Բաժիններ՝

Ո՞րն է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորման հարցի լուծումը

Երիտասարդ գիտնականներ Սուսաննա Գևորգյանը, Աստղիկ Զորյանը և Հրայր Ազիզբեկյանն այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էին, որ հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսավորումը, պատճառը, ըստ նրանց, Երիտասարդական հիմնադրամի հետ կապված խնդիրներն են եղել, որը հանդիսացել է հիմնական ֆինանսական խողովակը:

«Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանի փոխանցմամբ էլ՝ ԵԳԱԾ-ի ֆինանսավորումը չի դադարեցվել, պարզապես որպես կառույց՝ չի կարողանում ֆինանսավորումը բաժանել իր շահառուներին:

«Ֆինանսավորումը կա, պետբյուջեից ստանում են, այն չի դադարեցվել: Խնդիրը տեխնիկական է ու կապված է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» (ՀԵՀ) հետ: Եղել է մաքուր հաշվապահական գործ: ՀԵՀ-ը պայմանագիր է կնքել գիտնականների հետ, փոխանցել գումարը, ներկայացրել ֆինանսական հաշվետվություն, քանի որ ԵԳԱԾ-ն իրավաբանական մարմին չէր: Հիմնադրամի գործունեության դադարեցումից հետո չկար այն մարմինը, որը կստորագրեր, որպեսզի գումարը փոխանցեին: Երբեք այս մեկ տարվա մեջ «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի» գործունեության կասեցման ակնարկ չի արվել: Խնդիրը հիմնադրամն առողջացնելու մեջ էր: Մենք պարզապես կորցրեցինք մեկ տարի: Երիտասարդ գիտնականների մոտ ինչ-որ սպասումներ չարդարացան, ինչը ցավալի է»,- ասաց Արթուր Մովսիսյանը:

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է բաշխվել ամեն տարի «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրին հատկացվող 100 միլիոն դրամը, և պատրաստվո՞ւմ են դիմել, որպեսզի ֆինանսավորումն ավելացվի, Արթուր Մովսիսյանը պատասխանել էր.

«100 միլիոն դրամը երբեք չի բավարարել: Գիտության հարցերն այնքան բազմազան են, որ դա իրոք մեկ կաթիլ է: Տարբեր տարիներին ծրագրեր են եղել, բայց առյուծի բաժինը տանում են մի քանի հիմնական ծրագրեր. արտերկրում գիտաժողովների մասնակցություն, ՀՀ-ում միջազգային գիտական միջոցառումների կազմակերպում, ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների համար գումարի  տրամադրում, հոդվածների խրախուսման ծրագիր, գրքերի տպագրություն, դրամաշնորհային համագործակցություն, սարքավորումների ձեռքբերում: Ընթացքում հայազգի գիտնականների ենք հրավիրել Հայաստան, ովքեր դասախոսություններ են կարդացել: Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա այն, իհարկե, քիչ է, տարբեր ժամանակներ այն ավելացնելու խոստումներ ենք լսել: Մենք ամեն տարի ներկայացրել ենք գալիք ծրագրերը, ու համաձայն դրանց՝ մոտ 250 միլիոն դրամ է անհրաժեշտ»:

Կապ հաստատեցինք Գիտության պետական կոմիտեի  գլխավոր քարտուղար  Լևոն Մարդոյանի հետ, ով  դարձյալ նշեց, որ խնդիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ է կապված:

Հարցին, այդ դեպքում ո՞րն է այս հարցի լուծման տարբերակը, նա պատասխանեց.

«Դրա լուծման տարբերակներից մեկն այն է, որ «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի անդամների կողմից փորձագիտական խորհուրդ կազմակերպվի: 2001 թվականից գոյություն ունի կառավարության №  1923 որոշումը, համաձայն որի՝ կարող ենք մրցույթ հայտարարել, բայց փորձաքննությունը խորհուրդն անի, ու մենք ֆինանսավորենք: Միակ տարբերակը դա է, ու այս առաջարկն արվել է նրանց»:

Ինչ վերաբերում է ամենամյա 100 միլիոն դրամին, որը հատկացվում է ԵԳԱԾ-ին, Լևոն Մարդոյանը հայտնեց, որ եթե այդ գումարը չհատկացնեն, ու դա չծախսվի, ապա գնալու է պետական բյուջե:

«Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ քննարկվե՞լ է արդյոք փորձագիտական խորհուրդ ստեղծելու հարցը, նա հայտնեց, որ կոմիտեի տարբերակը քննարկվել է անցյալ տարի, երբ ՀԵՀ-ը չէր աշխատում, հիմա նման քննարկում դեռ օրակարգում չկա:

«Եթե նախարարությունը և  Գիտության կոմիտեն որոշեն այդ ֆորմատով ժամանակավոր լուծում տալ ծրագրին, մենք միայն ուրախ կլինենք»,- պատասխանեց Արթուր Մովսիսյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս