«Մյուսներն ո՞ւր են». Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանի դեպքերով պոտենցիալ բերման ենթարկվողների և չհայտնաբերվածների մասին
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Իջևանում տեղի ունեցած զարգացումներին:
«Ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք, բարեբախտաբար՝ ոչ շատ ծանր, 2 քաղաքացի է մարմնական վնասվածք ստացել: Այսպիսով՝ ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը: Միանգամից ասեմ, որ կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,- ասաց Ն.Փաշինյանը:
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, որ նոր է վերադարձել դեպքի վայրից, տեղեկացրեց, որ Լոռու և Տավուշի մարզերում ապօրինի անտառահատումների դեմ պայքարի միջոցառումներ են իրականացվում, տեղադրվել էին անշարժ պահակակետեր այն վայրերում, որտեղով կարող են տարվել հատված ծառերը, ինչը հարուցել էր ապօրինի ծառահատողների դժգոհությունը:
Ըստ նրա՝ երեկ Իջևան-Վրաստան մայրուղին և դեպի Երևան փողոցը մի քանի անգամ փակվեց և բացվեց, մոտ 500 հոգի պահանջում էին հանել այդ պահակակետերը և թույլ տալ ապօրինի ծառահատվածը հանել մազերից: Նա նշեց, որ 18:00-ի պայմաններում բավականին մեծ քանակով փակեցին մայրուղին, ոստիկանությունն օրենքի շրջանակներում պատնեշ էր կազմել և ուզում էր բացել փողոցները, և տեղի ունեցավ բախում՝ բողոքավորները քարերով ու մահակներով վնասվածքներ պատճառեցին ոստիկաններին և երկու քաղաքացու: Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ 8 հոգի հոսպիտալացված է, նրանցից 2-ը դեռ կմնան, 6-ը դուրս կգրվեն: Վ.Մովսիսյանի խոսքով՝ ոստիկանապետը որոշել է ավելի ուժեղացված ծառայություն իրականացնել և այժմ անձամբ գտնվում է այնտեղ, նաև ոստիկանական զորքերի մի մաս տեղափոխվել է Իջևան: Ըստ նրա՝ ակտիվիստների հետ բանակցությունների ժամանակ ոստիկանապետը բացառել է կատարել ապօրինի պահանջը՝ պահակակետերը հանել:
«Տվյալ պահին իրավիճակը վերահսկվում է, մայրուղիները բաց են»,- ասաց փոխոստիկանապետը՝ հավելելով, որ հարուցվել է քրգործ՝ խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով, 19 հոգի բերման է ենթարկվել, որոնցից 13-ն այս պահին ձերբակալված են, մնացածը ստորագրությամբ բաց են թողնվել:
Վարչապետը նկատեց, որ տվյալ դեպքում «ակտիվիստ» բառը պատեհ չէ օգտագործել, և պոտենցիալ բերման ենթարկվողների ցանկն ավելի լայն էր՝ շուրջ 36 հոգի կազմակերպիչներ. «Մյուսներն ո՞ւր են»:
Վ.Մովսիսյանը զեկուցեց, որ գիշերն օպերատիվ գործողություններ են իրականացվել, գնացել են նրանց տներով, բայց տեղում չեն եղել, նրանց հայտնաբերման աշխատանքները շարունակվում են:
Ն.Փաշինյանը հետաքրքրվեց՝ բացառվե՞լ է նրանց՝ ՀՀ տարածքը լքելը: Փոխոստիկանապետը դրական պատասխան տվեց և նշեց, որ հիմա էլ միջոցառումներ են իրականացվում նրանց հայտնաբերման ուղղությամբ: Ըստ նրա՝ գործը քննվում է Տավուշի մարզի քննչական վարչությունում: Նա չբացառեց, որ մի քանի հոգու բերման ենթարկելն ու ձերբակալելը կարող է նոր դժգոհության առիթ լինել, և մարդիկ կրկին փորձեն փողոց փակել: Դրա համար, ըստ փոխոստիկանապետի, հսկողությունն ուժեղացվել է:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը նշեց, որ այս գործողություններին իրավական գնահատական կտրվի: