«Ընթացքը գուցե հեղափոխական չէ, բայց մոտեցումների փոփոխությունը հեղափոխական է, և արդյունքը մոտ ապագայում կերևա»

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ

– Պարոն Թունյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ տնտեսական հեղափոխության տեսությունը և ռազմավարությունը ամբողջացած է։ Ի՞նչ է ասում այդ ռազմավարությունը և ե՞րբ հասանելի կլինի հանրությանը։

– Հայաստանի տնտեսական ռազմավարությունը դեռևս մշակման ավարտական փուլում է, վերջին նյուանսներն են հստակեցվում։ Կարծում եմ՝ սեպտեմբերին այն հասանելի կլինի հանրությանը՝ քննարկման համար։ Շատ համապարփակ և ընդգրկուն փաստաթուղթ է, այսինքն՝ դրանում մեր երկարաժամկետ հեռանկարներն են ու հնարավորությունները։ Շատերն ասում են՝ պարզ չէ՝ ուր ենք գնում, ինչ ճանապարհով պետք է նպատակին հասնենք։ Այդ բոլոր պատասխանները հնարավոր կլինի գտնել ռազմավարությունում։ Բայց այս պահին փակագծերը շատ չեմ կարող բացել, որովհետև դրա իրավասությունը չունեմ։ Ժամանակը գա՝ հասանելի կլինի։

– Ամեն դեպքում՝ մեր տնտեսությունն ո՞ւր է գնում։

Կարդացեք նաև

– Կարծում եմ՝ բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ հարուստ երկիր, արտահանմանն ուղղված տնտեսություն, բարեկեցիկ հասարակություն։ Ռազմավարությունն ասում է, թե այս փուլում ո՞ր ուղղությունների վրա ենք ավելի շատ շեշտ դնելու, ի՞նչ ճանապարհներով, ո՞ր ուղղություններն են, որ այդքան էլ կարևոր չեն լինելու, որովհետև հնարավոր չի բոլորը միանգամից զարգացնել։ Այսինքն՝ թիրախային ցուցանիշներ են լինելու, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում, թե միջնաժամկետ հեռանկարում ինչ ցուցանիշներ պետք է ունենանք։

– Միջնաժամկետ ծախսերի ծրագրում 2019 թ. ՀՆԱ-ն նշված է 5.4%, հաջորդ տարիներին՝ 5%-ի շրջակայքում է։ Արդյոք սա հեղափոխակա՞ն է, քիչ չի՞ այս աճը։

– Իհա՛րկե քիչ է։ Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ֆինանսական փաստաթուղթ է, ոչ թե տնտեսական, իսկ ֆինանսական փաստաթուղթը միշտ ավելի զգուշավոր է լինում։ Տարվա վերջում եթե փաստացի արձանագրված ցուցանիշները համեմատենք ՄԺԾԾ-ի հետ, տարբերությունն ակնհայտ է լինելու՝ թե՛ տնտեսական աճի առումով, թե՛ բյուջեի եկամուտների առումով։ Ուղղակի Ֆինանսների նախարարությունը նախընտրում է այնպիսի ցուցանիշներ ֆիքսել, որոնց համար, այսպես ասած, 100% երաշխավորած սպասելիքներ ունի։

Այսինքն՝ եթե դու ֆիքսում ես 10% տնտեսական աճ, ապա քո բյուջետային մուտքերն էլ ըստ այդմ պիտի աճեն։ Դրա համար ֆինանսների նախարարությունն ինքն իր ապահովության համար ավելի ցածր շեմեր է նշում, բայց եթե ընթացքում տնտեսական աճը սպասելիքներից ավելի բարձր է լինում, այդ ամենը վերանայվում է։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ տնտեսական աճի ցուցանիշը, իմ կարծիքով, ամենակարևորը չէ։

Օրինակ՝ ներկայումս 7% տնտեսական աճ կա, բայց շատ ավելի կարևոր է, թե այդ աճը որ ճյուղերի հաշվին է։

Ըստ ՄԺԾԾ-ի՝ առաջիկայում ծառայությունների ոլորտը մի քիչ փոքրանալու է, փոխարենը՝ շինարարության ու գյուղատնտեսության կշիռը մեծանում է, այսինքն՝ կառուցվածքային որոշակի փոփոխություններ են լինելու, բայց դա էլ միանշանակ չէ։ Այս ՄԺԾԾ-ն որոշակի իներցիոն բնույթ ունի, նախկին ծրագրերի տրամաբանական շարունակությունն է, բայց այն ենթակա է մշտական փոփոխությունների։

– Ձեր ընդդիմախոսներն ասում են՝ ո՞ւր է տնտեսական հեղափոխությունը, եթե ո՛չ ներդրումների աճ կա, ո՛չ արտահանման։

– Նախ՝ մեր ընդդիմախոսները պետք է հստակեցնեն, թե տնտեսական հեղափոխություն ասելով՝ ինչ նկատի ունեն։ Ներդրումներ կան, բայց քիչ են, և դրա պատճառները տարբեր են։ Գլխավորներից մեկը եթե նշեմ, այդ ընդդիմախոսներն այլ անկյունից կսկսեն քննադատել. խոսքն Ամուլսարի հանքի մասին է, որն ամենամեծ բացասական ազդակներից մեկն է, որ ստանում են միջազգային ներդրողները։ Այդ հարցն ԱԺ տիրույթում չի, բայց ուղղակի ազդեցություն ունի մեր տնտեսական ցուցանիշների վրա։

Եթե տնտեսական հեղափոխություն ասելով՝ նկատի ունեն մենաշնորհները, օլիգոպոլիան, իշխանություն-բիզնեսի սերտաճումը, շուկաների կառուցվածքը և այլն, ապա այստեղ տրամաբանությունն իրոք փոխվել է՝ օրենսդիր և գործադիր մարմիններում մեծամասնությունը բիզնես շահ չի հետապնդում, բիզնեսի զարգացմանը խոչընդոտող որևէ հանգամանք չկա, հարկային օրենսգիրքը զգալի թեթևացրել է բիզնեսի բեռը, դրա բարեփոխման երկրորդ փուլով ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն Հայաստանում գործարարության համար, և այլն։

Ընթացքը գուցե հեղափոխական չէ, բայց մոտեցումների փոփոխությունը հեղափոխական է, և արդյունքը մոտ ապագայում կերևա։ Արդեն իսկ կարելի է մի քանի փոփոխություն մատնանշել՝ կենսաթոշակների, աշխատավարձերի, նվազագույն աշխատավարձի բարձրացում, որ շարունակական է լինելու։ Սկզբունք է որդեգրվել՝ թոշակներն ավելի առաջանցիկ են աճելու, քան գները։ Մինչդեռ, նախկինում խնդիրներ կային, որ տարիներով չէին փոխվում։

– Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նաև ասել է, որ «տնտեսական հեղափոխությունը ՀՀ-ում իրականում շա՜տ շուտվանից է սկսվել, քաղաքական հեղափոխությունից առաջ»։ Այսինքն՝ նախո՞րդ իշխանություններն են սկսել տնտեսական հեղափոխությունը։

– Խոսքը կոնկրետ օրինակների մասին էր, այսինքն՝ կան առանձին գործարարներ, որ տնտեսական հեղափոխությունն ավելի շուտ են սկսել, որ չսպասելով ինչ-ինչ հանգամանքների, բիզնես են հիմնել և աշխատել են։ Եվ այս անհատական մոտեցումները կարող են օրինակ ծառայել մյուսներին։

– Նույն ընդդիմախոսներն ասում են՝ ինչքան էլ գեղեցիկ թվեր հրապարակեք, կյանքի որակը չի փոխվել։

– Օրինակ, բենզինի ակցիզային հարկի բարձրացման հետևանքով բենզինի 40 լումայով թանկացման ժամանակ այդ ընդդիմախոսներն ասում էին՝ սա զգալի հարված է անապահով խավին, բայց եթե աշխատավարձը 18% բարձրանում է, ասում են՝ դա ոչինչ չի նշանակում։ Պետք է ամեն ինչին երկակի ստանդարտներից դուրս նայել։ Որևէ մեկը չի ասում, որ թոշակների 10% բարձրացումը, կամ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելը կլուծի մարդկանց խնդիրները, և որևէ մեկը չի խոստացել կամ հավատացել, որ բոլոր խնդիրները միանգամից կլուծվեն։ Բայց քայլեր են կատարվում, և դա լինելու է շարունակական։ Կարելի է ամեն ինչ ինքնանպատակ քննադատել, բայց պետք է նաև նկատել առկա փոփոխությունը։

Մենք չենք ասում, որ թոշակը 40 հազար դրամից 44 հազար դառնալուց հետո թոշակառուները սկսելու են ավելի լավ ապրել, բայց պետք է հասկանալ՝ այս պահին մենք ունե՞նք այն ռեսուրսը, որ թոշակները միանգամից բարձրացվեն 80 հազար դրամ։ Բնականաբար, այդ ռեսուրսներն այս պահին չկան, և դա անելու համար կա՛մ պետք է պետական պարտքն ավելացնել, կա՛մ հարկերն ավելացնել։ Մասնագիտական դաշտում մեր ընդդիմադիր գործընկերները բավականին օբյեկտիվ են ու սահմանափակումներն ավելի լավ գիտեն։ Սակայն հրապարակային ելույթներում հեշտ է ասել որոշ բաներ, որ իրենք էլ լավ գիտեն դրանց հետ կապված օբյեկտիվ պատճառները։

– Վերադառնալով ներդրումներին՝ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ներդրումների բում է լինելու։ Որտե՞ղ են այդ ներդրողները, ինչո՞ւ են այս տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները ռեկորդային ցածր։

– Ներդրումները սպասված չափով չեն եկել, պատճառներից առնվազն մեկի մասին նշեցի։ Հույս ունեմ՝ կգան։ Կանխատեսում անելը դժվար է, բայց իրոք կան որոշ հանգամանքներ, որ շատ բացասաբար են ազդում օտարերկրյա ներդրումների ներհոսքի վրա։ Սակայն, եթե դիտարկենք ոչ միայն օտարերկրյա ուղիղ ներդրումները, այլ ընդհանուր ներդրումները, խոսքը մեր սեփական, ներքին խնայողությունների մասին է, ապա որոշակի դրական զարգացում ունենք։ Այսինքն՝ Հայաստանում կա մեծ ծավալի ազատ փող, որը պետք է ներդրվի բիզնեսում։

Վիճակագրությունը փաստում է, որ այդ տեմպերն ավելանում են և, եթե կարողանանք այս փուլում ներքին ռեսուրսների հաշվին ներդրումներ ապահովել և դրա շնորհիվ տնտեսական աճի հիմքեր ստեղծել, վատ չի։ Դա կգրավի նաև օտարերկրյա ներդրողներին։ Ամեն դեպքում՝ օտարերկրյա ներդրումները շատ կարևոր են, և պետք է ամեն ինչ անել, որ դրանք գան, ու Հայաստանը հետաքրքրություն ներկայացնի, բիզնեսմենի համար էլ շահավետ լինի գործունեություն ծավալել մեր երկրում, ոչ թե Վրաստանում կամ այլ երկրում։

Տեսանյութեր

Լրահոս