«Միայն հայտարարությամբ չենք բավարարվելու, փորձելու ենք նաև գործողություններ ձեռնարկել». ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ դատարանների շուրջ ստեղծված իրավիճակի մասին 

Հայ Հեղափոխական Դաշնակցությունն (ՀՅԴ) այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված Դատարանների շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Հայտարարությանը միացել են որոշ կուսակցություններ։

«Պետական իշխանության թևերի միջև հավասարակշռության և փոխզսպումների համակարգի կայացումն ու անխափան գործունեությունը ցանկացած երկրի զարգացման գրավականներից է: Օրենսդիր, գործադիր ու դատական համակարգերի անկախությունն ու ինքնուրույնությունը պարտադիր պայման է՝ բացառելու իշխանության կենտրոնացումը մեկ քաղաքական ուժի ձեռքում, ինչը երկրում մենիշխանության հաստատման հիմնական նախադրյալներից է: Այս առումով` դատարանների և դատավորների նկատմամբ քաղաքական իշխանության կողմից ազդեցություն գործադրելու ցանկացած փորձ անթույլատրելի է։

Արդարադատության արդյունավետ գործունեության կարևորագույն երաշխիքներից է դրա ապաքաղաքական բնույթն ու անկախությունն օրենսդիր և գործադիր իշխանությունից: Ի հակադրություն միջազգայնորեն ճանաչված և սահմանադրորեն ամրագրված այս սկզբունքների, ներկայիս քաղաքական իշխանությունը, ժողովրդաիշխանության և կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ շահարկելով դատաիրավական համակարգում առկա և տարիների ընթացքում կուտակված խնդիրները, արատավոր երևույթները, ըստ էության, ձեռնամուխ է եղել ծայրահեղ գործողության՝ դատական իշխանության լիակատար յուրացմանը»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության նպատակների ու ակնկալիքների շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

– Պարոն Սաղաթելյան, ինչո՞ւ որոշեցիք նման հայտարարությամբ հանդես գալ, ի՞նչն է այդ հայտարարության առիթը դարձել։

– Նման հայտարարության պատճառն իշխանությունների գործողություններն են հանդիսացել։ Այն, ինչ դատական համակարգի բարեփոխումների անվան տակ իրականացվում է՝ մտահոգությունների տեղիք է տալիս։ Մեր գնահատմամբ, այդ ամենը ոչ թե դատական համակարգի բարեփոխումներ են, այլ այդ համակարգը նվաճելու, խամաճիկ դատարաններ ունենալու գործընթաց, որի շուրջ հայտարարությանը միացած կուսակցություններն ունեին ընդհանուր փոխըմբռնում և հանդես եկան նման հայտարարությամբ։

– Իսկ պատճառների մեջ մտնո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերն արգելափակելը, Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ տեղի ունեցող գործընթացները և այլ երևույթներ, որոնք, իրավաբանների մեկնաբանմամբ, օրինական չեն։

– Բոլոր գործողությունները և՛ դատարանների շրջափակումը, և՛ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, և՛ անցումային արդարադատության անվան տակ վեթինգն ու  ԲԴԽ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Այսինքն՝ այն ամենը, ինչ կատարվում է դատական համակարգի շուրջ, մեզ հանգեցրել են այն եզրակացության, որի շուրջ կուսակցությունները հանդես էին եկել հայտարարությամբ։

– Իսկ մյուս կուսակցություններին առաջարկ եղե՞լ է միանալ այդ հայտարարությանը։

Դաշնակցության Գերագույն  մարմինը քննարկումների շարք է սկսել տարբեր քաղաքական ուժերի հետ, այդ հանդիպումների ժամանակ էլ քննարկվել է այդ հարցը, և տվյալ կուսակցությունների հետ ունեցել ենք ընդհանուր փոխըմբռնում։ Եղել են կուսակցություններ, որոնք դեռ չեն արձագանքել, բայց հայտարարությունը բաց է, ովքեր ցանկանում են և կիսում են այդ տեսակետները, կարող են միանալ։ Հայտարարության տեքստը մշակվել է բոլոր կուսակցությունների կողմից, հաշվի ենք առել բոլորի առաջարկներն ու դիտողությունները։

– Այս նախաձեռնությունն ի՞նչ հաջողություն կարող է ունենալ, Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Մենք միայն հայտարարությամբ չենք բավարարվելու, փորձելու ենք նաև գործողություններ ձեռնարկել։ Այդ հարցերի շուրջ վերջնական գործողությունների պլան չունենք, դեռ քննարկման փուլում է, այսինքն՝ բոլորի կողմից դեռևս համաձայնեցված չէ։ Բայց դիմելու ենք կոնկրետ քայլերի, որպեսզի թույլ չտանք այդ ապօրինությունները, որը նախաձեռնում են հենց իշխանությունները։

– Իսկ մատնանաշվո՞ւմ է, թե կոնկրետ առաջին քայլը որը պետք է լինի։

– Մենք ունենք տարբերակներ, բայց քանի որ վերջնական համաձայնության չենք եկել բոլոր ուժերի հետ, ձեռնպահ կմնամ այդ մասին խոսելուց։ Մեր հայտարարության մեջ, գործողություններից զատ, հստակ ասել ենք, որ պատրաստ ենք հանդես գալ իրավական, անվտանգային հայեցակարգ մշակելու առաջարկությամբ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս