Շաբաթօրյակ «Նաիրիտում»՝ հանուն գործարանի վերաթողարկման
Նաիրիտցիները երեկ շաբաթօրյակ են իրականացրել «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքում։ «Նաիրիտի» համակարգող խմբից 168.am-ին տեղեկացրին, որ մասնակիցների թիվը սպասվածից ավելի էր:
Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շաբաթօրյակի նպատակն էր կառավարությանը ազդակ հղել, որ իրենք հանուն «Նաիրիտի» վերաթողարկման՝ պատրաստ են ամեն ինչի.
«Մենք վստահ ենք, որ հասնելու ենք մեր նպատակին և պատրաստ ենք ամեն ինչի, նախկինում նույնիսկ Հովիկ Աբրահամյանի ժամանակ պատրաստ էինք աշխատավարձի պարտքից հրաժարվել»։
Ըստ նրա՝ այսօր բավականին մեծ հույս կա, որ գործարանն ի վերջո կվերագործարկվի։ Կ.Իսրայելյանը նշեց, որ իրենց նախաձեռնությանը միացել է «Կամք» հասարակական միությունը՝ Վահագ Չախալյանի գլխավորությամբ, վերջինս նույնպես փորձում է ներդրողներ գտնել.
«2 կազմակերպություն ցանկություն են հայտնել ներդրումներ իրականացնելու և այժմ ծրագիրն են ուսումնասիրում, մոտ ժամանակներս, հնարավոր է՝ գան Հայաստան։ Ամենակարևորն այն է, որ գործարանի աճուրդը կանգնեցվել է, մաս-մաս չի վաճառվելու, այլ ամբողջական կվաճառվի այն կազմակերպությանը, որ ներդրումային ծրագիր կներկայացնի, որը կքննարկվի նաև մեր՝ նախաձեռնող խմբի հետ»։
Գործարանի նախկին աշխատակից Ենոք Վարդանյանի խոսքով՝ միջոցառման մասնակիցները համոզված են, որ «Նաիրիտն» աշխատելու է, և լծվել են տարածքի մաքրությանը։
Ջավահիր Այվազյանի կարծիքով՝ «նախկին նաիրիտցի» չի լինում շատ պարզ պատճառով.
«Նաիրիտցին նախկին չի կարող լինել, երբ մարդու ամբողջ գիտակից կյանքը կապված է եղել «Նաիրիտի» հետ՝ սկսած դիպլոմային պրակտիկայից, ավելին՝ մարդիկ իրենց ընտանիքներով էին «Նաիրիտում» աշխատում:
«Նաիրիտը» միայն աշխատատեղ չէր, դա մի ուրիշ աշխարհ էր, պետության մեջ պետություն էր՝ իր բոլոր կառույցներով: Գեղատեսիլ Աղվերանում աշխատակիցների հանգիստն էին կազմակերպում հանգստյան օրերին և արձակուրդներին, ուներ հրաշալի մանկապարտեզ, պոլիկլինիկա՝ իր բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմով, նաիրիտցին տարին մեկ անգամ համալիր բուժզննում էր անցնում աշխատանքի անվտանգ կազմակերպման շրջանակներում, գործում էր մշակույթի տունը, աշխատակիցներին ապահովում էին բնակարանով: Եվ երկրի տնտեսության համար կարևորագույն կառույցը սնանկ են ճանաչել և աճուրդի հանել: Բայց նաիրիտցիները լիահույս են, որ այսօրվա իշխանությունները ելքեր կգտնեն՝ տնտեսության համար այդքան կարևորագույն նշանակություն ունեցող գործարանը վերագործարկելու»: