Բաժիններ՝

«Պարոն վարչապետ, դուք նաև Շիրակից սկսողների լավ օրինակներից մեկն եք». Շիրակի մարզպետ

«Մենք մեր համաժողովի մասնակիցներին բաժանել ենք երկու սեգմենտի՝ այն մարդկանց, ովքեր սկսել են Շիրակից, և այն մարդկանց, ովքեր պատրաստվում են սկսել Շիրակից: Պարո՛ն վարչապետ, Դուք նաև Շիրակից սկսողների լավ օրինակներից մեկն եք, և հուսով ենք, որ այս օրինակը վարակիչ կլինի:  Թվային տվյալներով չեմ ծանրաբեռնի, այսօր ցանկանում ենք ավելի շատ ցույց տալ Շիրակն այնպիսին, ինչպիսին կա, ցույց տալ մեր զգացմունքները, էմոցիաները»,- այս մասին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին իր ողջույնի խոսքում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Ապա ցուցադրվեց Շիրակի մարզի մասին պատմող ֆիլմ:

168.am ավելի վաղ տեղեկացրել էր, որ Գյումրիում մեկնարկել է «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը:

ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը նպատակ ունի ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջև բազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով:

Համաժողովը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը:

«Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի պաշտոնական մասն ունի շուրջ 300 մասնակից:

Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, արտերկրից 50 գործարարներ, տեղի 150 գործարարներ, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս