ԵՄ աջակցության ծրագրերի ծավալների հարցում, ինչով է պայմանավորված ծավալների էական ավելացումը, և ապագայում ինչից է կախված լինելու աջակցության այս մակարդակի պահպանումը, շարունակական ավելացումը։

Լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Եվրոպական միությունը աջակցություն է տրամադրում կոնկրետ աշխատանք իրականացնելու համար։ Ըստ նրա, ՀՀ նոր իշխանությունները ԵՄ-ին բավականին հավակնոտ բարեփոխումների փաթեթ են ներկայացրել, առաջարկել են մեծացնել ֆինանսական աջակցությունը բարեփոխումները մի քանի ոլորտներում իրականացնելու համար, և դա դրական արձագանք է ստացել հետհեղափոխական շրջանում մի քանի դրական տեղաշարժերից հետո։ Հայտարարված բարեփոխումները, նրա խոսքով, այն ոլորտներն են, որոնցում Հայաստանն ու ԵՄ-ն ավանդաբար համագործակցել են։

«Կոնկրետ արդարադատության ոլորտում և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Սրանք եղել են առաջնահերթ բարեփոխման ոլորտներ։ Ներկայումս, որքան ես հասկանում եմ, ֆինանսավորումը միայն այս հարցերին չի վերաբերում, այլ ընդհանուր առմամբ այն ոլորտներին, որոնցում կար ֆինանսական աջակցություն ԵՄ-ի կողմից, ընդլայնվում է՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների ներկայացրած հավակնությունները։ Եվ այդ ֆինանսական աջակցությունը Հայաստանին տրամադրվելու է շատ տարբեր գործիքների ու ծրագրերի միջոցով, որոնք ընդհանուր առմամբ միասին վերցված մեծ գումար կկազմեն, ինչը բավարար կլինի իսկապես բարեփոխումներ իրականացնելու համար։

Ինչպես դեսպանն ասաց, այս փուլի համար ԵՄ-ն հիմնվել է ՀՀ կառավարության ցույց տված մի քանի արդյունքների վրա, որոնցից առաջինն ընտրություններն են, և ԵՄ-ն արձագանքեց այդ առաջընթացին՝ տրամադրելով հետագա ժողովրդավարական առաջընթացի համար աջակցություն։ Բայց հետագան էլ կախված է լինելու նրանից, թե ինչպես կիրացվեն այս ռեսուրսները, ինչպես կիրականացվեն հայտարարված բարեփոխումները, ինչ ծավալով և արագությամբ։ Այս հարցում ԵՄ-ն բավականին ճկուն քաղաքականություն է վարում և անընդհատ մոնիտորինգի է ենթարկում բոլոր ծրագրերի իրականացումը, ծախսը, արդյունքները։ Մյուս տարի գուցեև չլինի այնքան, ինչպես այս տարի, կամ լինի ավելի շատ։

ԵՄ դեսպանը բավականին պարզ է խոսում, նա նշում է, որ պլանները պետք է մշակեն ՀՀ իշխանությունները, իսկ ԵՄ-ն կաջակցի։ Բայց իրադարձությունները Վրաստանում, Ուկրաինայում ցույց են տալիս, որ, եթե կան դրական արդյունքներ, ապա ֆինանսավորումը գոնե պահպանվում է։ ԵՄ-ի համար այս ոչ այնքան կայուն փուլում ԵՄ-ն չի կարող թույլ տալ շռայլություն՝ հաշվի չառնել արդյունքները և շարունակել տրամադրել աջակցություն»,- ասաց նա։

Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ ԵՄ-ն աջակցում, խթանում է այն բարեփոխումները, որոնք նախատեսում են իրականացնել ՀՀ իշխանությունները, և որի համար աջակցություն են խնդրել Եվրոպական միությունից։ Նա հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որի ժամանակ էլ այս թեմաները քննարկվել էին։

«ՀՀ-ԵՄ հարաբերությունների քաղաքական մակարդակը և ՀՀ մասնակցությունը ԱլԳ ծրագրին թույլ է տալիս նման ծավալի համագործակցություն ունենալ բարեփոխումների ոլորտում։ Ի դեպ, հենց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ենթադրում է բարեփոխումների լուրջ ծավալ, և ուրախալի է տեսնել, որ այդ աշխատանքն ընթանում է դրական ուղղությամբ, և ՀՀ իշխանությունները կարողացել են որոշակի տեսլական մշակել, առանց որի՝ չէր լինի այս աջակցության մասին խոսակցություն։ Բայց կարծում եմ՝ գործելու է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը։ Ներկայումս ԵՄ-ն ավելի խրախուսական դիրքորոշում ունի, բայց ժամանակի ընթացքում ԵՄ-ն կենտրոնանալու է արդյունքների վրա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս