Բաժիններ՝

«Պետք է հանրության սոցիալական խնդիրները լուծեն, որպեսզի նրանց աչքն անտառին չլինի». Բնապահպանը՝ անտառահատումների մասին

«Կարծում եմ՝ այսօրվա ընդունած լուծումն ադեկվատ է, բայց դրան զուգահեռ՝ պետք է մեծացնել նաև «Հայանտառի» ներուժը, քանի որ այնտեղ քիչ մարդ է աշխատում, հատկապես՝ պահպանության գծով, և նրանք ի վիճակի չեն լիարժեք իրականացնել վերահսկողությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան  Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև տեղի էր ունեցել բախում, որի արդյունքում հիվանդանոց էին տեղափոխվել ոստիկաններ և ակցիայի մասնակիցներ, շատերն էլ ձերբակալվել էին։

Դեպքերից հետո Իջևանի անտառներում հսկողությունն ուժեղացվել է, այս մասին օրերս Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր փոխոստիկանապետը։

Կարինե Դանիելյանի խոսքով՝ պետք է հանրության սոցիալական խնդիրները լուծեն, որպեսզի նրանց աչքն անտառին չլինի, նախ՝ պետք է սկսեն շրջանների գազիֆիկացման հարցը լուծելուց, քանի որ շատերն ի վիճակի չեն վճարելու գազի հիմնական ուղիներից գազն իրենց տները տանելու համար։

«Պետք է ավելացնել վերահսկողությունը, համոզված եմ, որ մեզ մոտ խոշոր բիզնես է զարգանում, որի արդյունքում տեղերում մարդիկ գումարով կտրում են ծառերը և հանձնում այդ բիզնեսն իրականացնողներին։ Այս հարցը մի քանի անգամ Կառավարությունում բարձրացրել եմ, ինչին ի պատասխան՝ ինձ միշտ ասել են, որ սխալվում եմ, քանի որ նման բիզնես մեզ մոտ գոյություն չունի։ Ինձ վստահեցրել են, որ տեղում միայն բնակիչներն են իրենց կարիքների համար ծառեր կտրում, բայց ինքս համոզված եմ, որ և՛ նա է տեղի ունեցել, և՛ նա»,- շեշտեց Կարինե Դանիելյանը։

Նա վստահ է, որ մինչև մարդկանց աշխատանքով չապահովեն, այդ խնդրին միշտ էլ բախվելու են, այդ պատճառով էլ պետք է երկու ուղղությամբ աշխատանք տարվի՝ մարդկանց աշխատանքով ապահովել և մեծացնել վերահսկողությունը։

Նա նաև ընդգծեց, որ անտառտնտեսության պահպանության համար նախատեսված օրենսդրությունը բավականին լավ է մշակված, այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ այդ օրենքները չեն օգտագործվում և պահպանվում։ Եթե այս օրենքները կիրառեն, ապա անտառներին մեծ օգուտներ կտան։

«Չնայած այս հատումներին, մենք տեսնում ենք, որ անտառներում տեղի է ունենում որոշակի ինքնավերականգնում, դա տիեզերքից էլ է երևում։ Անտառահատումները բացասական համալիր ազդեցություն է բնության վրա։ Անտառները ջրային ռեսուրսների կարգավորիչ առաքելություն ունեն, դա ենք կորցնում և կանգնում ենք անապատացման ռիսկի առջև, ինչն այս կլիմայական փոփոխությունների պայմաններում ավելի ենք խորացնում։ Մենք ունենք հարուստ կենսաբազմազանություն, որի մեծ մասն անտառներում է, եթե կորցնենք անտառները, կկորցնենք նաև կենսաբազմազանությունը»,- եզրափակեց նա։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս