Բաժիններ՝

«Իջևանի բողոքավորների պահանջն էր՝ թուղթ ունենալ՝ այս ապօրինի ծավալները ոչ անտառապատ տարածքներ տեղափոխելու համար». Շրջակա միջավայրի նախարար

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Իջևանում երեկ տեղի ունեցած զարգացումներին՝ նշեց, որ մեկ տարի առաջ էլ հայտարարել էին, որ պետք է վճռականորեն կասեցնեն ապօրինի ծառահատումները, սակայն որոշ մարդիկ քմծիծաղ են տալիս ու մեկ-երկու օր անց շարունակում նույն գործողությունները:

Վարչապետը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է ապօրինի ծառահատողների պահանջների օրինականությունն ու արդարացիությունը:

Նախարարը նշեց, որ ԱԺ-ում վերջերս ընդունվեց Քրեական և վարչական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը, որով քրեականացվեց երկրորդ անգամ ծառահատումը և սողանցքները փակվեցին:

Ըստ նրա՝ երեկ բազմաթիվ անգամ ակցիայի մասնակիցներին բարձրաձայնվել է քրեականացման մասին:

Է.Գրիգորյանի խոսքով՝ բողոքավորների պահանջն էր՝ թուղթ ունենալ՝ այս ապօրինի ծավալները ոչ անտառապատ տարածքներ տեղափոխելու համար: Նա շեշտեց, որ խոսքը չի գնում այդ տարածքներում մարդկանց վառելափայտով ապահովելու մասին, որովհետև անվճար տրամադրվում է թափուկ վառելափայտ և բնակիչներին հնարավորություն է տրվում իրենց վառելիքի պահանջը բավարարել, իսկ ակցիայի պահանջն այդ հատված փայտը տեղափոխելն է: «Էդտեղ, իհարկե, լավ լուր էլ կա, նշանակում է՝ չեն կարողանում փող տալ ու անցնել»,- նկատեց վարչապետը: Նախարարի դիտարկմամբ՝ կասեցվել է նաև մի տոմսով բազմակի անգամ անտառհատում իրականացնելը: Նա նշեց, որ տասնյակ քրգործեր են հարուցված՝ անտառապետների դեմ, և այլն, հազարավոր հատված ծառեր են ֆիքսվում հիմա, մինչդեռ շատ երկար տարիների համար կան ֆիկտիվ թվեր, որոնք իրականության հետ կապ չունեն: Ոստիկանության հետ համատեղ աշխատանքը, կադրային փոփոխությունները, նախարարի խոսքով, փոխում են իրավիճակը:

«Սա Հայաստանի համար կենսական նշանակության հարց է,- ասաց Է.Գրիգորյանը և հավելեց,- Ամենայն խստությամբ և ուժեղ պատիժ պետք է նախատեսվի հիմա, որովհետև խոսքը չի գնում գյուղացիների կողմից իրենց սեփական կարիքների համար փայտ կտրելու մասին, ինչպես երկար տարիներ անընդհատ ներկայացվել է, որ հատումները չեն կարող նվազել, քանի որ գյուղացիներն իրենց տունը տաքացնելու և երեխաներին տաքացնելու համար այս միջոցառումները պետք է իրականացնեն: Սա ուժեղ խթան, կանխարգելիչ ազդեցություն կարող է ունենալ»: Ն.Փաշինյանի խոսքով՝ տպավորություն է, թե մարդիկ երկար տարիներ Իջանում, Տավուշում զբաղված են եղել փայտ կտրելով ու վաճառելով, սակայն ամենևին այդպես չի. «Դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որը երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց և, ըստ էության, այսօր գործ ունենք այդ ցանցի հետ»: Ն.Փաշինյանը չբացառեց, որ այս գործողությունները թիկունքից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, որոնք անխուսափելիորեն կրելու են քրեական պատասխանատվություն: «Ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու: Եվ այստեղ ես շատ հստակ խնդիրը դնում եմ իրավապահ համակարգի առաջ, և այստեղ ոստիկանության, ԱԱԾ, մյուս իրավապահ մարմինների գործունակության խնդիրն է դրված: Հայաստանի կառավարության հետ ոչ մեկը չի կարող շանտաժով խոսել, և գործնականում կյանքի կոչելը իրավապահ համակարգի խնդիրն է»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նկատելով, որ միայն ուժով չպետք է խոսել:

Նա օրինակ բերեց, որ Տավուշը տուրիզմի մեծ զարգացում ապահովող մարզ է, մարդիկ ուղղակի քայլում են անտառում, և բնակիչներին պետք է հասցնել, որ առանց անտառը կտրելու կարող են ապրել: Վարչապետը նշեց, որ անտառահատումների արդյունքում մի խումբ մարդիկ են հարստանում, իսկ բանվորների կյանքում որևէ բան չի փոխվում: Նա շեշտեց, որ անտառը պետք է լինի ոչ թե ոչնչացման միջոցով միջոցներ ձեռք բերելու աղբյուր, այլ՝ պահպանման միջոցով միջոցներ ձեռք բերելու աղբյուր:

Ն.Փաշինյանի խոսքով՝ անցած տարվանից քննարկում են այլընտրանքային վառելիք՝ բրիկետ-պելետների արտադրության հարցը, որը հաջողությամբ օգտագործվում է Իտալիայում, եվրոպական այլ երկրներում՝ բազմաբնակարան շենքեր ջեռուցելու համար: Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այլընտրանքային էներգետիկայի զարգացման ուղղությամբ ակտիվ քայլեր են իրականացվում, և դա ՀՀ-ում դինամիկ զարգացող ուղղություններից է, արևային էներգետիկան խիստ տարածում է գտնում գյուղերում, դա բավականացնում է տաք ջուր ունենալու համար:

Վարչապետը նշեց, որ թափուկների բաժանումն այս տարի ևս պետք է իրականացվի: Նա հետաքրքրվեց Պապիկյանից՝ ճի՞շտ է, որ ակցիայի մասնակիցներին աշխատանք է առաջարկվել ոչ վատ պայմաններով: Նախարարը հաստատեց և տեղեկացրեց, որ ճանապարհաշինարարության ոլորտում աշխատանք է առաջարկվել, կոնկրետ պայմանավորվածություն է եղել «ԱրարատՃանՇինի» հետ, և մոտ 200 հոգի աշխատուժի պահանջարկ կա: Ս.Պապիկյանի խոսքով՝ մարզպետն առաջարկը հնչեցրել է ակցիայի մասնակիցներին, սակայն նրանք չեն արձագանքել ու պնդել են իրենց պահանջը: «Տեղյա՞կ են բոլորը, որ այդ պահանջը չի կատարվելու»,- հարցրեց վարչապետը: «Այո, այդ հայտարարությունը երեկ արվել է այնտեղ»,- պատասխանեց Ս.Պապիկյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս