Բաժիններ՝

«Եկամտահարկի համար առաջարկվող փոփոխություններով  հանրությունն արդարացիորեն մտահոգված է». Խոսրով Հարությունյան

Հունիսի 29-ին Ազգային ժողովը 73 կողմ և  32 դեմ ձայնով ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը։

Հարկային օրենսգրքի փոփոխություններով մինչ 2023թ. եկամտահարկը կիջեցվի մինչև 20%։ Եկամտային հարկի դրույքաչափն անընդմեջ կնվազի առաջիկա 5 տարում։ 2019թ. հուլիսի 1-ից՝ 23%, 2020թ. հունվարի 1-ից` 22%, 2021թ. հունվարի 1-ից` 21%, 2022թ. հունվարի 1-ից` 20.5%, 2023թ. հունվարի 1-ից՝ 20%։ Նախագծով շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչև 115 մլն դրամ։

ԱԺ Տնտեսական մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքով՝  Հարկային օրենսգիրքը տնտեսական քաղաքականության համար ունի անկյունաքարային նշանակություն, հենց միայն այն պատճառով, թե այդ ոլորտում քաղաքականությունն ինչպիսի՞ն է, և դրանով պայմանավորված ներդրումներ կատարելու, գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները կարո՞ղ են ավելանալ կամ նվազել։
«Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները և՛ դրական են, և՛ բացասական։ Դրականն այն է, որ փորձ է կատարվում աստիճանաբար մեծ տեղ տալ շրջանառության հարկին՝ կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության համար այդ հարկատեսակի էությունը, որն իրոք կարող է խթանել։ Դրական է նաև այն, որ մենք միկրոբիզնեսի համար ունենք հարկային որակապես նոր հնարավորություն, թեպետ կարծում եմ՝ 20 մլն-ն անբավարար է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Խոսրով Հարությունյանը։
Ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու  բացասական կողմերին, դրանցից Խոսրով Հարությունյանն առանձնացրեց եկամտահարկի համար առաջարկվող փոփոխությունները, որի հետ կապված՝ հանրությունն արդարացիորեն մտահոգված է։

«Ընդհանրապես եկամտային հարկի պրոգրեսիվ սանդղակից կարելի է անցում կատարել հարթ հարկման համակարգի, միայն մեկ նպատակով, եթե դա նպաստելու է՝ էապես կրճատել աշխատուժի ստվերային շրջանառությունը։ Ժամանակին, երբ քննարկում էինք Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները, մասնավորապես՝ եկամտահարկի,  ես և Վահրամ Բաղդասարյանն այն ժամանակ հանդես եկանք օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում էինք հիմնականում եկամտահարկի դրույքաչափը սահմանել 20 տոկոս։ Այստեղ հաշվի էինք առել երկու կարևոր հանգամանք, նախ, որպես կանոն, ստվերային շրջանառության մեջ ընդգրկված են այն աշխատողները, որոնք համեմատաբար ունեն ցածր վարձատրություն։ Մինչև 180-200 հազար աշխատավարձ ստացողներն են ընդգրկված ստվերային շրջանառության մեջ, դրանք ամենատարբեր ծառայություններ մատուցողներն են, որոնց ստվերում գործելը թե՛ գործատուի, թե՛ աշխատողի համար  մոտիվացված է, քանի որ հարկ չեն վճարում և ստանում են բարձր աշխատավարձ»,- շեշտեց Խոսրով Հարությունյանը։

Նա նկատեց, որ նման աշխատողները կազմում են աշխատող զանգվածի մոտավորապես 60 տոկոսը, հետևաբար՝ հարց է առաջանում, թե ի՞նչ պետք է անել, որպեսզի գործատուն մոտիվացվի և ստվերում չաշխատի։ Կա միայն մեկ տարբերակ՝ հարկային դրույքաչափը և շահութահարկի չափը պետք է դարձնել նույնը՝ 20 տոկոս։ «Մենք հասկանում էինք, որ բոլորինը պետք է դարձնել 20 տոկոս, սակայն նաև հասկանում էինք, որ սա լուրջ ճեղք կառաջացներ բյուջեում, ուստի գնացինք պրոգրեսիվ սանդղակի, այն է՝ մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար սահմանել 20 տոկոս, 500 հազարից ավելի բարձր ստացողների համար՝ 25 տոկոս։ Արդյունքում՝ ցածր աշխատավարձ ստացողները շահում էին, բարձր ստացողներն էլ էին շահում, բայց այդ չափով չէ։ Այսպիսով՝ մենք մի կողմից՝ պահում էինք պրոգրեսիվությունը, մյուս կողմից՝ հավասարությունը։ Այսօր առաջարկում են 23 տոկոս և հայտարարում, որ ժամանակի ընթացքում կնվազեցնեն, այստեղ ըստ էության եկամտային հարկն աշխատեց հօգուտ  բարձր եկամուտ ստացողների»,- հավելեց Խոսրով Հարությունյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս