Բաժիններ՝

«Այս ամենով չի կարող ավարտվել դեպի Սևան այցելությունները, դեռ վաղ է նման մտավախություններ ունենալը». Մեխակ Ապրեսյան

Հուլիսի 11-ին Առողջապահության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ քաղաքացիներին հորդորեց չլողալ Սևանա լճի այն տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում:

«Նման  ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ,  մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։
Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով հորդորել ենք չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում են ջրիմուռներ, արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում:

Չնայած նրան, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:

Ուստի, ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել այն տեղերում լողալուց, որտեղ ջրում առկա են ջրիմուռներ»,- նշել էր  նախարարությունը։

Հիշեցնենք, որ Սևանի ջուրը դարձել է կապտականաչավուն, իսկ լճի որոշ հատվածներում կան կապտականաչավուն ջրիմուռներ։

Այսօր Սևանի լողափերի մի շարք տնտեսվարողներ փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի Կառավարության անդամները հերքեն այն հայտարարությունները, որ Սևանում չլողան, քանի որ այն վտանգավոր է։

Սևանի քաղաքապետը և Գեղարքունիքի մարզպետը նույնիսկ լողացին լճում, ցույց տալու, որ այն վտանգավոր չէ առողջության համար։

168.amի հետ զրույցում «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» հ/կ նախագահ Մեխակ Ապրեսյանը, անդրադառնալով հարցին, թե այս ամենը որքանո՞վ կարող է ազդել զբոսաշրջիկների քանակի վրա, նկատեց՝ այս ամենով չի կարող ավարտվել դեպի Սևան այցելությունները, դեռ վաղ է նման մտավախություններ ունենալը։

«Սակայն փաստ է, որ կան մտահոգություններ, և բոլորս էլ այդ խնդրով մտահոգված ենք։ Հույս ունենք, որ մասնագետները, իրավասու մարմինները ժամանակին միջոցներ կձեռնարկեն և իրավիճակը կկարգավորեն։ Անհրաժեշտ է այդ միջոցառումներն իրականացնել, քանի որ Սևանը  ոչ միայն Հայաստանի ու տարածաշրջանի համար ունի մեծ նշանակություն, նրա նշանակությունը նաև համաշխարհային  է, որը մենք չենք կարող կորցնել։ Կարծում եմ՝ հարցը կարող է լուծվել»,- ասաց Մ. Ապրեսյանը։

Նրա խոսքով, երբ նախորդ տարի Սևանը կրկին նույն վիճակում էր, դեպի այնտեղ զբոսաշրջիկների հոսքի նվազում տեղի չունեցավ։

«Նման բան մի պահ եղավ, բայց իրավիճակն արագ կարգավորվեց, և առանձնապես նվազում տեղի չունեցավ։ Հուսանք՝ հիմա էլ նման կերպ կլինի»,- շեշտեց Մ. Ապրեսյանը։
Ըստ նրա՝ օտարերկրյա զբոսաշրջիկների համար Սևան այցելությունն առաջին տեղում է, հատկապես՝ սեզոնին։

«Չնայած դժվար է ասել, թե Հայաստանում որ վայրը գրավիչ չէ, սակայն Սևանը նաև ունի առաջնային գրավչություն։ Մենք պետք է հաշվի առնենք, որ Սևանը միայն զբոսաշրջային վայր չէ, այն կարևոր նշանակություն ունի տնտեսության, բնապահպանության և հասարակական տեսանկյունից»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս