Վարչապետի աշխատակազմում նորից կրճատումներ են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում կրճատումների հերթական ալիքն է մոտենում, մասնավորապես՝ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ում մինչև սեպտեմբերի 1-ն աշխատանքը կկորցնեն մի քանի տասնյակ աշխատողներ, այդ թվում՝ լրագրողներ, մոնտաժային աշխատողներ, օպերատորներ և «Օրբելի կենտրոնի» վերլուծաբաններ: Նկատենք, այս կրճատումները ՊՈԱԿ-ում պարբերաբար են արվում։ Բանն այն է, որ այստեղ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գալստյան օրվանից միայն մեկ տարում, տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՊՈԱԿ-ը կառուցվածքային փոփոխության է ենթարկվում արդեն 5-րդ անգամ:
Աշխատանքների բովանդակությունը, գոնե տեսանելի դաշտում, նույնն է, ոչինչ չի փոխվել, արդյունքների մասին կնախընտրենք լռել, իսկ մասնագիտական ռեսուրսների իմաստով՝ ՊՈԱԿ-ում ակտիվ փոխատեղումներ են, ինչպես ամենուր՝ ազատվող մասնագետներին գալիս են փոխարինելու հեղափոխական կադրերը:
Ավելի վաղ 168.am-ը գրել էր ՊՈԱԿ-ի քմահաճ ղեկավարի ակտիվ նախաձեռնությունների մասին՝ կրկնապատիկ աշխատավարձեր՝ 700 հազար դրամի հասնող, պարգևավճարներ, անհասկանալի և չպատճառաբանված փոփոխություններ, որոնք միտված են մի բանի՝ 30-ը չբոլորած քմահաճ ղեկավարի ճաշակը բավարարել է պետք:
2018թ. Փաշինյանի քայլարշավն ակտիվորեն լուսաբանած «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանը, երբ նշանակվեց «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար, առաջնահերթորեն իր ղեկավարած 150 հոգանոց կառույցի կառուցվածքը փոխեց:
2018թ. հուլիսի 1-ին իր կողմից կազմած նոր կառուցվածքն ինչ-որ պահի դուր չեկավ, որոշեց առոչինչ համարել, մինչև տարեվերջ երկրորդ փոփոխությանը ձեռնամուխ եղավ:
ՊՈԱԿ-ի կառուցվածքի ողջ սխեման քանդեց 2018թ. դեկտեմբերին ու նորից հավաքեց, մի երկու ամիս անց զգաց, որ սա էլ այն չէ, մտածեց, թե ՊՈԱԿ-ում իր բերած կադրերը «թույն են, իսկապես ճգնում են», բայց արդյունք չկա, որակ չի երևում, ուստի նրանցից ազատվելու փոխարեն՝ երրորդ կառուցվածքային փոփոխությունը ձեռնարկեց:
2019թ. հունվարին արված սխեման, պարզվում է, նորից «կիքսեր» է տվել, հետևաբար՝ մեկ տարում հինգերորդ անգամ ՊՈԱԿ-ը փորձության կենթարկվի, Հովհաննես Մովսիսյանի հնարած «լեգոների» խաղից այս անգամ ու գուցե վերջին անգամ վերջնականորեն դուրս կմղվեն կառույցի վերջին հնաբնակները, որից հետո ՊՈԱԿ-ը նրա համար կդառնա, ինչպես ասում են՝ «կոմֆորտնի զոնա»:
Այսպիսով՝ սեպտեմբերից հետո ՊՈԱԿ-ում չեն լինի ավելին հասկացողները, համակարգային մտածողներն ու նախկինի դրվածքի մեխանիզմով աշխատող ոլորտային վերլուծաբանները: Բացառված չէ, որ նորեկները դարձյալ հեղափոխական որոշ պաշտոնյաներ լինեն:
ՊՈԱԿ-ի մեր աղբյուրները փոխանցեցին, որ այս անգամ թիրախավորվածները հատկապես լրատվական բլոկի հնաբնակներն են՝ կառավարության «Հրապարակում» հաղորդաշարի ողջ թիմը և ՊՈԱԿ-ից որոշ վերլուծաբաններ:
Նշենք, որ կրճատումների մասին աշխատակազմը կցկտուր տեղեկացվել է դեռ մայիս ամսին, ընդ որում՝ ոչ պատշաճ ընթացակարգով: Ծանուցաթերթեր աշխատակիցները չեն ստացել, ճամպրուկային տրամադրություններով խուսափում են արձակուրդ գնալ:
ՊՈԱԿ-ի տնօրեն Հ. Մովսիսյանը հարկ չի համարել թեկուզ մի ժողովի ֆորմատով հանդիպել իր ղեկավարած կառույցի թվով 150 աշխատակիցների հետ և ենթականերին անձամբ տեղեկացնել վերակառուցման իր պլանների մասին: Եվ սա որքան էլ վրդովվեցրել է աշխատակազմին, միևնույն ժամանակ՝ չի զարմացրել, թեկուզ այն պատճառով, որ երիտասարդ ղեկավար նախկին լրագրողն առհասարակ իր շփումներում նախընտրում է հարաբերվել միայն «իրենց բարձր խավի» հետ:
ՊՈԱԿ-ում կոնտակտը բացառապես տեղակալների հետ է, մյուս ենթակաների հետ հարաբերությունները վերջերս հասցրել է նվազագույնի: Ավելին, ներսում պատմում են, որ միջանցքներում ենթակաների հետ Հ. Մովսիսյանի պատահաբար հանդիպումներն առաջվա պես ջերմ չեն, երիտասարդ շեֆը պատնեշ է դրել իր և աշխատողների միջև, սառը բարևից այն կողմ չի անցնում, բացի այդ՝ շփումներում վերապահումներ ունի, ՊՈԱԿ-ի ոչ բոլոր տղամարդկանց է բարևելիս ձեռք մեկնում:
Հեղափոխության ուժով ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնում նշանակված «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննեսին, աշխատակիցների խոսքով՝ ՊՈԱԿ-ի ՝ Օրբելի հասցեի հիմնական նստավայրում գրեթե չեն տեսնում: ՊՈԱԿ-ի երեք տարբեր հանգրվաններում շեֆն ամենասպասված հյուրն է երկար ժամանակ, կրճատվողները նրան դեմ առ դեմ հանդիպելու շանսեր չեն ունենում:
Ասում են՝ բազմազբաղ է, նրա արտասահմայնյան ուղևորություններն այնքան շատ են, որ աշխատակիցները նրա հանձնարարականները ստանում են տեղակալների միջոցով:
Կրճատումներին ստրատրոփ սպասողները փորձել են գոնե նոր հաստիքացուցակը տեսնել, մինչդեռ աշխատակազմում ՊՈԱԿ-ի վերակառուցման սցենարը գաղտնի է պահվում, հասանելի չէ ոչ մեկին: Միակ մատչելի խոսքը լսել են Արթուր Հովհաննիսյանից։ Վերջերս ՊՈԱԿ-ից դեպի ԱԺ գնացած տեղակալը՝ Արթուր Հովհաննիսյանը, ընկերաբար հասկացրել է մարդկանց, որ հույսեր չփայփայեն, կրճատումները մոտ են, ճամպրուկները հավաքել է պետք, քանի որ ՊՈԱԿ-ի նոր ղեկավարության ճաշակն ու հներինը չի համընկնում:
«Մինչև իմ դուրս գալը, այո, ես իմ կուրացիայի տակ գտնվող բաժինների աշխատակիցներին հավաքել և տեղեկացրել եմ իմ պատկերացրած կառուցվածքային փոփոխությունների մասին, որոնք այդ ժամանակ հաստատվել էին ՊՈԱԿ ղեկավարի կողմից: Ասվել է, որ նոր պահանջներ են դրվելու, և հաստիքներ պիտի փոփոխվեն: Առարկայական փոփոխություններն առնչվում են «Հրապարակում» հեռուստահաղորդման նոր ֆորմատին, Ֆեյսբուքում կառավարության ներկայացվածությանը, որն ապահովում էր Ֆեյսբուքում ունեցած էջը, ինչը, որպես ռեսուրս, նախկինում եղել է, սակայն չի գործածվել լիարժեքորեն, նախագծերին՝ «Մեր ժամանակների հերոս» հաղորդում, սոցիալական հոլովակներ, կարճ ու դինամիկ մարդկանց պատմություններ… Իսկ հաստիքները ֆունկցիոնալ առումով պիտի փոխվեին, որպեսզի նոր պահանջներին բավարարեր թիմը»,- կադրային կրճատումները 168.am-ի հետ զրույցում միայն իր անելիքների մասով այսպես պարզաբանեց ՊՈԱԿ ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ առկա ռեսուրսը չէր բավարարում իրեն: Հետևաբար՝ լրագրողական թիմին պիտի գար փոխարինելու սցենարիստների խումբը:
Փորձեցինք նրանից պարզել, թե ինչո՞ւ է ՊՈԱԿ-ն այսքան պարբերաբար փոփոխում իր անելիքներն ու կառուցվածքը, սա գալիս է վարչապետ Փաշինյանի փոփոխվող պահանջների՞ց, թե՞ ղեկավարն այդպես էլ իր անելիքները չի հասկանում, պատասխանեց, որ փոփոխություններն անհրաժեշտաբար են տեղի ունենում, ու պետք չէ դրանք սթրեսային համարել:
Փորձեցինք ՊՈԱԿ-ի հիմնադրած «Օրբելի» վերլուծական կենտրոնից հարցեր տալ, որի պաշտոնական բացումն ամիսներ առաջ էր եղել։ Փորձեցինք պարզել, թե ովքե՞ր են, ի վերջո, կենտրոնի հարյուր և ավելի աշխատակազմով ստեղծարար մտքերի հեղինակները, իշխող ուժի պատգամավորն ասաց, որ ինքն այդ թիմում չէ, ավելին, պնդեց նաև, որ ՊՈԱԿ-ի ստեղծած այդ խողովակով բյուջեից չի սնվում «Իմ քայլ»-ական ոչ մի պատգամավոր, փաստարկներ, սակայն, չներկայացրեց:
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ գրել էինք՝ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականում մի շարք պաշտոնյաների, անհատ գործիչների համար լրացուցիչ եկամտի աղբյուր է ստեղծել:
Այստեղով «կարիերնի ռոստ են նկարել» «Իմ քայլ»-ական մի շարք ակտիվիստներ, որոնք ժամանակի բերումով դարձան իշխող ուժի ավագանու անդամներ, պատգամավորներ ու պաշտոնյաներ։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ շատերի նշանակումից առաջ մեծ խնդիր է եղել քաղծառայողի պաշտոնի անձնագրի պահանջը՝ պետական կառավարման համակարգի փորձառությունը: Ահա այս բացը լրացնելու իմաստով ՊՈԱԿ-ն անուղղակիորեն բարենպաստ ազդեցություն է թողել մի շարք անկենսագիր գործիչների կյանքի որակի վրա: Այսօր նրանք պաշտոնյաներ են պետական բարձր օղակներում:
168.am-ին հայտնի է դարձել, որ նույն ՊՈԱԿ-ի ավելի քան կես միլիարդ դրամանոց բյուջեն ներկայումս, աշխատակազմից բացի, բաշխվում է ևս մի քանի այլ մարդկանց:
Կառավարության քաղծառայողներից մի քանիսը լրացուցիչ պայմանագրեր են կնքել այս ՊՈԱԿ-ի հետ: Որոշումը կայացվել է ավելի բարձր օղակից, իսկ նպատակը եղել է այն, որ «տքնաջան» աշխատող քաղծառայողները չոր աշխատավարձի հույսին չմնան, այս կերպ հատուցվեն:
Իսկ թե ովքե՞ր են այդ արտոնյալները, ինչո՞վ է հիմնավորվել նրանց առավել արդյունավետ աշխատանքը, հույս ունենք, որ այս անգամ մեզ գրավոր տեղեկանք կփոխանցվի ՊՈԱԿ-ից:
Սյուզի Բադոյան